The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Հոկտեմբեր 6, 2011
Հայցվորի թիրախում. Մինասի որմնանկարները «Զվարթնոցում» են, իսկ վարպետի տղան դեռ դժգոհ
Նունե Արևշատյան
«ՋեյՆյուզ»
Հայցվորի թիրախում. Մինասի որմնանկարները «Զվարթնոցում» են, իսկ վարպետի տղան դեռ դժգոհ
Մինասի վերջին Ֆոտոնկարը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն մեկ ամիս է ընթանում է դատական նիստ, որի հայցվոր կողմը հանդիսանում է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը, ով դատի է տվել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին:

Ավետիսյանը, ով նաև «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պահանջում է հերքել «Ասպարեզ» ակումբի կայքում հրապարակված հոդվածում առկա «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները և պատասխանող կողմին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել»:

Հայցվոր կողմը պահանջում է նաև պատճառված վնասի փոխհատուցում` 2 մլն 200 հազար դրամի չափով (500 000 դրամը` վիրավորանքի, 1 500 000 դրամը` զրպարտության և 200 000 դրամը` հայցվորի իրավունքների պաշտպանության ծախսերի համար):

Դատական հայցի նախապատմությունը կայանում է նրանում, որ այս տարվա գարնանը գյումրեցի մտավորականներ, արվեստագետներ և պարզապես շարքային քաղաքացիներ մեծ աղմուկ բարձրացրին կառավարության որոշումներից մեկի վերաբերյալ, համաձայն որի` «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմանդրամը թույլտվություն ստացավ` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ միջոցների հաշվին Մինաս Ավետիսյանի «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարները Գյումրիից տեղափոխելու «Զվարթնոց» օդանավակայան: Վարպետ Մինասը որմնանկարներ նկարել էր 1970-1974 թվականներին: Այս երկուսը նկարել է Գյումրու «Էլեկտրասարք» գործարանի ճաշարանում և նախկին «Գալվանամետր» գործարանի հիմնական մասնաշենքում, որոնք 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառով վթարային էին (մանրամասներն այստեղ):

Կառավարության որոշման համաձայն, վարպետ Մինասի ստեղծագործությունները «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ -ին տրվեցին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով: Այսօր արդեն «Երկանք» որմնանկարը ներկայացված է օդանավակայանի նախագահական համալիրում, իսկ «Թել են մանում» որմնանկարը` նորակառույց ուղևորային համալիրի մեկնման սրահում (շահագործման հանձնվեց հոկտեմբերի 5-ին):

Գյումրեցիները կտրականապես դեմ էին այդ որոշմանը` պահանջելով իրենց քաղաքի մշակութային արժեքները չտեղափոխել բնօրրանից և ստեղծել համապատասխան միջոցներ` դրանք տեղում պահպանելու համար: Գյումրեցի մտավորականներին վիրավորել էր նաև այն փաստը, որ կառավարությունը նման որոշում կայացրել է` բացարձակապես հաշվի չառնելով գյումրեցիների կարծիքը: Այս կապակցությամբ քաղաքում կազմակերպել էին մի շարք հանրային ակցիաներ, տարածել էին հայտարարություններ և քննադատական հոդվածներ հրապարակել Asparez.am կայքում:

Asparez.am կայքում տեղ գտած «Կան բաներ, որ չեն ներվում» հրապարակման համաձայն, որի հեղինակը Լևոն Բարսեղյանն է, նշված էր, որ Մինասի որդին` Արման Ավետիսյանը, Գյումրու «Գալվանամետր» գործարանի բակում Գյումրու մշակույթի գործիչներին խոստացել էր առանց գյումրեցիների համաձայնության որմնանկարները չտեղափոխել մայրաքաղաք, սակայն հետագայում խախտել էր պայմանավորվածությունը` դրանք բեռնատարով գաղտնի տեղափոխելով մայրաքաղաք:

Ըստ հայցվորի շահերի պաշտպան Անի Խլղաթյանի` հայցի համար հիմք են հանդիսացել «Ասպարեզ» ակումբի հրապարակումները: «Ճիշտ է, «Ասպարեզ»-ը որպես լրատվամիջոց գրանցված չէ, բայց իրականացրել է լրատվական գործունեություն»,- ասում է Խլղաթյանն' ընդգծելով, որ եթե Լևոն Բարսեղյանը հրապարակային ներողություն խնդրի, ապա հնարավոր է իր վստահորդը նյութական վնասի փոխհատուցման մասով փոխզիջումների գնա:

«ՋեյՆյուզի» հետ զրույցում Խլղաթյանն ասել է, որ իրենց գերնպատակը պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումն է: Պետք է նշել, որ «Ասպարեզ» ակումբի կայքում Մինասի որմնանկարների վերաբերյալ տեղադրված ոչ բոլոր նյութերի հեղինակն է Լևոն Բարսեղյանը: Սակայն հայցվորի թիրախում հայտնվել է Բարսեղյանը:

«Բնականաբար, յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր անձ չի կարող վիրավորական չհամարել «լարախաղաց» բառը, հոր որմնանկարներից ֆինանսական եկամուտներ ստանալու, վզից չանգյալ և գդալ կախելու, Էռնեկյանի պատվերով գործելու արտահայտությունները», - ասում է Խլղաթյանը:

Ըստ նրա` այդ հոդվածներում հնչում են նաև այնպիսի տեղեկություններ, որոնք վիրավորում են նաև տղամարդկային արժանապատվությունն ու չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես` «մենք կարծել ենք, թե տղամարդու հետ ենք գործ ունեցել», «թռավ իր պայմանավորվածությունից»:

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ պարզաբանում է, որ նա իր հոդվածներով որևէ վիրավորանք չի հասցրել Մինասի որդուն, այլ հնչեցրել է գնահատականներ Գյումրու արվեստագետների ու մշակույթի գործիչների տարածած հաղորդագրությունների հիման վրա: Վերջինս դատարանին միջնորդություն է ներկայացրել որպես վկաներ դատարան հրավիրել մշակույթի նախարարին ու փոխնախարարին, սակայն մերժում է ստացել:

Մինչդեռ Լևոն Բարսեղյանի համոզմամբ, այդ երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով հնարավոր կլիներ բացահայտել իրականությունը, մասնավորապես, որմնանկարները տեղափոխվել են նախարարության գիտությա՞մբ, թե՞ Մինասի որդու նախաձեռնությամբ, և ի՞նչ դիրքորոշում ուներ այս հարցում նախարարությունը:

Բարսեղյանը հաջորդ դատական նիստի ժամանակ պետք է ներկայացնի ապացույցներ, որ Արման Ավետիսյանը խախտել է գյումրեցի արվեստագետների հետ ունեցած պայմանավորվածությունը, որմնանկարները գաղտնի է տեղափոխել մայրաքաղաք, գործել է օդանավակայանի սեփականատիրոջ պատվերով և այլն:

Մեկ ամսվա ընթացքում այս գործով առայժմ երկու դատական նիստ է տեղի ունեցել:

Հաջորդը նշանակվել է հոկտեմբերի 11-ին: 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել