ԼՀԱ Լուրեր
Դեկտեմբեր 30, 2011
Հատուկ մեր մասին. «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ամփոփեց 2011 թվականը
Հատուկ մեր մասին. «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ամփոփեց 2011 թվականը

2011 թվականը «Լրագրողներ հանուն ապագայի» համար աննախադեպ ակտիվ տարի էր: Կազմակերպված միջոցառումների շարքում էին սեմինարներ, իրավապաշտպանական նախաձեռնություններ, վարպետության դասեր, համաժողով և այլ նախագծեր: ԼՀԱ-ն շարունակեց նաև մեդիա ոլորտի դիտարկումներն ու լրագրողական ուսումնասիրությունները, որոնք հասանելի են JNews.am ԶԼՄ-ներին աջակցող հարթակի պահոցում:

Այս բոլոր նախաձեռնությունների հիմքում ընկած էր մեկ նպատակ` նպաստել Հայաստանում բազմակարծության տարածմանը, տեղեկատվության ազատության ապահովմանը և ԶԼՄ-ների նկատմամբ հանրության վստահության ավելացմանը:

Այս տարվա նախաձեռնություններից մի քանիսը նախորդ` 2010 թ-ին սկսած ծրագրերի տրամաբանական շարունակությունն էին: Դրանցից են «Համացանց. հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագիրը և JNews.am ԶԼՄ-ներին աջակցող հարթակը, որոնց աջակցեց «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը», ինչպես նաև «Նոր մեդիա դասընթացներ լրագրողական համայնքի համար» ծրագիրը, որն իրականացվեց Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների դեսպանատան «Մատրա» ծրագրի և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:

«Նոր մեդիա դասընթացներ լրագրողական համայնքի համար» ութամյսա ծրագիրն ավարտվեց 2011 թ-ի հունիսին: Այդ ընթացքում ԼՀԱ-ին հաջողվեց կազմակերպել 11 միջոցառում` 3 եռօրյա սեմինար, 3 մարզային դասախոսություն Գյումրիում, Գավառում և Գորիսում, 4 վարպետության դասախոսություն և մեկ տարածաշրջանային համաժողով: Բոլոր միջոցառումներին, ընդհանուր առմամբ, մասնակցեց շուրջ 180 հոգի` մեդիա փորձագետներ, լրագրության դասախոսներ, մարզերի և մայրաքաղաքի լրագրողներ, ուսանողներ և քաղաքացիական ակտիվիստներ: Սեմինարների ու վարպետության դասերի մեդիա փորձագետներն էին` Ռուսաստանից` Իվան Զասուրսկին և Գրիգորի Շվեդովը, իսկ Հայաստանից` Արթուր Պապյանը, Սամվել Մարտիրոսյանը և Գայանե Միրզոյանը:

Ծրագրի ամփոփիչ համաժողովին ներկա էին մոտ 30 մեդիա փորձագետներ` Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից:

Նույն ծրագրի շրջանակներում ստեղծվեց Ditaket.blogspot.com մարզային լրատվական փորձարարական հարթակը, որն առաջին երկու ամիսների ընթացքում ունեցավ 25000 այցելու: Ստեղծվեց նաև Tmtarmenia.blogspot.com մասնագիտացված բլոգը` լրագրություն դասավանդողների համար:

Ամենակարևոր ձեռքբերումներից էր նաև «Նոր մեդիա գործիքներ» առարկայի մշակումը, որն այժմ ընդգրկվել է Երևանի պետական բուհերից մեկի լրագրության բաժնի ուսումնական ծրագրում:

Իսկ «Համացանց. հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագրի շնորհիվ 22 լսողության խանգարում ունեցող քաղաքացիներ ութ ամիսների ընթացքում սովորեցին օգտվել նոր մեդիա գործիքներից և ստացան լուսանկարելու հմտություններ: Կազմակերպվեցին հատուկ հանդիպումներ ծրագրի մասնակիցների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների և լրագրողների միջև:

Այս ծրագրի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում ստեղծվեց Deafnet.blogspot.com առցանց լրատվական հարթակը, որը ներկայացնում է Հայաստանում խուլերի և լսողության խանգարում ունեցող համայնքի խնդիրներն ու իրադարձությունները: Այստեղ ընդգրկված է նաև այն կազմակերպությունների տվյալների բազան, որոնք գործունեություն են ծավալում լսողության խանգարում ունեցող անձանց համար:

Խուլերի համայնքի համար առցանց էջեր բացվեցին նաև Twitter-ում, Picassa-ում, Facebook-ում և այլ սոցիալական հարթակներում: Հատկապես մեծ հաջողություն է ունեցել ֆեյսբուքում բացված «Լռության ձայն» էջը: Այս պահին այն ունի մոտ 300 անդամ, և այստեղ են հիմնականում ծավալվում լսողության խանգարում ունեցողների խնդիրներին վերաբերող քննարկումները: Վեց ամիսների ընթացքում «Լռության ձայն» էջի պատին եղել է մոտ 1400 քննարկում, որոնք մոտ 50,000 դիտում են ունեցել:

Պետք է նշել, որ այս ծրագրի ընթացքում ԼՀԱ-ն սկսեց մի հավելյալ նախաձեռնություն, որն ուղղված էր Հայաստանում լսողության խանգարում ունեցող քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքի վերականգնմանը: Ողջ տարվա ընթացքում շարունակվող նախաձեռնության հիմնական նպատակն էր Հանրային հեռուստաընկերության եթերում ժեստերի լեզվով ուղեկցվող լրատվական հաղորդումների հեռարձակումը: Նախաձեռնությունը սկսվեց 2011թ-ի հունվարի 18-ին ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին բաց նամակ հղելով և մինչ օրս շարունակվում է հրապարակային միջոցառումներով:

12 ամիսների ընթացքում տեղական տպագիր, առցանց և ռադիո ԶԼՄ-ներն ու բլոգերները այս խնդրին անդրադարձել են ավելի քան 70 անգամ: Բայց այն այդպես էլ անտեսված մնաց հայկական հեռուստաընկերությունների կողմից, որոնք այդպես էլ չկարևորեցին խուլերի տեղեկացված լինելու իրավունքը:

Այնուամենայնիվ, ԼՀԱ-ի այս նախաձեռնության հիման վրա ԱԺ-ն ընդունեց մի օրինագիծ, որով սահմանեց, որ Հանրային և բոլոր մասնավոր հեռուստաընկերությունները պարտավոր են ունենալ ժեստերի լեզվով կամ հայերեն լուսագրերով լրատվական հաղորդումներ:

Թեպետ դեռևս չկա ժեստերի լեզվով հեռարձակվող լրատվական հաղորդում, և պարզ չէ` արդյոք որևէ հեռուստաընկերություն նման հաղորդում կկազմակերպի իր եթերում, սակայն այս նախաձեռնության շնորհիվ հնարավոր դարձավ հանրության ուշադրությունը գրավել դեպի Հայաստանում բնակվող լսողության խանգարում ունեցող քաղաքացիների խնդիրները:

Իսկ վերջում թվերի միջոցով ներկայացնենք JNews.am ԶԼՄ-ներին աջակցող հարթակի հաջողությունները.

  • Շուրջ 1000 հոդված անգլերեն և հայերեն լեզուներով Հայաստանի և հարևան երկրների մամուլի իրավիճակի, ինֆորմացիայի ազատության և լրագրողական միջոցառումների մասին,
  • Մոտ 20 լրագրողական ուսումնասիրություն և հետաքննություն,
  • 2011 թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում մոտ 65,000 դիտում աշխարհի 100 երկրներից (Google-ի վիճակագրություն)
  • JNews.am-ի ֆեյսբուքի էջն ունի 650 անդամ (հիմնականում մեդիա ոլորտի ներկայացուցիչներ): Այն շաբաթական դիտում է միջինը 1500 օգտատեր: Իսկ մեկ տարվա ընթացքում ֆեյսբուքում տեղադրված նյութերը դիտել են ավելի քան 200,000 անգամ:

2011թ-ին դրվեց նաև նոր նախաձեռնությունների սկիզբ, որոնց իրականացումը կշարունակվի արդեն հաջորդ` 2012թ-ին: Նոր տարում ԼՀԱ-ն կշարունակի սատարել խոսքի ազատության և բազմակարծության տարածմանը Հայաստանում: Մեր ուշադրության կիզակետում կլինեն Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների լուսաբանումը տեղական ԶԼՄ-ների կողմից, հեռուստատեսության թվայնացման և էլեկտրոնային կառավարման անցումային գործընթացները:

Վերը թվարկված միջոցառումների իրականացումը և ցանկացած հաջողություն անհնար կլիներ առանց մեր ծրագրերի մասնակիցների, գործընկերների և աջակիցների, որոնց հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Այս մեկ տարին հագեցած էր դժվար օրերով ու բազմաթիվ հաղթանակներով, և դրա շնորհիվ է, որ 2012 թ. մուտք ենք գործում շատ ավելի հասուն, փորձառու և պատրաստ իրականացնելու դրական փոփոխություններ նոր տարում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Լավագույն բարեմաղթանքներով`

Սուրեն Դեհերյան

Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ նախագահ

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.