The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Մարտ 22, 2014
Արվեստագետ Մելսի համար ծննդավայրի համն ուրիշ է
Արմինե Մացոյան
Ուսանողի հայացք
Արվեստագետ Մելսի համար ծննդավայրի համն ուրիշ է
Վարպետն ու իր ստեղծածը

Փայտագործ Մելս Եղիազարյանի ձեռքերում սովորական փայտի կտորը կարծես դառնում է պոեզիա, երաժշտություն` ստեղծագործություն, որ յուրահատուկ լիցքեր է հաղորդում:

«Ավելի քաղցր բան չկա, քան ծառի ճյուղի հետ խոսելը: Ինքը լսում է քեզ ու սկսում աճել ու բերք տալ»,– ասում է Եղիազարյանը, ով ապրում է ստեղծագործողի լիարժեք կյանքով: Ասում է՝ մեկ ժամ անգամ անգործ չի կարող մնալ: «Այսօր էլ աշխատում եմ, ձեռքով փայտից տարբեր իրեր եմ պատրաստում»:

67-ամյա վարպետը սիրում է փայտի հետ աշխատել, սիրում է նաև փայտի հոտը: «Երբ մի տձև փայտի կտորին օրերի, ժամերի ընթացքում շունչ ես տալիս` դարձնելով գեղեցիկ իր, դրանից ավելի մեծ երջանկություն չկա,- ասում է նա և ավելացնում,- մարդը ստեղծագործելու համար պետք է լավ հոգեվիճակ ունենա, իսկ հայրենի հողս ու տունս տալիս են ինձ այդ հոգեվիճակը»:

Ավելի երիտասարդ տարիքում Եղիազարյանն աշխատել է Հայաստանի Գրողների միությունում՝ որպես նկարիչ: Իսկ շուրջ տասը տարի ապրել է ԱՄՆ-ում և աշխատել Enkeboll ձևավորման և կահույքի ընկերությունում՝ որպես գլխավոր դիզայներ: Նրա աշխատանքները պահվում են նաև Lipton Collection-ում և ներառված են փայտի փորագրման արվեստի յուրօրինակ “The Cutting Edge Wood Art” գրքում:

«Երբ ԱՄՆ-ի քաղաքացի դառնալուն ընդամենը երկու ամիս էր մնացել, վերադարձա Հայաստան, չնայած մեծ հռչակ ունենալուն`վերադարձա, որովհետև էլ չէի դիմանում,– ասում է վարպետը: - Ինձ պետք չէր Ամերիկայի քաղաքացիությունը, որովհետև գիտեի՝ ինչ էլ լիներ, վերադառնալու էի Հայաստան: Իմ ձեռքերով պատրաստած Արմավիրի տան մի քանի հարյուր մետր հողի վրա շատ երջանիկ եմ զգում, որովհետև ծննդավայրն ուրիշ համ ունի: Քո հողին կպած լինելն ու ազատությունը վայելելը անսահման երջանկություն է»:

Մելս Եղիազարյանի կյանքում մեծ նշանակություն ունի նաև երաժշտությունը. երբ բարկացած է լինում, սկսում է դաշնամուր նվագել ու երգել և, չնայած մենակ ապրելուն, երբեք մենություն չի զգում. «Ես ինձ պարապ չեմ թողնում, որ մենություն զգամ: Ես արարում եմ, ստեղծում, իսկ արարման հոգեվիճակը ամենաբարձր զգացողությունն է. ոչինչ չի կարող համեմատվել ստղծագործական ընթացքի հետ: Ես երջանիկ եմ, որ անում եմ մի աշխատանք, որն ինձ դուր է գալիս, նաև երջանիկ եմ, որ չորս աղջիկներս էլ, որ ապրում են ԱՄՆ-ում, ունեն իրենց սիրած աշխատանքը»:

Վարպետի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://www.naregatsi.org/Mels/photo2/index.htm

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել