The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ինովացիա
Մարտ 22, 2012
Մոծակ. չի տզզում, չի կծում, երեխաներին էլ շատ է սիրում
Մարինե Բուլղադարյան
Ուսանողի հայացք
Մոծակ. չի տզզում, չի կծում, երեխաներին էլ շատ  է սիրում

Հայկական ինտերնետ աշխարհում կա մի մոծակ, որը չի տզզում, չի կծում և օգտակար է թե' մանուկների, թե' նրանց ծնողների համար: Mocak.am կայքը, որն արդեն մեկ տարի հայ մանուկներին մատուցում է սիրված հեքիաթներ, երգեր ու խաղեր, հնարավորություն է տալիս  փոքրիկներին նաև սեփական հեքիաթներով և պատմություններով հանդես գալու:

Կայքի հեղինակը 25-ամյա Հրաչ Շահվերդյանն է, ով այսպիսի կայք պատրաստելով` անակնկալ մատուցեց ընկերուհուն՝ Անահիտ Ալեքսանյանին, ով սիրում է հեքիաթներ գրել մանուկների համար, և այս կայքն էլ այդ հեքիաթների հանգրվանը դարձավ:

Թեև կայքը պատրաստվեց Անահիտի համար, բայց այն սիրեցին նաև հազարավոր մանուկներ: Հրաչն ասում է, որ Mocak.am-ը 0-ից 111 տարեկան երեխաների համար է: Բացի հեքիաթներից, մանկական երգերից և խաղերից այստեղ հնարավոր է գտնել նաև օգտակար խորհուրդներ, հանելուկներ և այլն:

Կայքում հնարավոր է նաև տպագրել երեխաների գրած հեքիաթները, եթե դրանք խմբագրի կողմից հավանության արժանանան:

Իսկ վերջերս «Մոծակ»-ը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպել էր հեքիաթի մրցույթ, որին ներկայացված շուրջ 250 հեքիաթներից ընտրվեցին 20 լավագույնները, և դրանց փոքրիկ հեղինակները մրցանակներ ստացան: Այդ 20 հեքիաթները տպագրվել են մեկ գրքույկում և անվճար բաժանվել են երեխաներին:

Հրաչ Շահվերդյանը նշեց, որ կայքում տեղադրվող նյութերն ընտրվում են մեծ զգուշությամբ, իսկ հարկ եղած դեպքում դիմում են նաև հոգեբանի օգնությանը:

Կայքի հեղինակը համոզված է, որ «Մոծակ»-ը պատճառ չի հանդիսանա, որպեսզի երեխաները թույլատրվածից շատ ժամանակ անցկացնեն համակարգչի առջև:

«Երեխաներն այսպես թե այնպես շատ են զբաղվում համակարգչով, իսկ հաճախ մուտք են գործում մեծերի համար նախատեսված կայքեր»,- ասում է Հրաչը:

Նա համոզված է, որ Mocak.am-ում երեխաները օգտակարը համատեղում են հաճելիի հետ:

Հրաչը ծնողներին հորդորում է, որ ավելի ուշադիր և հետևողական լինեն երեխաների համակարգչային գիտելիքների զարգացման հարցում, իսկ երեխաներին էլ մաղթում ուրախ մանկություն` Mocak.am-ի հետ: 

Հոդվածի հեղինակ Մարինե Բուլղադարյանը սովորում է Երևանի պետական լեզվաբանական համալսարանում

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել