The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Ապրիլ 26, 2016
Հանուն ընձառյուծի փրկության միավորվել են բնապահպաններն ու լրագրողները
Գագիկ Աղբալյան
JNews-ի թղթակից
Հանուն ընձառյուծի փրկության միավորվել են բնապահպաններն ու լրագրողները
Լուսանկարի աղբյուրը՝ WWF-Ռուսաստան

Բնության համաշխարհային հիմնադրամ-Ռուսաստանը (WWF-Ռուսաստան) «Ռուսական Կովկաս» մասնաճյուղի հետ համատեղ իրականացնում են Կովկասյան (Առաջավորասիական) ընձառյուծի պոպուլյացիան Կովկասում վերականգնելու խոշոր ծրագիր, եւ արդեն առաջիկա ամիսներին նախատեսում են վայրի բնություն բաց թողնել ընձառյուծի մի քանի առանձնյակներ:

Սա հայտնի դարձավ ՌԴ Կրասնոդար քաղաքում կազմակերպած, «WWF-Ռուսական Կովկաս» մասնաճյուղի ջանքերով ստեղծված մամուլի ակումբի հերթական նիստում, որին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ադիգեայի Հանրապետության էկոլոգիական լրագրողներ:

Ակումբի նպատակը ընձառյուծի պահպանության հարցերում կովկասյան տարածաշրջանի երկրների լրագրողների ջանքերը մեկտեղելն է` ներառյալ հակամարտող երկրների լրագրողների համատեղ աշխատանքը:

194 Վալերի Շմունկ

«WWF-Ռուսական Կովկաս» մասնաճյուղի ղեկավար Վալերի Շմունկի խոսքով՝ հակամարտող երկրների լրագրողները էկոլոգիական թեմաները պետք է զատեն ազգային հարցերից:

«Մի օր հակամարտությունները կլուծվեն, եւ մենք չպետք է հետ նայելով տեսնենք, որ այդ ընթացքում ոչնչացվել են էկոհամակարգի համար կարեւոր տեսակներ: Շատ անգամ հենց առողջ շրջակա միջավայր ունենալու գաղափարն է միավորում հակամարտության մեջ գտնվող բնակչությանը, քաղաքական գործիչներին ստիպում բանակցությունների եւ հաշտեցման գնալ»,-ասում է Շմունկը:

Բացի տեսական դասընթացները, որտեղ ներկայացվեց տարածաշրջանում Կովկասյան ընձառյուծի անհետացման պատմությունը, տեսակի վերականգնման աշխատանքները, որ իրականացվում է ՌԴ-ում, Հայաստանում, Իրանում եւ Ադրբեջանում, մասնակիցներին ներկայացվեց նաեւ, որ Սոչիի ազգային պարկում ստեղծվել է ընձառյուծի խնամքի եւ վերականգնման կենտրոն: 2009 թվականին այստեղ են տեղափոխվել երկու արուներ Թուրքմենստանից, 2010-ին՝ եւս երկուսը Իրանից, 2012-ին՝ զույգ ընձառյուծներ Պորտուգալիայից: Այս պահի դրությամբ Սոչիում պահպանության տակ են 16 ընձառյուծներ: Նրանցից 8-ը ձագեր են, որոնք հետագայում բաց են թողնվելու վայրի բնություն: Կենդանիների վրա կլինեն GPS-սարքեր, որը հնարավորություն կտա ամենժամյա դիտարկումներ իրականացնել:

Ծրագրի հաջորդ փուլում, հնարավոր է մայիս-հունիս ամիսներին, կովկասյան տարածաշրջանի լրագրողները Սոչիում մասնակցեն ընձառյուծների՝ վայրի բնություն բացթողնմանը:

Այս անգամ էկոլոգիական մամլո ակումբի հերթական նիստին մասնակցող լրագրողներն այցելեցին նաեւ Լագո-Նակի հատուկ պահպանվող տարածք (Ադիգեայի Հանրապետություն), որը հենց հանդիսանում է ընձառյուծների տեղաշարժման միջանցքներից մեկը, եւ որը, սակայն, որոշ հատվածում ենթարկվել է տնտեսական գործունեության ազդեցության: Գործարարներն այնտեղ հանգստի գոտիներ են ստեղծում, ինչը, բնապահպանների կարծիքով, կարող է վնասել տարածքի էկոհամակարգին:

Մեր տարածաշրջանում Ադրբեջանը, Իրանն ու Հայաստանը, որոշ տվյալներով՝ նաեւ Արցախը, ընձառյուծի բնակության տարածք են հանդիսանում: Ընձառյուծները, որոնք բաց կթողնվեն ՌԴ տարածքում, տեսականորեն կարող են տեղաշարժվել մինչեւ Հայաստան, Ադրբեջան, Իրան եւ հարեւան այլ երկրներ: Կովկասյան ընձառյուծների պահպանությունն իրականացնելու գործում մեկ խոչընդոտ կա՝ հայ-ադրբեջանական համակարտությունը: Քանի որ այս կենդանու պահպանությանն ուղղված ցանկացած ծրագիր պետք է իրականացնել համատեղ ուժերով, ազգային եւ քաղաքական հարցերը լուրջ խոչընդոտ են:

197 Վյաչեսլավ Մորոզ

Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա լարվածությունը, WWF-Ռուսաստանը ձեռնպահ է մնում լրագրողների համատեղ նյութերի պատրաստման առաջարկներից, փոխարենը ակտիվ համագործակցություն է ընթանում WWF-Հայաստանի եւ WWF-Ադրբեջանի միջեւ:

Կովկասյան ընձառյուծի պահպանման առումով բնապահպանները կարեւորում են լրատվամիջոցների հետ սերտ համագործակցությունը: Իսկ առավել կարևոր են համարում, որպեսզի հարեւան երկրների միջեւ բնապահպանական հարցերի շուրջ ձեւավորվի լրատվամիջոցների համագործակցություն, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր երկրի բնակչության համար ապահովել կենդանու վարքի, տարածքում նրա պոպուլյացիան վերականգնելու կարեւորության վերաբերյալ տեղեկատվություն:

«WWF-Ռուսական Կովկասի» մամլո քարտուղար Վյաչեսլավ Մորոզի խոսքով՝ լրագրությունն ամենամեծ ուժն է, որ կարող է ապահովել կատարված ծրագրերի արդյունավետությունը, բնակչությանն իրազեկելով՝ նրանց մեջ գտնել համախոհներ ու թիմակիցներ, կանխելու համար որսագողությունը, որը 20-րդ դարեսկզբին պատճառ է դարձել ընձառյուծների ոչնչացման ու անհետացման:

Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել