The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Ապրիլ 15, 2016
Պահանջում են դատարաններում չսահմանափակել լրագրողների աշխատանքը
Պահանջում են դատարաններում չսահմանափակել լրագրողների աշխատանքը

Հայաստանի մեդիակազմակերպություններն արձագանքել են Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Aravot.am» կայքի թղթակից Ամի Չիչակյանի օրինական մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու փորձին: Կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, դատապարտելով դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից լրագրողի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու, ինչպես նաեւ փաստաբան Արմինե Ֆանյանի կողմից սպառնալիքներ հնչեցնելու դեպքերը:

Նախապատմություն. Ապրիլի 13-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում փորձ է արվել անհիմն սահմանափակել Չիչակյանի օրինական մասնագիտական աշխատանքը։ Լրագրողը դատարանում էր՝ լուսաբանելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձանց փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող, տեղական ընտրական հանձնաժողովի նախագահ Վեներա Թորոսյանի գործով դռնբաց դատական նիստը:

Մինչ նիստի սկսելը դատավոր Նելլի Բաղդասարյանը «Aravot.am»-ի  լրագրողին տեղեկացրել է, որ Վեներա Թորոսյանը չի ցանկանում, որպեսզի դատական նիստը տեսանկարահանվի: Այնուհետեւ Վեներա Թորոսյանը հայտարարել է, թե չի ցանկանում, որ դատական նիստն ընդհանրապես լուսաբանվի:

Լրագրողի դիտարկմանը, թե դատական նիստը դռնբաց է, տեղի ունեցածն էլ հանրային հետաքրքրություն է ներկայացնում, դատավոր Բաղդասարյանը պատասխանել է, որ իբր առկա է անձի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների գաղտնիության խնդիր: Ամբաստանյալի փաստաբան Արմինե Ֆանյանն էլ սպառնացել է Չիչակյանին, ասելով՝ եթե իր պաշտպանյալի անունը հայտնվի որեւէ հրապարակման մեջ, ապա լրատվամիջոցը խնդիրներ կունենա: Դատարանը բավարարել է ամբաստանյալի եւ նրա փաստաբանի միջնորդությունը եւ որոշել արգելել դատական նիստի լուսաբանումը: Խորհրդակցելով իրավաբանների ու մեդիա փորձագետների հետ՝ Ամի Չիչակյանը, այդուհանդերձ, լուսաբանել է դատական նիստը։  

Լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ նշվում է. «Հաշվի առնելով հարցի հրատապությունը եւ հիշեցնելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «Արգելվում է՝ .... որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ» դրույթը, մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք.  

- Դատավորից՝ չեղյալ համարել որոշումը, քանի որ դռնբաց դատական նիստը ԶԼՄ-ներում լուսաբանել չթույլատրելու ոչ մի իրավական հիմք չկա՝ հատկապես հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունն ու կարեւորությունը,

- Ամբաստանյալի փաստաբանից՝ ձեռնպահ մնալ  լրագրողների հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց՝ հաշի առնելով, որ դա պատասխանատվություն է ենթադրում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով, եւ ներողություն խնդրել «Aravot.am»-ի թղթակից Ամի Չիչակյանից տեղի ունեցածի համար։  

«Aravot.am»-ին եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներին կոչ ենք անում՝ չընկրկել այս եւ նման այլ ապօրինի սահմանափակումների առջեւ, դիմակայել դրանց, հարազատ մնալ մասնագիտական սկզբունքներին եւ լուսաբանել հանրային կարեւորություն ունեցող բոլոր իրադարձությունները»։

Ստորագրել են.

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 

 

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել