The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՐԵՎԱՆՆԵՐ
Փետրվար 10, 2013
Պարսկական արահետով - 3. Իրանում լրագրությունը պահանջված չէ
Նվարդ Հովհաննիսյան
«ՋեյՆյուզ»
Պարսկական արահետով - 3. Իրանում լրագրությունը պահանջված չէ
Անի Միրզախանյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող հայկական լրատվամիջոցների աշխատողներից շատերը լրագրողական կրթություն չունեն: Ընդհանրապես լրագրողի մասնագիտությունը այս երկրում այդքան էլ պահանջված չէ, իսկ հայ համայնքում` մասնավորապես: Բայց Թեհրանի Ազադ համալսարանի Հեռահաղորդակցության ֆակուլտետում լրագրություն է դասավանդում հայուհի Անի Միրզախանյանը, ով համարում է, որ լրագրության մասնագիտության նկատմամբ առկա պասիվությունը պայմանավորված է ցածր աշխատավարձով ու ոչ կայուն աշխատանք ունենալով:

Անին դասավանդում է բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներին, կրթություն ստացել է հենց նույն համալսարանում: Անիի խոսքով, 1979 թ-ի իսլամական հեղափոխությունից հետո լրագրությունը մեծ պահանջարկ ուներ, եւ լրագրություն սովորելու համար դիմորդների թիվը անհամեմատ մեծ էր: Սակայն վերջին 2-3 տարիների ընթացքում նրանց թիվը նվազել է:

«Երկրի պայմաններն ու աշխատատեղերն են պատճառը: Նրանք, ովքեր լրագրություն են սովորում, մտածում են, թե վաղն ինչ պետք է աշխատեն: Պայմաններն այնպես չեն, որ հնարավոր լինի հանգիստ մի թերթում աշխատել, եւ այդ թերթը չփակվի»,- ասում է նա` նշելով, որ լրագրությամբ զբաղվում են միայն նրանք, ովքեր շատ են սիրում այդ մասնագիտությունը:

Քանի որ Իրանի Ազադ համալսարանը մասնավոր է եւ վճարովի, Հեռահաղորդակցության ֆակուլտետն ընտրած բոլոր դիմորդներն ընդունվում են, եթե նույնիսկ ցածր միավորներ հավաքած լինեն. նրանց թիվը տարեկան հասնում է շուրջ հիսունի: Ընդունելության քննություններն են` անգլերենը, աշխարհագրությունը, Պարսկաստանի պատմությունը: Ստուգվում է նաեւ դիմորդների տեսական գիտելիքները հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ:

Լրագրություն սովորելն այս համալսարանում թանկ հաճույք է: Բակալավրիատի յուրաքանչյուր կիսամյակն արժի 700-ից 800 դոլարին համարժեք իրանական ռիալ, իսկ մագիստրատուրայում այդ գինը կրկնապատկվում է` հասնելով 1500 դոլարի:

Կրթությունը բակալավրիատում հիմնականում գործնական հիմքերի վրա է: Ուսանողները զբաղվում են լուրեր, լուսանկարներ, մուլտիմեդիա նյութեր պատրաստելով, այցելում են նաեւ տարբեր խմբագրություններ: Մասնագիտական գրականությունն ապահովվում է պարսիկ մասնագետների կողմից իրենց աշխատանքային փորձառության մասին գրված գրքերով, երբեմն նաեւ թարգմանված արտասահմանյան գրականությամբ:

Մագիստրատուրայում ավելի շատ տեսական կողմն է կարեւորված. անցնում են հայտնի փիլիսոփաների, սոցիոլոգների հաղորդակցությանը վերաբերող տեսություններ:

Անի Միրզախանյանը հավաստիացնում է, որ կրթության որակի առումով վճարովի համալսարանները չեն զիջում անվճար պետական համալսարաններին:

Ինչպես եւ Հայաստանում, այնպես էլ Իրանում բուհն ավարտելուց հետո պետությունը չի աջակցում ուսանողներին աշխատանքի տեղավորման գործում: «Իրանում լրագրողներին ավելի հեշտ է աշխատանք գտնելը, քան այդ գտածը պահպանելը, թեեւ հիմա գտնելն էլ է դժավարացել»,- ասում է Թեհրանի Ազադ համալսարանի դասախոսը:

Նրա խոսքով, լինում է այնպես, որ աշխատանքի են անցնում չնչին աշխատավարձով, բայց մի քանի ամիս անց դուրս են մնում գործից: «Ստիպված մի այլ գործի են անցնում, որը կապ չունի մասնագիտության հետ»:

Նրա խոսքով, լրագրողների միջին աշխատավարձը կազմում է մոտ 400-500 դոլարին համարժեք ռիալ: Սա հաստիքային լրագրողների աշխատավարձն է, մինչդեռ խմբագրություններում ոչ հաստիքային (ֆրիլանս) լրագրողների քանակն ավելի շատ է, իսկ հոնորարներն` անհամեմատ ցածր:

Անի Միրզախանյանի դիտարկմամբ, ներկայումս Իրանում ինքնաֆինանսավորվող ԶԼՄ չկա: Նրանց մի մասը ֆինանսավորվում է կուսակցությունների կողմից, մյուս մասը` ամբողջությամբ կամ մասնակիորեն պետության կողմից:

Ցանցային պարբերականերն, ի տարբերություն թերթերի, դասախոսի կարծիքով, կարողանում են որոշակի այլընտրանքային ինֆորմացիա ապահովել, սակայն դրանց նկատմամբ վերահսկողություն ունենալու քաղաքականությունն արդեն մշակվել է:

Հայազգի դասախոսն ասում է, որ Իրանում ներկայումս քիչ են թերթ կարդում: Երիտասարդության շրջանում վստահությունը թերթերի նկատմամբ բավականին նվազել է: Հակառակ դրան` ավելացել է արտասահմանյան լրատվամիջոցների նկատմամբ վստահությունը: Մարդիկ հաճախ նախընտրում են Իրանի մասին լուրերին տեղեկանալ BBC-ից, CNN-ից կամ այլ արտասահմանյան լրատվամիջոցներից, քան տեղի մամուլից: 


Խմբագրի կողմից. Լրագրող Նվարդ Հովհաննիսյանն այս հարցազրույցն իրականացրել է իր մասնագիտական երկշաբաթյա վերապատրաստման ընթացքում, որն անցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունում: Իրանում հայկական լրատվամիջոցների և առհասարակ այս երկրում լրագրողների մասնագիտական գործունեության վերաբերյալ Նվարդի պատրաստած այլ նյութերին ծանոթացեք այստեղ և այստեղ:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել