The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Հոկտեմբեր 4, 2011
Կա՞ մեկը, ով հաճույքով է թերթ կարդում Հայաստանում
Զարուհի Սանայան
«ՋեյՆյուզ»
Կա՞ մեկը, ով հաճույքով է թերթ կարդում Հայաստանում

Հայերը թերթ կարդալու առանձնապես մեծ սիրահար չեն, հատկապես Հայաստանում և հատկապես հայկական թերթ, ու սա բոլորին է հայտնի: Պատճառը գուցե տեխնոլոգիական առաջընթա՞ցն է: Բա մինչ ա՞յդ: Հիմա է, որ համացանցի առկայության շնորհիվ ցանկացած պահի կարող ես կարդալ քեզ հետաքրքրող թեմաները, մինչդեռ թերթը գնելու պահին այնտեղ զետեղված նորությունները հաճախ արդեն իսկ կորցրած են լինում «նորություն» կոչվելու իրենց իրավունքը: Բայց, այնուամենայնիվ, Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր նախընտրում են թերթ կարդալ:

Թերթը, իհարկե, լավ է, բայց ըստ իս այն իրեն սպառել է: Չնայած իմ դասախոսների հորդորներին, թե լրագրողը պետք է թերթ կարդա, ես իմ լուրերը որսում եմ համացանցում կամ, ծայրահեղ դեպքում, հեռուստացույցով ու վստահ եմ, որ շատերն են այդպես վարվում: Իսկ շատերի համոզմունքը, թե «եթե լրագրող ես, ուրեմն պետք է թերթ կարդաս», ինտերնետը չհասկանալու ու հին ավանդույթներից ձերբազատվել չցանկանալու միտումն է: Դա ինձ հիշեցնում է դասախոսներիցս մեկին, ով արգելում էր տպագիր ռեֆերատ հանձնել իրեն:

Թերթն ուրիշ է այն մարդկանց համար, ովքեր տեխնոլոգիաներին լավ ծանոթ չեն, կամ ծայրահեղ դեպքում գտել են մի թերթ, որը հետաքրքիր է: Ես այդպիսին դեռ չեմ գտել:

Ուշագրավ է այն փաստը, որ արտասահմանյան մի շարք երկրներում, չնայած գիտատեխնիկական առաջընթացին, թերթը շարունակում է պահպանել իր դերը: Պատճառը խմբագիրների ու լրագրողների պրոֆեսիոնալիզմն է, ովքեր տեխնիկական առաջընթացն օգտագործում են հենց տպագիր մամուլը զարգացնելու համար ու պահպանում են թերթի որակն ու պահանջարկը:

Հայաստանյան թերթի կրպակներից ինձ վանող հիմնական պատճառը թերթերում առկա նյութերի չափազանց քաղաքականացված լինելն է: Քաղաքականություն կարելի է գտնել թե' հասարակություն, թե' տնտեսություն ու թե' անգամ մշակույթ բաժիններում: Թվում է չկա մի լուր, որից չարվեն քաղաքական բնույթի եզրակացություններ: Վանող են նաև հաճախ հանդիպող անճաշակ ու անտեղի վերնագրերը: Նախորդ շաբաթ իմ գնած «Իրավունք» թերթի  միակ օրինակի «Մշակույթ» բաժնում մի նյութ կար` վերնագրված «Հայերի` Հայաստանից գնալու պատճառն անգործությունն է»: Նյութը Մարթեն Յորգանցի Հայաստան կատարած այցի մասին էր: Տրամաբանական հարց է առաջանում` ինչո՞ւ:

Ինձ համար թերթն արդյունավետ չէ այնքանով, որքանով որ այն միակողմանի մոտեցում է ցույց տալիս: Դե բնականաբար, մի թեմայի շուրջ մի լրագրող է աշխատում, իսկ համացանցում մի նյութը կարող ես կարդալ տասնյակ տարբեր կայքերում ու ինքդ քեզ համար եզրակացություններ անել` թույլ չտալով, որ քո փոխարեն մտածի լրագրողը:

Այսպիսով, թերթը հայաստանյան իրականության մեջ իրեն աստիճանաբար սպառում է, ու մի քանի տարի հետո թերթ վաճառելու համար խմբագրությունները գուցե վերջապես ստիպված լինեն դիմել ծայրահեղ քայլի, այն է` պրոֆեսիոնալիզմի: 

Զարուհի Սանայանը սովորում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել