The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մարդ
Մայիս 19, 2016
Նյութականությունից՝ ոգեղենություն. Այստեղ չնկարել չես կարող
Քնարիկ Մարտիրոսյան
Ուսանողի հայացք
Նյութականությունից՝ ոգեղենություն. Այստեղ չնկարել չես կարող

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը Թումանյանի այգում կներկայացնի կենտրոնի սաների նկարչական աշխատանքները: Բացօդյա ցուցահանդեսը «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի համար առաջինն է, որի ընթացքում կներկայացվեն սաների նկարչական աշխատանքները: Թեման` կենդանական աշխարհը:

Սոցիալական ուղղվածություն ունեցող «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը գործում է Երևանում 2014 թվականից: Այստեղ տարբեր տարիքային խմբերի շուրջ 25 երեխա սովորում են ակադեմիական գեղանկարչության հիմունքներ: Հաճախող երեխաների հիմնական մասը անապահով ընտանիքներից է, և դասերը նրանց համար կազմակերպվում է անվճար հիմունքներով:

Կենտրոնի հիմնադիր Մարիամ Մուղդուսյանը ասում է, որ արվեստի կենտրոն բացելու գաղափարը ծնվել է մեկ այլ արվեստի կենտրոնում անապահով երեխաների հետ աշխատելու ընթացքում: Երեխաների հետ աշխատանքը Մարիամի համար ելակետային է դառնում, և ծնվում է սեփական արվեստի կենտրոնն ունենալու երազանքը: Սկզբնական շրջանում Մարիամը իր երազանքին հավատացող մի քանի ընկերների օգնությամբ վարձակալում է տարածք, որի վերանորոգման աշխատանքները կատարվում են մոտ 25 կամավորների մասնակցությամբ:

«Ֆեյսբուքում գրում էի, որ ունեմ այսպիսի գաղափար, նրանք, ովքեր հավատում են այս գաղափարին, թող միանան, և միասին նորոգենք տարածքը: Եվ միացան, միասին նորոգեցինք, ու կենտրոնը սկսեց իր գործունեությունը` շեշտադրումը դնելով սոցիալական ուղղության վրա»,- պատմում է Մարիամը:

Սոցիալական ուղղվածության նկարչական դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը Մարիամը փորձում է հոգալ` զուգահեռ մեծահասակների համար վճարովի նկարչության դասեր կազմակերպելով:  

Կենտրոնն աշխատում է մի քանի ուղղություններով` նկարչության դասեր, կավագործություն, երաժշտություն: Չնայած որ կենտրոնի տարածքը շատ փոքր է, բայց նախատեսվում է, որ շուտով այստեղ կգործեն նաև արվեստի պատմության գրադարանն ու թատերական խմբակը:

205 «Մուղդուսյան» կենտրոնի առաջնահերթություներից մեկը ներառական կրթությունն է: Այս իմաստով կենտրոնը ապահովում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաների` հասարակական կյանքին ինտեգրումը, այլ նաև հաշմանդամություն չունեցող երեխաներին կրթելը ու սովորեցնելը, որ գոյություն ունեն հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր գուցե չեն քայլում, խոսում կամ լսում, բայց նման մարդկանց հետ հանդիպումն ու շփումը չպետք է վախեցնի նրանց:

Կենտրոնի տարածքում իրենց պարապմունքներն են անցկացնում նաև «Նաիրյան» վոկալ անսամբլի սաները: Կազմակերպվում են նաև վարպետության տարբեր դասեր, գրքի քննարկումներ ու շնորհանդեսներ:

Մարիամ Մուղդուսյանը շեշտում է, որ այդ ամենը արվում է անվճար հիմունքներով. «Արվեստին առնչվող յուրաքանչյուր նախաձեռնության առաջ կենտրոնի դռները բաց են»:

Այս պահին կենտրոնում կազմակերպվում են նաև նկարչության հատուկ դասընթացներ լրագրողների համար: Մարիամ Մուղդուսյանը, լինելով մասնագիտությամբ լրագրող, քաջատեղյակ է լրագրության բոլոր լավ ու վատ կողմերին և, ինչպես նա է նշում, լրագրության նյութականությունը լրացնում է արվեստի ոգեղենությամբ և նույնը առաջարկել է իր գործընկերներին:

Լրագրողներն այս դասընթացին մասնակցում են սիմվոլիկ գումար վճարելով, որը ևս փոխանցվում է կենտրոնի կարիքները հոգալուն: 

204 Արման Գալոյանը

Նկարչության դասընթացներին մասնակցած լրագրողների թվում է նաեւ Արման Գալոյանը: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ շատ փոքր տարիքից առանձնահատուկ սեր ունենալով նկարչության հանդեպ, վերջերս հանկարծ որոշել էր ներկ ու վրձին գնել եւ պարզապես սկսել նկարել: Եվ՝ պատահաբար իմանում է կենտրոնի մասին:

«Ցանկությունս չէի հասցրել կյանքի կոչել, երբ ինձ համար անչափ հաճելի նորություն իմացա՝ «Մուղդուսյան» կենտրոնում լրագրողների համար նկարչության դասընթացներ են կազմակերպվում: Խոստովանեմ՝ հաճախելիության առումով այնքան էլ պարտաճանաչ չեմ, հաճախ գործերս թույլ չեն տալիս այդ ժամին ազատ լինել, բայց մասնակցում եմ՝ որքան կարող եմ: Նկարչությունը մի ուրիշ աշխարհ է, որտեղ կարող ես կտրվել կյանքից, առօրյայից ու քեզ նվիրել քո երազանքներին, քո պատկերացումներին: Առանձնահատուկ հաճույք է պատճառում գույների հետ խաղը, գույներ, որ միմյանց խառնելով նորն ես ստանում, քո ուզածը, եւ դրանց վերածում պատկերի: Հատկապես այդ պրոցեսը շատ եմ սիրում… Ընձեռնված հնարավորության համար շնորհակալ եմ Մուղդուսյան արվեստի կենտրոնին»,-ասում է լրագրող Արման Գալոյանը:

Արվեստի կենտրոնի հիմնադիր ղեկավար Մարիամ Մուղդուսյանը պատրաստվում է դիմել պետական բոլոր ատյաններին, բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն հնարավորություն կենտրոնին աջակցելու համար և օգնության ձեռք խնդրել: Կենտրոնին օգնության ձեռք կարող է մեկնել յուրաքանչյուրը: Մարիամն ասում է, որ անգամ փոքր օգնությունը կարող է հիմք հանդիսանալ կենտրոնի դասընթացներին սաների մասնակցության կայունության համար:

 

Լուսանկարները՝ «Մուղդուսյան» կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Աղբյուրը՝ Jnews.am

 

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել