The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Իրան
Մարտ 1, 2012
Պարսկական արահետով - 1. հայացք Իրանի լրագրությանը տեղի հայկական մամուլի միջոցով
Նվարդ Հովհաննիսյան
«ՋեյՆյուզ»
Պարսկական արահետով - 1. հայացք Իրանի լրագրությանը տեղի հայկական մամուլի միջոցով
Hyeli.com-ի խմբագիր Սևան Պետրոսյան

Խմբագրի կողմից. Այս հարցազրույցով ՋեյՆյուզը սկսում է հրապարակել երիտասարդ լրագրող Նվարդ Հովհաննիսյանի նյութերի շարքը Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական մի քանի լրատվամիջոցների, լրագրողների և առհասարակ այս երկրում լրագրողների մասնագիտական գործունեության առանձնահատկությունների և դժվարությունների մասին:

Նվարդը վերջերս է վերադարձել Իրանի Իսլամական Հանրապետությունից, որտեղ երկշաբաթյա վերապատրաստում էր անցնում հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունում:

Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում հայկական ամենահին գաղութներից մեկը: Ըստ հայկական համայնքի ունեցած տվյալների' այսօր այս երկրում ապրում է շուրջ 70-80 հազար հայ, որոնք հիմնականում կենտրոնացված են մայրաքաղաք Թեհրանում: Հայ համայնքը դեռևս 19-րդ դարի վերջին ունեցել է իր տպագիր մամուլը: Այսօր էլ համայնքում լույս են տեսնում մի շարք պարբերականներ, որոնց շարքում առավել հայտնի են «Ալիք» օրաթերթը, «Արաքս» շաբաթաթերթը, «Հույս» երկշաբաթաթերթը, «Լույս» հասարակական և մշակութային ամսագիրը: Բացի տպագիր մամուլից այստեղ են պատրաստվում նաև մի շարք առցանց հայկական պարբերականներ, ինչպիսիք են Iranahayer.com, Hamaynk.ir և Hyeli.com լրատվական կայքերը:

Hyeli.com-ի խմբագիր 34-ամյա Սևան Պետրոսյանի հետ էլ կայացել է Նվարդի առաջին հարցազրույցը, ով պատմել է Իրանում հայկական օնլայն պարբերականների խնդիրների և ոչ միայն...

- Սևան, այս օրերին նկատեցի, որ Իրանում ինտերնետի հասանելիությունն ու որակն այնքան էլ լավ չէ: Արդյո՞ք դա խոչընդոտ չէր օնլայն պարբերական ստեղծելու համար և չի՞ ազդում կայքի բնականոն գործունեության վրա:

- Բավականին ազդում է, բայց մենք սովորել ենք: Դանդաղությունը չէր կարող պատճառ լիներ, որ մենք չստեղծեինք Hyeli.com-ը: Շատ վաղուց է, որ փայլուն վիճակում չի, հիմա մի քիչ ավելի է դանդաղել, երևի հասկանալի պատճառներով (նկատի ունի վաղը` մարտի 2-ին Իրանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները), բայց բոլոր դեպքերում նյարդայնացնող է, գործը շատ է դանդաղում, թեև իրականում այնքան դանդաղ չէ, որ վեբկայք ունենալն անիմաստ դառնա: Օրեր են լինում, որ խմբագրությունում ինտերնետ չի լինում և քանի որ մեր տան ու գործընկերներիս տան ինտերնետ պրովայդերն այլ է, երբ կապը կտրվում է, ամեն մեկը գնում է տանից աշխատելու:

- Արդյո՞ք օնլայն պարբերականները Իրանի հայ համայնքում ունեն նույնքան հաջողություն որքան ավանդական լրատվամիջոցները:

- Այստեղ թերթը դեռ իր կշիռն ունի, օնլայն պարբերականներին մի քիչ անլուրջ են վերաբերվում: Ոմանց համար օնլայնն արդեն լրատվամիջոց է, ոմանց համար էլ վերաբերմունքը սահմանափակվում է հետևյալ արտահայտությամբ. «Հա դե լավ, կայքա էլի, ջահելականա»: Պատճառը հավանաբար այն է, որ նոր սերունդն է կայք կարդում և կայքի վրա աշխատում, և որ օնլայն պարբերականներում եթե սխալներ ես թույլ տալիս, կարող ես փոխել, ջնջել, սակայն թերթում ստիպված ես շատ աշխատել, որովհետև փաստ է, և սխալներ թույլ տալը հնարավոր չէ:

Բայց ես կարծում եմ, որ նույնիսկ մեկ տարվա մեջ ցանկացած կայք-էջ կարող է թերթի ընթերցողներին հավասար լսարան ունենալ, եթե ոչ ավելին: Այն խավը, որն այսպես թե այնպես թերթ չի կարդում, «Հայելի», կամ որևէ այլ լրատվական վեբկայք է կարդում միանշանակ: Թերթ կարդացողների միայն մի մասն է, որ կարդում է նաև օնլայն պարբերականներ:

- Իսկ որքա՞ն այցելու ունի Hyeli.com–ը ամսվա կտրվածքով:

- Ամիսը միջինը 4500 այցելու ունենք: Այս թիվը ավելանում է կամ նվազում: Օրինակ, Համահայկական խաղերի ժամանակ այցելուների քանակը բավականին ավելանում է, որովհետև ընթերցողներն ուզում են իմանալ` իրանահայերն ինչպես են ելույթ ունենում խաղերում: Այցելությունների մեծամասնությունն Իրանից է, երկրորդ տեղում Հայաստանն է, իսկ երրորդում' Սիրիան:

- Եթե ավելի բովանդակային կողմին անդրադառնալու լինենք, ո՞րն է պատճառը, որ իրանահայ մամուլում չկա կամ գրեթե բացակայում է քննադատությունը: Այդ մասին նաև Hyeli.com-ի հոդվծաներից մեկում է խոսվում: 

- Այդ հոդվածը նախ վերաբերվում էր համայնքային ներքին քննադատությանը, որովհետև հոդվածագրի մոտ խնդիր էր առաջացել, երբ որ ինքը գրել էր մի ներկայացման մասին: Բայց ընդհանրացնելով ասեմ, որ ընդհանրապես սփյուռքում միշտ համարվել է, որ պետք չէ խոսել թերությունների մասին, հարցը մի ներկայացումը չէ, այլ բոլոր համայնքային խնդիրները:

Համայնքում այսպես ասած ժողովրդավարություն կա, թե չկա, փողը «ուտվում է», թե «չի ուտվում», դրանց մասին նախընտրում են չխոսել ոչ թե որովհետև բոլորը համաձայն են փող ուտելուն, այլ որովհետև գտնում են, որ ուրիշները' այս դեպքում ընդունող երկիրը' Իրանը, պարսիկները դրա մասին կիմանան:

Նախընտրում ենք հարցերը մեր մեջ լուծել, եթե կլուծվի, կլուծվի, եթե չի լուծվի, շատ վատ է:

Դրա համար այդ թեմաների մասին հրապարակավ խոսելը նախընտրելի չէ: Եվ հետո մեկ ուրիշ հարց էլ կա. համայնքում շատերն աշխատում են կամավորական հիմունքներով և գումար չեն ստանում, ու երբեմն այդքան էլ բարոյական չէ այդ մարդկանց քննադատելը: Դրա համար քննադատելու սովորություն չկա և դա հասել է նրան, որ քննադատությունն ընդհանրապես չի ընդունվում:

139 - «Հայելիի» առաքելության մեջ նշված է, որ կայքը նպատակ ունի վերհանել համայնքում չբարձրաձայնված խնդիրները: Որո՞նք են դրանք:

- Չբարձրաձայնված խնդիրներ ամեն տեղ կան, բոլոր հասարակություններում: Օրինակ, մեզ մոտ առաջին նյութերից մեկը, որը բավականին մեծ աղմուկ ունեցավ, պարսիկ տղայի հետ ընկերություն անելն ու ամուսնանալն էր: Դա իրականում համայնքի «չի կարելիների» թեմաներից է, այն «կա թե չկա»' կարևոր չէ, դրա մասին խոսել չի կարելի, տաբու է: Երկրորդը, որ այդքան էլ տաբու չէր, հայաստանցի հարսերն են, ովքեր ապրում են Իրանում: Իսկ քաղաքական հարցերից փորձում ենք հեռու մնալ:

- Ինչու՞:

- Որովհետև իմ անձնական կարծիքով քաղաքականության թեման համայնքում սահմանափակվում է թեմական խորհրդով, խորհրդարանում եղած հայ պատգամավորների հետ կապված իրադարձությունով: Իսկ իրանական քաղաքական լուրերի մեջ մտնել իմաստ չկա այն պատճառով, որ դրա մասին լրատվությունը պարսկերենով կա, ավելի արագ է, թարմ, վերլուծությունները շատ ավելի տեղին են, և մերոնք էլ ավելի հեշտ պարսկերեն են կարդում, քան հայերեն: Մրցակցության մեջ մտելն իմաստ չուներ:

- Համայնքային մամուլում, հատկապես կայք-էջերում շատ են արտատպումները: Hyeli.com -ում ևս նկատեցի այդպիսինները, մասնավորապես լուրերի բաժնում: Ինչո՞վ է պայմանավորված դա:

- Արտատպման իրական պատճառը ոչ թե գրել չկարողանալն է, այլ գրելու բան չունենալը, որովհետև մեր համայնքում բան չի պատահում Հայաստանի հետ համեմատած: Եթե, օրինակ, «Hyeli.com»-ը գրի միայն համայնքային լուրեր, օրական կարող է առավելագույնը հինգ լուր լինի, որից երեքը եկեղեցու հետ կապված: Դրա համար մենք ստիպված էինք բացել մեր լրատվության սահմանները:

- Իրանական մամուլում եղած տաբուները ազդու՞մ են իրանահայ մամուլի վրա: Իրանում հայ համայնքի ունեցած ազատությունները վերաբերում են նաև մամուլի՞ն:

- Քաղաքական առումով չեմ կարող ասել, որովհետև ինչ-որ իրանական թերթ կարող է շատ ավելի համարձակ լինի և ասի «էս երկիրը երկիր չի»: Մենք դրա մասին չենք էլ խոսում: Բայց իրականում, քանի որ մենք հայերեն ենք խոսում, և պետությունն առհասարակ հայերենով տպագրվող մամուլի վրա այդքան էլ հսկուղություն չունի, լայն զանգվածների համար այն հասանելի չէ և եթե նույնիսկ հասանելի լինի չեն կարող հասկանալ, թե ինչ է գրված, իրանց համար այդքան էլ խնդիր չի:

Ես չգիտեմ պետությունը «Hyeli.com»-կարդում է, թե ոչ, բայց մենք հանգստորեն Քիմ Քարդաշյանի նկարն ենք դնում կամ Playboy-ի մասին գրում: Մենք այդ առումներով որևէ խնդիր չունենք:

- Իսկ կայքի գործունեության ֆինանսավորումը ինչպե՞ս եք ապահովում

- Իրականում վեբկայք պահելը ծախսերի առումով անհամեմատելի էժան է, քան թերթը: Հայելին ունի նվիրատուներ, աշխատում է, բայց առհասարակ աշխատում է անձնական միջոցներով: Եկամուտ ունենալու մեր հույսը գովազդներն են, սակայն «Հայելիում» գովազդ տալու ցանկացող անձանց թիվը շատ քիչ է: 

 

Իրանում հայկական լրատվամիջոցների և  այս երկրում լրագրողների մասնագիտական գործունեության վերաբերյալ Նվարդի պատրաստած այլ նյութերին ծանոթացեք այստեղ և այստեղ:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել