The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
July 4, 2014
Շաբաթվա ցանցահոս. Հիտլերի «Mein Kampf»-ի հրատարակումը կարող է վերսկսվել
Image source: http://rationalwiki.org/

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արդարադատության նախարարությունը պլանավորում է երկարացնել Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» (հայ.` «Իմ պայքարը») գրքի հրատարակման արգելքը, գրում է Spiegel-ը: Գրքի հեղինակային իրավունքի ուժը սպառվում է 2015թ., այսինքն՝ 2016թ. հունվարի 1-ից՝ հեղինակի մահվանից 70 տարի անց, այն կարող է դառնալ հանրային:

Գերմանիայի պաշտոնյաները որոշել են թույլ չտալ «Mein Kampf»-ի նոր հրատարակությունը, սակայն թե ինչպես դա կանեն, դեռ հայտնի չէ: Այս տարվա աշնանը գրքի հրատարակման գործով կսկսի զբաղվել Գլխավոր դատախազությունը:

«Mein Kampf»-ը Գերմանիայում չի հրատարակվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: Գիրքը համարվում է նացիստական հանցագործությունների խորհրդանիշ: Որոշ աղբյուրներ նշում են, որ «Mein Kampf»-ի օտարալեզու հրատարակությունների և թարգմանությունների գործը նույնպես խճճված է: Բավարիայի իշխանությունները բազմիցս փորձել են արգելել գրքի հրատարակումն արտասահմանում՝ ասելով, որ հեղինակային իրավունքներն իրենց է պատկանում: Օրինակ՝ Լեհաստանում նրանք կարողացան արգելել գրքի երրորդ հրատարակումը` 2005 թվականին: Սակայն մի շարք այլ երկրներում, ինչպիսիք են` Շվեդիան, ԱՄՆ-ն, Ավստրիան, Ֆրանսիան և Կանադան, գիրքը ազատ հրատարակվում է և տարածվում: «Mein Kampf»-ն ամենաշատը տարածում է գտել Հնդկաստանում և Թուրքիայում: Նույնիսկ գրքի էլեկտրոնային տարբերակներ են տարածվել Amazon և Barnes & Noble կայքերում՝ այդպիսով հասանելի դառնալով նաև Գերմանիայում:

 

Ֆեյսբուքը խոստովանել է, որ օգտատերերին փորձարկման է ենթարկել

Ֆեյսբուքը փորձարկման նպատակով, օգտատերերից մի քանիսի պատերից, առանց նախապես զգուշացնելու, հեռացրել է դրական բովանդակություն ունեցող հաղորդագրությունները, մյուսներից՝ բացասականները: Փորձարկման արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է «Proceedings of the National Academy of Sciences» ամսագրում: Նման փորձարկման արդյունքում պարզվել է, որ օգտատերերի տրամադրությունը ուղղակիորեն կապված է իրենց ընկերների տրամադրությունից: Պարզ է դարձել, որ մեկ շաբաթվա ընթացքում այս փորձարկումն իրականացվել է շուրջ 700 օգտատիրոջ շրջանում:  

231 Սակայն դա վրդովմունքի ալիք է բարձրացրել, հաղորդում է Tvrain.ru-ն, քանի որ փորձարկման ենթարկվածները  պնդում են, որ այդ մասին իմացել են գիտական ամսագրում հոդվածի հրապարակումից հետո: Վրդովմունքի պատճառն այն է, որ փորձարկման ժամանակ շահարկվել են մարդկանց էմոցիաները: Օգտատերերից Քրիստո Քոնտինո Քրանը նշում է անգամ, որ սոցցանցը պետք է փորձարկման մասնակիցներին դրամական փոխհատուցում տա, քանի որ այն կարող էր վատացնել մարդկանց հոգեվիճակը, դեպրեսիայի մեջ գցել և ստիպել դիմել բժշկի: Սակայն փորձարկման հեղինակները համոզված են, որ չեն խախտել ո՛չ օրենք, ո՛չ էլ էթիկայի կանոններ:

Ֆեյսբուքի գործընկեր և փորձարկման հեղինակ Ադամ Քրեմերը ստիպված է եղել իր էջում գրառում կատարել՝ ներողություն խնդրելով օգտատերերից և ասելով, որ փորձարկման միակ նպատակը եղել է բարելավել հրապարակվող ինֆորմացիան:

 

Միացյալ Թագավորությունում կոչ է արվում կինոթատրոններում արգելել Google Glass-ը

Ֆիլմեր ցուցադրողների ասոցիացիայի տնօրեն Ֆիլիպ Քլափը կոչ է արել Միացյալ Թագավորության կինոթատրոններում արգելել Google Glass կրելը: Ասոցիացիան արգելք դնելու իրավասություններ չունի, սակայն, ինչպես հաղորդում է BBC.com-ը, այն չի դադարում ֆիլմ արտադրող ընկերություներին նման կոչեր հղել:

Գուգլի առաջարկն է արգելքի փոխարեն խնդրել ակնոցը կրողներին պարզապես անջատել դրանք` ֆիլմը սկսվելուց առաջ: Հայտարարության մեջ ընկերությունը նշել է, որ Google Glass-ը, որը խելացի ակնոց է և կարող է տեսագրել, պետք է դիտարկել որպես սովորական փոքր սարք, ինչպես, օրինակ, հեռախոսը: Գուգլը նաև պնդում է, որ Google Glass-ը չի կարող օգտագործվել գաղտնի տեսագրության համար, քանի որ ակնոցը դրվում է աչքերից վեր, իսկ ձայնագրության պարագայում լուսային ազդանշան է միանում:

 

Պետդուման արգելում է ՌԴ քաղաքացիների անձնական տվյալների պահպանումը երկրից դուրս

 Ռուսական Դուման ընդունել է օրենք, համաձայն որի, ինտերնետ ծառայության պրովայդերները պետք է պահպանեն ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները երկրի ներսում: Օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Եթե այն ընդունվի նաև Դաշնային խորհրդի կողմից, ապա ուժի մեջ կմտնի 2016 թ-ից: Սա նշանակում է, որ, օրինակ, Google-ը և Twitter-ը ստիպված կլինեն տվյալների մշակման կենտրոններ բացել նաև Ռուսաստանում, եթե ցանկանում են օրինական գործել Runet տիրույթում, հայտնում է Gigaom.com-ը:

Ավելին, Lenta.ru-ն հաղորդում է, որ հեռահաղորդակցության կարգավորող Ռոսկոմնադզորը կարգելափակի բոլոր ծառայությունները, որոնք չեն ենթարկվի օրենքին: Այլ կերպ ասած՝ սա գուցե հիմք հանդիսանա մի քանի տարի անց Ռուսաստանում այլ խոշոր միջազգային վեբծառայությունների փակման համար:

Վերջին շրջանում Ռուսաստանը աչքի է ընկել համացանցում ազատության սահմանափակումներով՝ փակելով անկախ մեդիա հրատարակություններ, արգելելով անպարկեշտ արտահայտությունների օգտագործումը և բանտարկությամբ սպառնալով նրանց, ովքեր համացանցում «ծայրահեղականություն» կդրսևորեն: Բացի այդ, ստեղծել է նաև Sputnik որոնողական համակարգը, որով պաշտոնական Մոսկվան ցանկանում է նվազեցնել ամերիկյան որոնողական կայքերի ազդեցությունը Runet տիրույթում:

Պատրաստեց Աննա Խաչատրյանը

Աղբյուր` Jnews.am

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել