The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Նոյեմբեր 2, 2018
Մոբայլ լրագրության դասընթաց՝ 4 երկրների մասնագետների մասնակցությամբ
Մոբայլ լրագրության դասընթաց՝ 4 երկրների մասնագետների մասնակցությամբ

Սեպտեմբերի վերջին Աղվերանում տեղի ունեցավ «Mobile Reporting» խորագրով 5-օրյա ճամբար-դասընթացը, որը կազմակերպել էր Բեռլինի լրագրության դպրոցը՝ «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Սույն ծրագիրը նախատեսված էր լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների համար, ովքեր ցանկանում էին լրացնել կամ խորացնել տեսանյութերի պատրաստման իրենց հմտություններն ու գիտելիքները`դրա համար օգտագործելով իրենց իսկ բջջային հեռախոսները (սմարթֆոնները):

«Սմարթֆոնով լրագրողական տեսանյութեր պատրաստելը լրագրության ժամանակակից միտումներից է: Այն կարևոր հմտություն է լրագրողի համար, քանի որ նրան ձերբազատում է տեխնիկական լրացուցիչ սարքավորումների նկատմամբ ունեցած կախվածությունից»,-ասում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:

Շուրջ 30 լրագրողներ` Հայաստանից և Վրաստանից, 5 օրվա ընթացքում առանց համակարգչի և լրացուցիչ տեխնիկական միջոցների, միայն իրենց սմարթֆոններով սովորեցին պատրաստել տեսանյութեր, վարել հարցազրույցներ և մոնտաժել դրանք՝ ստանալով պատրաստի ու որակյալ արդյունք:

 341 Սույն դասընթացը «Ձնագնդի էֆեկտ ավելի ուժեղ մեդիայի համար» խորագրով ծրագրի մաս էր կազմում: Այն իրականացվեց Գերմանիայի արտաքին գործերի նախարարության՝ «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդման» ծրագրի շրջանակներում: Դասընթացը վարում էին լրագրության ոլորտում դասավանդման փորձ ունեցող 5 մասնագետներ՝ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից, որոնք նույն ծրագրի շրջանակներում օգոստոսին նախապես վերապատրաստվել էին Բեռլինի լրագրության դպրոցում: Աղվերանի դասընթացին ներկա էր նաև գերմանացի լրագրող և ռեժիսոր Մաթիաս Ցուբերը, որը ևս մասնակիցների հետ կիսվեց իր մասնագիտական փորձով և խորհրդատվությամբ:

«Մենք անցկացրինք իսկապես շատ զբաղված և արդյունավետ օրեր: Ջերմ մթնոլորտն ու հետաքրքիր մարդիկ, հարևան երկրների պրոֆեսիոնալ լրագրողներից խորհուրդներ լսելու հնարավորությունը և միմյանց հետ ծանոթանալը՝ անգնահատելի փորձ են ինձ համար: Շնորհակալ եմ բոլորիդ՝ ձեր ջերմությունը մեզ հետ կիսելու համար»,- ասում է Մարիամ Չախոյանը:

Ծրագրի նպատակներից էր նաև Արևելյան գործընկերության երկրներում սմարթֆոնով լրագրողական տեսանյութեր ստեղծող մասնագետների պատրաստումը, որոնք Բեռլինում ձեռքբերած գիտելիքները կօգտագործեն նաև հետագայում անցկացվելիք այլ դասընթացների ընթացքում, քանի որ «mobile reporting»-ի իմացությունը թույլ է տալիս լրագրողներին գործել անհամեմատ արագ, անկախ և հմուտ:

343 Դասընթացի բոլոր մասնակիցները ճամբարի վերջին օրը ներկայացրին իրենց պատրաստած աշխատանքները և վստահեցրին, որ ձեռք բերված գիտելիքներն անպայման կկիրառեն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում:

«Շնորհակալ կլինեմ, եթե շարունակական բնույթ ունենա։ Մեզանում, երբ համացանցը խժռել է մեդիա դաշտի մեծ մասը, այսպիսի հմտությունները առավել քան էական են»,- ասում է մասնակիցներից մեկը՝ լրագրող Հարություն Ծատրյանը:

Իսկ Մաիկո Չիտաշվիլին՝ Վրաստանից, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, նշեց, որ նրանք կատարել են մեծ աշխատանք:

«Այս օրերի ընթացքում մենք ձեռք բերեցինք նոր հմտություններ, և ես արդեն իսկ ոգեշնչված եմ ապագայի պլաններով: Դուք նաև կապեցիք տարբեր մարդկանց՝ տարբեր երկրներից: Դուք փոխում եք մարդկանց մտածելակերպը և վերացնում սահմանները: Մոբայլ լրագրություն՝ առանց սահմանների: Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար»,-ասաց Մաիկոն:

 

Աղբյուր` ԼՀԱ

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել