ԼՀԱ Լուրեր
Ապրիլ 29, 2015
Ներկայացվեց «Կիբերտիրույթ. տեղեկատվական անվտանգություն եվ իրավունք» ձեռնարկը
Ներկայացվեց «Կիբերտիրույթ. տեղեկատվական անվտանգություն եվ իրավունք» ձեռնարկը

Ապրիլի 29-ին «Անի Պլազա» հյուրանոցի  «Գառնի» սրահում ներկայացվեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ հրատարակված «Կիբերտիրույթ. տեղեկատվական անվտանգություն եվ իրավունք»  ձեռնարկը: Միջոցառման շրջանակներում ներկայացվեցին նաև ձեռնարկի մաս կազմող՝ «Առցանց անվտանգության կանոնների պահպանումը Հայաստանում» թեմայով հարցման արդյունքները:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը շնորհանդեսին իր բացման խոսքում նշեց. «Ես գնահատում եմ «ԼՀԱ» կազմակերպության ներդրումը` որպես քաղաքացիական հասարակության կառույց, որը նվիրված  է ԶԼՄ-ների գործունեության ոլորտի բարելավման գործին և շարունակում է լրագրողների և  քաղաքականություն մշակողների գիտելիքների կատարելագործումը: Կարծում եմ՝ նոր ձեռնարկը զգալի ներդրում է ոլորտում դրական փորձ զարգացնելու և ինտերնետում անձնական տեղեկատվության անձեռնմխելիությանը պահպանելու գործում»:

«Առցանց անվտանգության կանոնների պահպանումը Հայաստանում» թեմայով անանուն հարցումն իրականացվել է Հայաստանի լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության 50 ներկայացուցիչների շրջանում, որոնցից յուրաքանչյուրը պատասխանել է ընդհանուր առմամբ 50 հարցի: Հարցման նպատակն է` բացահայտել լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից տեղեկատվական անվտանգության կանոնների պահպանման կարևորության ընկալումը` որպես ցանցի ակտիվ սպառողներ: Հետազոտությունը տեղեկություններ է պարունակում հարցվածների կողմից կիրառվող թվային սարքերի և օպերացիոն համակարգերի, համացանցից օգտվելու հաճախականության, սեփական տեղեկատվական անվտանգությունը պահպանելու մեթոդների, թվային սարքերից օգտվելիս առաջացող հիմնական խնդիրների եւ կիբերհանցագործության թիրախում հայտնվելու սեփական փորձի մասին:

«Հարցվածների մեծ մասը, կարծես, ճիշտ սահմանում է տալիս, թե ինչ է կիբերհանցագործությունը, սակայն անվտանգության հարցերին վերաբերող պատասխաններից երեւում է, որ բավարար չի գիտակցում սեփական անձի համար կիբերհանցագործությունից բխող վտանգներն ու վնասները»,- ասում է նախագծի հեղինակ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:

72 Ըստ նրա, հարցվածների շրջանում չկա մեկը, ով բացառի իր կողմից կիրառվող թվային սարքերում օտար, անցանկալի ծրագրի կամ վիրուսի հայտնաբերումը, ինչը նշանակում է, որ բոլոր մասնակիցներն առնվազն մեկ անգամ կիբերհանցագործության զոհ են եղել:

Հարցման վերաբերյալ զեկույցը հասանելի է հայերեն լեզվով և ներառված է «Կիբերտիրույթ. տեղեկատվական անվտանգություն եւ իրավունք»  ձեռնարկում:

Նշված  ձեռնարկն անդրադառնում է նաև համացանցի կառավարման միջազգային սկզբունքներին, կիբերտիրույթում անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքներին, կիբերհանցագործության իրավական կողմին, միջազգային կիբերհետապնդումներին եւ գաղտնալսումներին, որտեղ անմասն չի մնում նաեւ Հայաստանը: Ձեռնարկի վերջին մասը համացանցի ռուսական տիրույթին առնչվող օրենսդրական եւ իրավական իրավիճակի մասին է:

«Կիբերտիրույթ. տեղեկատվական անվտանգություն եւ իրավունք» ձեռնարկի հեղինակներն են` իրավաբաններ Արա Ղազարյանը և Սարգիս Դարբինյանը (Ռուսաստան), տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Առցանց անվտանգության կանոնների պահպանումը Հայաստանում» թեմայով հարցման արդյունքների տեխնիկական մշակումը եւ վերլուծությունը՝ Կարինե Դարբինյանի: Հարցումների  պատասխանատու եւ տվյալների մուտքագրող` Հասմիկ Փայտյան:

«Կիբերտիրույթ. տեղեկատվական անվտանգություն եւ իրավունք» ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը հասանելի է նաև այստեղ: Տպագիր տարբերակը անվճար ստանալու համար կարող եք դիմել ԼՀԱ` գրելով info@jnews.am էլհասցեին: 

Աղբյուրը` «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

 

 

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.