The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Ապրիլ 23, 2015
Եղեռնի «Հիշողության քարտեզը» Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Նատալի Աշիգովա
Ուսանողի հայացք
Լուսանկարը՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի

Մարտի 12-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվեց Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» ցուցահանդեսը, որի հիման վրա երկու օր անց մեկնարկեց «Հիշողության քարտեզ» հանդիպումների շարքը:

Սահակ Պողոսյանի աշխատանքի ցուցադրությունը նվիրված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագիծը արվեստագետի երկու տարվա աշխատանքի արդյունք է, որն ամփոփում է մոտ 50 տարվա պատմություն: Հեղինակը ներկայացնում է 11 աշխատանք, որոնցից տասը կտավներ են՝ Արևմտյան Հայաստանից բերված, մոմաշերտով պատված վերմակներ: Նախագծի կենտրոնական աշխատանքը փիրուզե ականջօղերն են՝ ստեղծված հեղինակի մեծ մոր ականջօղերի նմանությամբ: Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 30-ը:

Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագծի վրա հիմնված «Հիշողության քարտեզ» հանդիպումների շարքը բաղկացած է Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ 11 հանդիպումից: Մարդիկ 11 մասունքների միջոցով ներկայացնում են իրենց ընտանեկան պատմությունները: Ինչպես նշում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Լիզա Շիրինյանը, հանդիպումների թիվը պարզապես համընկել է նախագծի աշխատանքների թվի հետ, հնարավոր է, որ հանդիպումները տասնմեկը չլինեն:

Հանդիպումները տեղի են ունենում ամեն շաբաթ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում, նախատեսվում է, որ դրանք ևս կշարունակվեն մինչև մայիսի 30-ը:

«Հիշողության քարտեզ» ծրագրի յուրաքանչյուր հանդիպում բաղկացած է երկու մասից: Նախ բոլորը հավաքվում են «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ»ցուցասրահում, ուր ներկայացված է Սահակ Պողոսյանի նախագիծը: Լիզա Շիրինյանը ներկայացնում է նախագիծը, պատմում հեղինակի կատարած աշխատանքի մասին: Մոմաշերտով պատված վերմակներից նա առանձնացնում է մեկը, ուր վերմակի մի կտորի վրա պատկերված է «Է» տառը, որը այբուբենի 7-րդ տառն է և խորհրդանշում է էություն և շարունակականություն: Ապա Լիզան անդրադառնում է ցուցահանդեսի կենտրոնական գործին՝ ձյութի մեջ մխրճված փիրուզե ականջօղերին:

«Այս ականջօղերը նա (մեծ մայրը) երբեք չէր կրում, այլ պահում էր մի լաթի մեջ: Ցեղասպանությունից հետո շատ կանայք, կորցնելով իրենց ընտանիքները, ստեղծեցին նոր ընտանիքներ, և այս ականջօղերը, թերևս, նախորդ ընտանիքի իր երազանքների, հիշողությունների խորհրդանիշն էին»,- պատմում է Լիզա Շիրինյանը:

Նախագծի կարևոր մաս է նաև արվեստագետի ընտանեկան լուսանկարը, ուր Սահակ Պողոսյանի հորաքույրն ու հայրն են:

Ցուցասրահում շրջելուց և «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագծին ծանոթանալուց հետո խումբը աստիճաններով բարձրանում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ստեղծագործական սրահ և ծանոթանում այդ շաբաթվա հյուրի հետ, որն իր հետ բերած առարկայի միջոցով ներկայացնում է իր նախնիների պատմությունը:

Լիզա Շիրինյանն ասում է, որ հերոսներին պատահական սկզբունքով են ընտրել, փնտրել են ընկերների շրջապատում: Նախագծի շրջանակում շատերը կարող էին պատմել իրենց նախնիների պատմությունը, բայց ոչ բոլորն ունեն այն իրը, առարկան, որի միջոցով կկարողանային ներկայացնել իրենց ապուպապերի անցած ճանապարհը «Հիշողության քարտեզի» վրա: 

«Կարևոր է, թե ինչպես են երիտասարդները վերաբերվում այդ պատմություններին, ցավոք, չեն հնչում շատ հարցեր, բայց ակնկալվում է քննարկում»,- ասում է Լիզան:

Նախագծի նախորդ շաբաթների հյուրերն էին Սահակ Պողոսյանը, Անահիտ Թաշչյանը, Նարեկ Աշուղաթոյանը, Վարդան Ջալոյանը, Արմեն Դավթյանը և  Մայտա Պոշկեզենեանը: Նրանք, իրենց հետ բերելով «վախի» քար և կրակայրիչ, ժամացույց, «Վասպուրականի արծիվ» արձանիկ, Սասնա Ծռեր պատումներից մի օրինակ և  100-130 տարվա հնության բոխչա՝ ներկայացրին իրենց նախնիների պատմությունը:

Նկարը՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել