The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Ապրիլ 12, 2011
Սեղմել «Երկրի» զարկերակը. պատգամավորները պատժում են իրենց ընդունած օրենքներով
Աղավնի Եղիազարյան
«ՋեյՆյուզ»
Սեղմել «Երկրի» զարկերակը. պատգամավորները պատժում են իրենց ընդունած օրենքներով

«Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» դատական գործը կշարունակվի ապրիլի 21-ին: Նման որոշում կայացրեց Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը ապրիլի 11-ին նշանակված դատական նիստի ժամանակ` պատասխանող կողմի բացակայության պատճառով:

Պատասխանող կողմը դատարան եկավ 7 րոպե ուշացումով, բայց դատավորի որոշումը մնաց անփոփոխ:

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր» օրաթերթին` իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: «Երկիր»-ի «131 դեմք ու դիմակ» խորագիրը ներկայացնում է ԱԺ 131 պատգամավորներին. այս տարվա հունվարի 13-ի համարի հերթական հոդվածը ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին էր:

Պատգամավորի կարծիքով` օրաթերթը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին` անվանելով իրեն «ստիլյագա», «Քյավառա բարբառով խոսող», նաև մեջբերել է նախկին վարչապետ, Երևանի կոնյակի գործարանի նախկին փոխտնօրեն Հրանտ Բագրատյանի խոսքերը, թե «այդ լակոտը իր արտադրած կոնյակով խայտառակում է Հայաստանը Ռուսաստանում»:

Տիգրան Արզաքանցյանը «զրպարտություն» է որակել «Երկիր»-ի հոդվածում արված պնդումները, թե նա «ռուս գեղեցկուհիներ է Հայաստան տանում-բերում», «կազինոների մշտական հաճախորդ է», «ծեծ ուտելու սովորություն ունի» և «անցնող նստաշրջանի ընթացքում ընդամենը մեկ անգամ է երևացել Ազգային ժողովի միջանցքներում»:

Հայցվորի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Հովսեփյանի փոխանցմամբ` Արզաքանցյանը զրպարտության և վիրավորանքի համար որոշել է թերթից գանձել օրենքով նախատեսված տուգանքի առավելագույն չափը, քանի որ թերթը չհիմնավորված արտահայտություններով բացասական տպավորություն է ստեղծում պատգամավորի մասին:

Փետրվարին դիմելով դատարան` Արզաքանցյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել «Երկիր» օրաթերթին լրիվ կամ մասնակի հրապարակել այս գործով դատարանի վճիռը և պատգամավորի ներկայացրած պատասխանը, ինչպես նաև օրաթերթից բռնագանձել 3 մլն դրամ որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով նրա պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում (1 մլն.` վիրավորանքի, 2 մլն. զրպարտության համար): Պատգամավորը պահանջում է նաև, որ օրաթերթից բռնագանձեն ևս 568 հազար դրամ` դատական ծախսերի համար (փաստաբանական ծառայության վճար և պետական տուրքի գումար):

«Երկիր»-ն իր հերթին պնդում է, որ տպագրված բառերն ու արտահայտությունները մեջբերումներ են կա'մ ուրիշի խոսքից, կա'մ այլ լրատվամիջոցներից և կենսագրությունից բխող որոշակի եզրահանգումներ են, որի իրավունքը ցանկացած լրատվամիջոց ունի:

Որպես հայցագնի երաշխիք՝ դատական գործի շրջանակներում ԴԱՀԿ ծառայությունը արգելանք է դրել «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, օտարել է և արգելել այն տնօրինել:

«Երկիր» օրաթերթը շարունակում է իր գործունեությունը, քանի որ նրա դրամական միջոցներն արգելանքի տակ չեն:

Վերջերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Հրապարակ» օրաթերթի դեմ նույն` զրպարտության և վիրավորանքի հոդվածով հայցադիմումի հետևանքով արգելանքի տակ էր «Հրապարակ»-ի ոչ միայն գույքը, այլ նաև ֆինանսական միջոցները: Արգելանքը հանվել է միայն այսօր և այժմ թերթը կարող է շարունակել իր գործունեությունը:

2010թ.-ի մայիսին զրպարտության և վիրավորանքի հոդվածները քրեական օրենսգրքից տեղափոխվեցին քաղաքացիական օրենսգիրք, և սահմանվեց ավելի մեծ տուգանք: Այս փոփոխությունից անցել է գրեթե մեկ տարի, սակայն արդեն տասից ավելի դատական գործեր են հարուցվել ԶԼՄ-ների դեմ:

«Այս հոդվածները ապաքրեականացնելու դրական փոփոխությունը բերեց բացասական հետևանքի, որովհետև մենք սայլը ձիուց առաջ դրեցինք. դեռևս անկախ դատական համակարգը չկայացած, որոշեցինք դատական կարգով խնդիրներ լուծել»,- այսպես է իրադրությունը գնահատում Աշոտ Մելիքյանը` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նույնպես կարծում է, որ մեր դատական համակարգը պատրաստ չէր կիրառելու համապատասխան օրենսդրական դրույթները և միջազգային փորձի նախադեպերը:

«Այս պահի խնդիրը ցանկացած ճանապարհով դատարանների պրակտիկան փոխելն է` դատավորների համար դասընթացների, սեմինարների, փորձագետների խորհրդատվությունների ապահովումը: Ավելի երկարատև խնդիր է օրենսդրական բարեփոխում իրականացնելը»,- կարծում է Նավասարդյանը:

ԶԼՄ-ների դեմ հայցերի քանակը չավելացնելու և իրադրությունը շտկելու համար փորձագետները համարում են, որ անհրաժեշտ են, թերևս, եռակողմ քայլեր` որակյալ լրագրողական աշխատանք, օրենսդրական բարեփոխում և դատարանների կողմից այս հայցերի մանրակրկիտ ուսումնասիրություն` քաղաքական հաշվեհարդարի գործիք չդառնալու համար:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել