The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ինովացիա
Հունիս 27, 2013
Սամվել Մարտիրոսյան. հարցազրույց կիբերհակամարտության թեմայով
Շուշան Պողոսյան
Ուսանողի հայացք
Սամվել Մարտիրոսյան. հարցազրույց կիբերհակամարտության թեմայով
Courtesy Photo

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ, iDitord.org-ի համահեղինակ և համակարգող Սամվել Մարտիրոսյանի հետ հարցազրույցի հիմնական թեման հաքերային հարձակումներն են և հայ-ադրբեջանական կիբերհակամարտությունը:

- Պրն. Մարտիրոսյան, ուսումնասիրելով ՏՏ ոլորտը` ինչպե՞ս եք գնահատում հայկական կայքերի անվտանգության մակարդակն այսօր, և ինչպիսի՞ն էր այն տարիներ առաջ: Արդյո՞ք կան զգալի փոփոխություններ:

- Ինչ վերաբերում է պետական կայքերին, ապա դրանք 2009 թվականի սեպտեմբերից վերահսկվում են ԱԱԾ-ի կողմից, եւ այդ պահից ոչ մի հաջողված հաքերային հարձակում չի արձանագրվել։ Մնացած ոլորտներում վիճակը շատ տարատեսակ է, դժվար է միանշանակ ասել։ Մի բան պարզ է. այն կայքերը, որոնք կապ ունեն բիզնեսի հետ, դրանց անվտանգությունը զգալիորեն աճել է, քանի որ սկսել են գումարներ ծախսել անվտանգության վրա, ինչը չորս-հինգ տարի առաջ գրեթե չէր արվում:

- Սովորաբար թուրք և ադրբեջանցի հաքերների հարձակումներն ակտիվանում են ապրիլի 24-ին: Ինչպիսի՞ն էր պատկերն այս տարի, և արդյո՞ք հաջողվում է համարժեք պատասխան տալ նրանց հարձակումներին:

- Այս տարի հակառակ վիճակ էր. հարձակումներ անհայտ պատճառներով չեն արձանագրվել այդ ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է պատասխանին, ապա դա թյուր պատկերացում է, որ ընդհանրապես պատասխան որպես այդպիսին լինում է, քանի որ ադրբեջանական հաքերները կոտրում են ինչ-որ հայկական կայքեր, հայ հաքերները կոտրում են ինչ-որ ադրբեջանական կայքեր, բայց դա պատասխան չէ ադրբեջանական հաքերներին կամ պետական համակարգին: Ուրիշ հարց, երբ հարձակման ենթարկվում են պետական կառույցներ, կամ քարոզչական ԶԼՄ-ներ, կամ հենց հաքերները։ Նման դեպքեր այս տարվա ապրիլ-մայիսին արձանագրվել են՝ հայ հաքերները հրապարակել են մի շարք ադրբեջանական լրագրողների նամակներ իրենց հակահայկական գործունեության մասին: Մանրամասն կարող եք ծանոթանալ vs.ananun.am կայքում:

- Որո՞նք են ամենահայտնի հայկական կիբերխմբերը

- Այս պահին ակտիվ են երկու խումբ․ «Հայկական Կիբեր Բանակ», որը հիմնականում հարձակվում է կայքերի վրա։ Եվ «Անանուն» խումբը, որը գործում է տեղեկատվություն կորզելու և հրապարակելու ուղղությամբ:

- Ինչպե՞ս եք գնահատում հայ և ադրբեջանցի հաքերների միջև շարունակական կիբերպատերազմները, ո՞ր կողմն է ավելի ուժեղ:

- Կողմերի ուժեղ լինելը դժվար է գնահատել, քանի որ հիմնական լուրջ մասնագետները համարյա չեն ներգրավվում արտաքին աղմուկ բարձրացնող գործողությունների մեջ, այլ ավելի շատ աշխատում են տեղեկատվություն կորզելու համար, ինչը, բնականաբար, գրեթե չի երևում։

- Ըստ Ձեզ, որո՞նք են վերջին շրջանում հայտնի և ամենամեծ հաքերային հարձակումները:

- Ամենամեծ բախումը եղել է 2012թ. սեպտեմբերին Սաֆարովի դեպքերից հետո։ Բացի դրանից, հայկական կողմը երեք անգամ ադրբեջանական քարոզչամեքենայի մեծ թվով ներկայացուցիչների ներքին նամակագրություն է հրապարակել։ Ադրբեջանական կողմին հաջողվել է երկու անգամ ներխուժել դոմենային ռեգիստրատի սերվերները և գողանալ տասնյակ գաղտնաբառեր։ Մնացած դեպքերը լուրջ ազդեցություն չեն ունեցել:

- Որքա՞ն ժամանակ է պահանջվում հաքերային հարձակման ենթարկված կայքի գործունեությունը վերականգնելու համար:

- Մեկ րոպեից մինչև անվերջություն, երբ տվյալները նախօրոք չեն պահպանվում, այլ կրիչի վրա:

- Եվ, վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս պաշտպանվել հաքերային հարձակումներից, վտանգավոր ծրագրերից, հատկապես սոց. ցանցերում և ինչպե՞ս տարբերել վիրուսային ծրագրերը:

- Վարձել մասնագետների։ Մնացածը մոտավորապես նույնն է, որ ասեք, թե խոլերայի ժամանակ տնային ինչ միջոցներով կարելի է բուժվել: 

 

Շուշան Պողոսյանը ԵՊԼՀ-ի միջազգային լրագրության մագիստրատուրայի ուսանող է: Սույն հարցազրույցը պատրաստել է «Լրատվական հոսքերի ստեղծման տեխնոլոգիաներ» առարկայի շրջանակներում:

Աղբյուրը ` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել