The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Ապրիլ 25, 2014
Մատիտի տիրակալը Հյուսիսային պողոտայում
Աննա Խաչատրյան
Ուսանողի հայացք
Մատիտի տիրակալը Հյուսիսային պողոտայում

Հյուսիսային պողոտայի անցորդները հավանաբար նկատել են այն մի քանի երիտասարդ նկարիչներին, ովքեր իրարից քիչ հեռու` 15-20 րոպեում թղթին են հանձնում իրենց առջև նստած մարդկանց դիմա-կամ ծաղրանկարները:

Նրանցից է նաև 25-ամյա Հունան Ավետիսյանը, ով դրսում նկարելը պայմանավորում է մարդկանց հետ շփվելու հնարավորությամբ: «Արվեստանոցում մենակ մնալն ինձ օգնում է մուսա ստանալ, բայց մարդկանց հետ շփումն ավելի է ինձ լիցքեր հաղորդում», - ասում է Հունանը, բայց նաև ավելացնում, - «այսպես կատարելագործվում եմ արվեստիս մեջ»:

Հունանն արդեն մի քանի տարի է ինչ ստեղծագործում է Հյուսիսային պողոտայում: Պողոտայի իր արվեստակից ընկերներին է միացել Մանկավարժական համալսարանն ավարտելուց անմիջապես հետո:

Ամեն ինչ սկսվել է դեռևս 2006 թվականին, երբ Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի 2 ուսանող որոշեցին իրենց համար որպես արվեստանոց ընտրել պողոտան և ստեղծագործել բաց երկնքի տակ: Տարիների ընթացքում նրանց միացան ևս մի քանի ուսանողներ: 

Երբ օրերը տաքանում են, ու անցուդարձը շատանում է պողոտայում, տղաներն անցնում են գործի: Հունանը կարծում է, որ մարդու նմանությունը ստանալու համար դիմանկարի մեջ ամենակարևորը աչքերն են, հայացքը: Եթե հաջողվում է աչքերը ճիշտ պատկերել, աշխատանքը հաջողված է:

180

«19-րդ դարի իտալացի նկարիչ Մոդիլիանին մի անգամ կնոջն ասել է, թե «Երբ ճանաչեմ քո հոգին, կնկարեմ քո աչքերը»: Իհարկե, Մոդիլիանիի ասածի մեջ ճշմարտություն կա փիլիսոփայական տեսանկյունից: Բայց երբ մարդ ցանկանում է նկարվի, ես չեմ պատրաստվում ճանաչել նրա հոգին և հետո նոր աչքերը նկարել»,– կատակում է Հունանը:

Երիտասարդ նկարիչը խոստովանում է, որ Հյուսիսային պողոտայում կա մրցակցություն գործընկերների մեջ. «Այստեղ բոլորս էլ իրար ճանաչում ենք, ընկերներ ենք, բայց գործի մեջ չի կարող մրցակցություն չլինել»:

Նկարչի ընտրությունը կատարում է հաճախորդը` յուրաքանչյուրի ցուցադրած աշխատանքների հիման վրա: Արժեքը նույնն է. դիմանկարն արժե 5000 դրամ, ծաղրանկարը՝ 2000: «Տարիներ առաջ գները համեմատած ավելի էժան են եղել, բայց ինչքան փորձ ենք ձեռք բերում, վարպետանում ենք, այնքան դրանք բարձրանում են»,– ասում է Հունանը:

Հունանը դիմանկարը նկարում է մոտ 20-25 րոպեում: Եթե հաճախորդը լավ աշխատանք է ուզում, ուրեմն պետք է պատրաստ լինի 10 րոպե անշարժ նստել: Եղել են հաճախորդներ ովքեր չեն հավանել աշխատանքը: Հունանը ասում է, որ դա արդեն ճաշակի հարց է և նանատիպ դեպքերում պարզապես նկարն անվճար նվիրում է «բծախնդիր» հաճախորդին:  

Ի դեպ, երիտասարդ նկարիչը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվում Նարեկացի արվեստի կենտրոնում ունեցել է երկու խմբակային և մեկ անհատական ցուցահանդես՝ ներկայացնելով յուղաներկով կատարված իր ստեղծագործությունները: Ապագայում պլանավորում է ևս մեկ ցուցահանդես ունենալ, սակայն այս անգամ հիմնական թեմատիկան կլինի ծաղրանկարչությունը:

Նկարների աղբյուր` Hunanstudio.com

Աղբյուր` JNews.am


 

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել