The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՔոփիՓաստ
Ապրիլ 23, 2011
Անկեղծ կեղծում. հեղինակի իրավունքը խախտում են, բայց «դա էլ մեր գործն է»
Սոնա Հարությունյան
«ՋեյՆյուզ»
Անկեղծ կեղծում. հեղինակի իրավունքը խախտում են, բայց «դա էլ մեր գործն է»

Հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներով որևէ ձայնասկավառակի, խտասկավառակի գովազդի ժամանակ պարտադիր տրվում է հետևյալ հավելումը` «գնեք միայն արտոնագրված, հոլոգրաֆիկ նշանով սկավառակները»:

Սա խոսում է այն մասին, որ շուկան լիքն է ոչ արտոնագրված, կամ ինչպես ընդունված է ասել «պիրատական» արտադրանքով, որտեղ հեղինակային իրավունք ասվածն ընդհանրապես չի հիշատակվում:

Այսօր յուրաքանչյուր խանութում, գետնանցումում կարելի է գտնել կամայական սկավառակ`ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության: Իհարկե, խոսքը դրանց ոչ արտոնագրված տարբերակի մասին է, ընդ որում, օրիգինալից մի քանի անգամ մատչելի գնով` 700-1000 դրամով: Դրանց հեղինակները` «պիրատները», իրենց արարքը արդարացնում են նրանով, որ արտադրանքի ոչ օրիգինալ տարբերակն ավելի մատչելի և հասանելի է քաղաքացու գրպանին, իսկ սկավառակի հեղինակի իրավունքներն իրենց քիչ են հուզում:

2011 թ-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը, որի լիարժեք կիրառման դեպքում «պիրատական» սարդոստայնը հօդս կցնդի և խանութներում կվաճառվեն միայն արտոնագրված, հոլոգրաֆիկ նշանով սկավառակներ, իսկ հեղինակների իրավունքները պաշտպանված կլինեն:

Մինչդեռ երևանյան սկավառակ վաճառող մի քանի խանութների և գետնանցումների հարակից հատվածներում սկավառակի սեղանիկների աշխատողները միաբերան պնդում են, որ նոր օրենքը կմոնոպոլիզացնի այս բիզնեսը:

«10-15 տարի այս գործով զբաղվողներին խաղից կհանեն, որից հետո մի 3 ամիս անց բնակչության բողոքների հիման վրա կհայտնվի կիսաօլիգարխիկ որևէ մեկը, ով պատրաստ կլինի բարձր ատյանների հետ գործարքի մեջ մտնել և սկավառակների մեծ խանութ բացելով` իր ձեռքը կվերցնի ողջ գործը: Նպատակը ոչ թե «պիրատական» ապրանքի դեմ պայքարելն է, այլ մեզ խաղից հանելը: Թե չէ պիրատությունը կա ու կլինի»,- ասում է Երևանի սկավառակների խանութներից մեկի տնօրենը:

Անդրադառնալով հեղինակային իրավունքին` վերջինս ասաց, որ, իհարկե, ընդունում է, որ իրենք խախտում են ստեղծագործողների և կատարողների իրավունքները, բայց ոչինչ չեն կարող անել, դա էլ իրենց գործն է:

Նոր օրենքը, ըստ սկավառակ վաճառողների, դաշտը չի կարգավորի, քանի որ դրա դեմ պայքարող համապատասխան ծառայությունները «պիրատական» սկավառակներ արտադրողների հետ գործարքի մեջ են:

Երգահան Արա Գևորգյանը, ով գրեթե ամեն օր առնչվում է հեղինակային իրավունքի ոտնահարման դեպքերի հետ, երանի է տալիս, որ այս նոր օրենքը իսկապես սկսի գործել. «Երանի ամեն ինչ լիներ այնպես ինչպես նախատեսված է նոր օրենքում: Երանի այդ նոր օրենքը շատ արագ մտնի ուժի մեջ և սկսի կիրառվել, որից կօգտվեն և հեղինակները, և պետությունը»:

Արա Գևորգյանը կարծում է, որ այսօր հեղինակային իրավունքի վիճակը Հայաստանում խայտառակ է. «Հայաստանը «պիրատության» մեջ «լավագույն ու ամենաբարձրակարգ» տեղերն է գրավում, բայց այդ դաշտը վերջապես պետք է կարգավորվի»,- ասում է երգահանը:

Անդրադառնալով «պիրատների» այն դիտարկմանը, թե CD-ների կամ DVD-ների օրիգինալ տարբերակն ավելի թանկ է, և հետևաբար իրենք ստեղծում են համեմատաբար էժանը, որ հասանելի լինի քաղաքացիներին, Գևորգյանն ասում է, որ դա էլ նրանց չի արդարացնում և իրավունք չի տալիս կեղծել իր աշխատանքը. «Կոնկրետ իմ ձայնասկավառակները տպվում են ամերիկյան բարձրակարգ թանկարժեք գործարաններում և բնականաբար շատ թանկ գեղարվեստական ձևավորում ունեն, որտեղ գրված է, թե ովքեր են նվագում, ինչ աշխարհահռչակ երաժիշտներ: Սակայն շատ կարճ ժամանակ անց ես մեր շուկայում տեսնում եմ իմ ձայնասկավառակը առանց այդ անունների ու ձևավորման: Իսկ չէ՞ որ ես վճարել եմ հենց այդ անունների համար»:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել