The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մարդ
Հոկտեմբեր 24, 2014
Գնահատակա՞ն, թե՞ գիտելիք
Սրբուհի Ավետիսյան
Գնահատակա՞ն, թե՞ գիտելիք

Տարրական դասարանների ուսուցչուհի Ելենա Մարտիրոսյանին և ռուսաց լեզվի ուսուցչուհի Գոհար Սարդարյանին հանդիպեցինք Մուշեղ Իշխանի անվան թիվ հինգ հիմնական դպրոցում: Թեև արդեն կեսօրն անց էր՝ դպրոցն ամբողջովին դատարկված չէր: Պարզվեց, որ աշակերտներից շատերը դասերից հետո մնում են հավելյալ պարապմունքների: Ե. Մարտիրոսյանն ասաց, որ աշխատանքը վերջացնում է ուշ երեկոյան, քանի որ ստիպված աշխատում է նաև որպես կրկնուսույց: Ոմանց հետ պարապում է դպրոցում, իսկ որոշ աշակերտներ էլ նրան տանն են ընդունում:

Այսօր դպրոցականների մեծ մասը հաճախում է դպրոց, բայց սովորում է կրկնուսույցների մոտ: Թե ինչու է այսպիսի իրավիճակ տիրում մեր կրթական համակարգում՝ փորձեցինք ճշտել՝ խոսելով և՛ ծնողների, և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների հետ: Կարծիքները տարբերվող էին, բայց առանցքը նույնն էր՝ ամեն ինչ գալիս է վերևից և հասարակության կարծրատիպային մտածելակերպից, ուսուցիչները բավականաչափ չեն վարձատրվում, դպրոցներում էլ այն թյուր կարծիքը կա, թե երեխան ի վիճակի չէ ինքնուրույն պարապել:

«Ամեն ինչ շատ է փոխվել: Փոխվել է ծնողների, հետևաբար՝ նաև աշակերտների վերաբերմունքը կրթության հանդեպ: Մի տեսակ անլրջություն կա: Մտածում են՝ մի բան կանենք, փող է, ծանոթ է, կաշխատենք, էլի»,- պատմում է Գ. Սարդարյանը, հետո շարունակում՝ դիմելով գործընկերոջը․ «Հիշու՞մ ես էն չաղլիկ երեխային: Գագիկ էր անունը: Ծնողները փող ու պաշտոն ունեին, հայրը ձեռնարկատեր էր: Մի անգամ հարցրի, թե ինչու է այդքան վատ սովորում, չէ՞ որ պետք է լավ սովորի, որ ապագայում լավ աշխատանք ունենա: Գիտե՞ս ինչ պատասխանեց․ «Հորս օբյեկտները իմն են, ի՞նչ ունեմ մտածելու»: Հավանաբար չուզենալով շատ բացասական տպավորույուն թողնել, ուսուցչուհին ավելացրեց․ «Այնուամենայնիվ լավ երեխաներ էլ կան, որ ինքնուրույն կարողանում են պատրաստել իրենց դասերը: Ցավոք, նրանց թիվը իրոք շատ է կրճատվել»:

Վաստակաշատ ուսուցչուհիները կարծում են, որ մեր կրթության համակարգում դեռևս վաղուց իր արմատները գցած այս խնդիրը շատ ավելի լուրջ է, քան երևում է: Իրականում բացերը շատ են: Արդյունքում ունենք ծայրաստիճան թուլացած ուսուցում: Ինչո՞ւ է տարրական կամ թեկուզ ավագ դպրոցի աշակերտը հավելյալ պարապում կրկնուսույցի մոտ, եթե դպրոցը կարո՛ղ է և պարտավո՛ր է բավարար գիտելիք տրամադրել:

Ուսուցչուհիները վստահ են, որ պետք է փոխել կարծրատիպերը և հասարակության մտածելակերպը: «Փոխվել են ժամանակները: Մեր օրերում ուսուցիչը դարձել է արժեզրկված մի անձ, մինչ տարիներ առաջ ուսուցիչներից էր սկսվում հասարակության ինտելեկտուալ և պատվարժան խավը: Ուսուցիչը ո՛չ գնահատվում է, ո՛չ էլ բավարար վարձատրվում»,-ասում են նրանք:

Մի կողմից ուսուցիչների ցածր աշխատավարձերը, մյուս կողմից համատարած կոռուպցիան մեր կրթական համակարգը հասցնում են այսպիսի անբարվոքության:

Կրկնուսույց Աննա Խաչատրյանն ասում է, որ ներկայումս պարապում է երկու աշակերտի հետ, որոնք սովորում են Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում: Պարզվում է, որ երեխաները մայրենի լեզուն, բացի Աննայի մոտ պարապելուց, ստիպված են պարապել նաև իրենց դպրոցի ուսուցչուհու մոտ: «Երևի երեխաները դպրոցում պարապում են, որ կիսամյակները բարձր գնահատականներով փակեն, իսկ ինձ մոտ գալիս են, որ գոնե մի քիչ գիտելիք ստանան այդ առարկայից»,- ասում է նա:

Դպրոցում նման իրավիճակում է եղել նաև այժմ երևանյան բուհերից մեկի ուսանողուհի Մերին: Հիշելով տարրական դպրոցը՝ նա պատմում է, թե ինչպես էր ստիպված հավելյալ պարապում գերմաներենի ուսուցչի մոտ բարձր գնահատական ստանալու համար: «Մեր ծնողներին թվում է, թե դպրոցն այն կառույցն է, որտեղ պետք է ստանանք լիարժեք կրթություն, ինչպես ժամանակին նրանք են ստացել, սակայն պատկերը բոլորովին այլ է, երբ մտնում ես դպրոց: «Գաս պարապմունքի՝ կդնեմ»․ ամենուրեք այս արտահայտությունն է, սրանից հետ չի մնում նաև Արտաշատը: Լեզուն այն առարկան է, որ հնարավոր չէ սովորել առանց ուսուցչի օգնության, իսկ մեր ուսուցիչը պահանջում էր՝ ոչինչ չտալով: Բնականաբար այսպիսի իրավիճակում բարձր գնահատական ստանալը բացառվում էր, նրա մոտ լրացուցիչ պարապմունքի գնալը գնահատականից բացի մեզ ոչինչ չէր տալիս»,-ասում է Մերին:

Մեկ այլ պատմություն էլ լսեցինք Եղեգնաձորի թիվ մեկ հիմնական դպրոցի աշակերտ Արմանից, որը տարիներ շարունակ կոնֆլիկտի մեջ է իր մաթեմատիկայի ուսուցչուհու հետ: Ըստ ուսուցչուհու՝ Արմանը ունի կրկնուսույցի կարիք, սակայն Արմանի ինքնուրույն աշխատանքներից ամենևին այդ տպավորությունը չես ստանում: Արդյունքում նորից բախվում ենք նույն ցածր գնահատականի խնդրին:

Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի աշակերտուհի Նարինեն դժգոհում է իր ամբողջ ժամանակը դասերին հատկացնելուց: Ասում է, որ շատ կուզենար դպրոցից գալ տուն, հանգստանալ, հետո սկսել դասերն ինքնուրույն պատրաստել, սակայն ստիպված է շտապել կրկնուսույցի մոտ: «Հատկապես Չեխովում կրկնուսույցներին դիմելը թանկ հաճույք է, հետևաբար ստիպված վարձում ենք այլ կրկնուսույցների: Բնականաբար, եթե երեխան պատրաստ ներկայանում է դասին, այդ դեպքում չդնելն արդեն աբսուրդ է, սակայն հակառակ դեպքում ունենում ենք ցածր գնահատականի խնդիր»,- դժգոհում է Նարինեի մայրիկը:

Փորձեցինք կապ հաստատելը դպրոցների տնօրենների հետ: Պարզվում է, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Երկար փորձելուց հետո վերջապես հաջողվեց մի քանի րոպե զրուցել երևանյան դպրոցներից մեկի տնօրենի հետ, ով չցանկացավ, որ իրեն ներկայացնենք: Տնօրենը պնդեց, որ իր դպրոցում բարձր մակարդակի է կրթությունը, իսկ խնդիրը միգուցե կայանում է նրանում, որ փոխվել է սերունդը: Այն հարցին, թե արդյոք չի կարծում, որ այս համատարած մասնավոր պարապմունքները կապված են ուսուցիչների ցածր վարձատրության հետ, ասաց․ «Հնարավոր է, դե ուսուցիչներին էլ կարելի է հասկանալ: Աշխատավարձը բավական ցածր է: Մենք մաքսիմալ մեր կարողությունների սահմաններում փորձում ենք որակ հաստատել, սակայն միևնույն է՝ երևում է դրամի գործոնը: Վաղուց արդեն ժամանակն է մեր այս խճճված կրթական համակարգում նորամուծություններ և բարեփոխումներ կատարել»: 

Լուսանկարը՝ Photolure-ի

Աղբյուր՝ JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել