The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Մարտ 24, 2016
Գրիգոր Ամալյան. «Սարք ունենալ-չունենալը դիտեք որպես սեփական հայեցողություն, ոչ թե իրավունքի սահմանափակում»
Գրիգոր Ամալյան. «Սարք ունենալ-չունենալը դիտեք որպես սեփական հայեցողություն, ոչ թե իրավունքի սահմանափակում»
ՀՀՌՑ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյան

Հայաստանում ավարտված է համարվում թվայնացման գործընթացը: Պաշտոնական աղբյուրների համաձայն` թվային հեռարձակումը հասանելի է Հայաստանի ողջ տարածքում: Թվային հեռարձակումից կարող են օգտվել բոլոր այն բնակիչները, ովքեր ունեն հեռուստացույց DVB-T2 ձեւաչափի հեռարձակման ընդունիչով, կամ ովքեր իրենց հին սերնդի հեռուստացույցը համալրել են նույն ձեւաչափի կցուրդով, որն ապահովում է այս ազդանշանի ապակոդավորումը:

Սակայն այս պահին, ովքեր դեռ չեն հասցրել ձեռք բերել այդպիսի հեռուստացույց կամ կցուրդ սարք, առայժմ կարող են օգտվել անալոգային հեռարձակումից: Ըստ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի» (ՀՀՌՑ) գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի, անալոգային ձեւաչափով զուգահեռ հեռարձակումը նախատեսվում է պահպանել մինչեւ ամռան վերջ, երբ պետությունը ավարտած կլինի սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար կցուրդ սարքեր տրամադրելու գործընթացը:

Ստորեւ ներկայացված է ՀՀՌՑ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի JNews.am-ին տված հարցազրույցը:

- Պարոն Ամալյան, հեռարձակման թվայնացման գործընթացը ե՞րբ կհասնի նախանշված վերջնակետին, այն է՝ անալոգային հեռարձակման անջատմանը: Որո՞նք են հիմնական խնդիրները, եւ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

 - Անջատման ժամկետների փոփոխման պատճառները եղել են թվայնացման ողջ գործընթացի հայեցակարգային մոտեցումը՝ ապահովել սոցիալական գործընթաց: Ի սկզբանե նախատեսվել էր թվային սարքերով ապահովել թվով 46 733 անապահով ընտանիքների: Այդուհանդերձ, կառավարությունը ընդլայնեց ցանկը, արդյունքում 108 հազար ընտանիքներ կստանան կամ արդեն ստացել են անվճար սարքեր: Միայն այս բոլոր ընտանիքներին սարքերով ապահովելուց հետո տեղի կունենա անալոգային հեռարձակման անջատումը: Կարծում եմ` դա հնարավոր կլինի անել այս տարվա ամռան ավարտին:

- Սարքերի բաշխումը ո՞ր կառույցն է իրականացնում, եւ ինչպե՞ս է իրականացվում գործընթացի վերահսկողությունը:

 - Գործընթացի տարբեր բաղադրիչներ բաշխվել են երեք գերատեսչությունների միջեւ՝ Տրանսպորտի եւ կապի նախարարության (ՏԿՆ), Տարածքային կառավարման նախարարության, Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության միջեւ: Վերջինս կազմել է սոցիալապես անապահով ընտանիքների ցանկը, ՏԿՆ-ն ապահովել է խնդրի տեխնիկական եւ նյութական կողմը, այսինքն՝ սարքերի ձեռքբերումը եւ հետագա բաշխումը, իսկ Տարածքային կառավարման նախարարությունն իր ենթակառուցվածքների միջոցով այս սարքերը հատկացրել է քաղաքացիներին: Կառավարությունը ուշի ուշով հետեւում է ամբողջ գործընթացին:

- Ծրագրի իրականացման համար որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից: Միջազգային վարկային կամ մասնավոր ներդրումներ այս գործընթացում եղե՞լ են:

- Գործընթացի ողջ ֆինանսավորումը եղել է կառավարության կողմից: Նախատեսված էր մոտ 16 միլիոն դոլարի ծախս, ներառյալ կցուրդ սարքերը: Բայց պլանային աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել մոտ 365 միլիոն դրամի խնայողություն: Եղել են նաեւ պետական ֆինանսավորումից դուրս ծախսեր` սեփական միջոցների հաշվին:

- Կան ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն սոցիալապես անապահովների խմբում, բայց դեռ ձեռք չեն բերել կցուրդ սարքեր: Անալոգային հեռարձակումը դադարեցնելու պարագայում նրանք կզրկվե՞ն տեղեկատվություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքից: Միգուցե անհրաժեշտություն կա ավելի ինտենսիվ քարոզչության, մարդկանց համոզելու, որ սարքերը ձեռք բերելու անհրաժեշտություն կա:

- Ողջ 2014 թ. մենք լրատվամիջոցներին պատվիրել ենք սոցգովազդներ եւ լուսաբանում: Ինչ վերաբերում է տեղեկատվություն ստանալու իրավունքին, ապա սոցիալապես անապահով խավին ապահովելու գործն իր վրա վերցրեց կառավարությունը: Իսկ ովքեր պետք է ինքնուրույն կարգավորեն իրենց խնդիրը, նրանց սարք ունենալ-չունենալու հարցը պետք է դիտել որպես սեփական հայեցողություն, ոչ թե տեղեկատվական իրավունքի սահմանափակում:

- Առեւտրային ընկերություններն ակտիվորեն գովազդում են նոր տիպի հեռուստացույցեր, կցուրդ սարքեր, բայց կա՞ն արդյոք մեխանիզմներ՝ վերահսկելու շուկան, ստուգելու այդ սարքերի որակը, համապատասխանությունը, որպեսզի առաջիկա տարիներին բնակչությունը հավելյալ կցուրդներ գնելու անհրաժեշտություն չունենա:

- Միգուցե Էկոնոմիկայի նախարարությունը կամ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ այլ պետական կառույցներ անեն այդ վերահսկողությունը, օրենսդրական կարգավորումներ անեն:

Խորհրդի կարգով կուզեի մեր քաղաքացիներին հորդորել, որ կցուրդ սարքեր ձեռք բերելիս ընտրեն այնպիսիք, որոնք կարող են աշխատել հայերեն տառատեսակներով: Թվային հեռուստատեսության առավելություններից է լրացուցիչ ծառայությունները, մասնավորապես հեռուստատեսային ծրագրերի էլեկտրոնային ցանկերը, որոնք մենք արդեն տալիս ենք: Կառավարության կողմից ձեռք բերված կցուրդները, որ տրվում են անապահով ընտանիքներին, ապահովում է հայերեն տառատեսակները:

Գիտեք, որ այսօր լուրջ զարգացման փուլում է սմարթ հեռուստատեսությունը: Եթե քաղաքացու ֆինանսական հնարավորությունները բավարար են, ցանկալի է գնել սմարթ TV-բոքսեր, քանի որ ապագան հիբրիդային հեռուստատեսությանն է, երբ քաղաքացին նույն սարքի միջոցով կարող է ե՛ւ եթերային հեռուստատեսություն նայել, ե՛ւ օվըր-թոփ կոչված ինտերնետային հեռարձակումներ:

- Անալոգային հեռարձակման դադարեցումից հետո մարզային մի շարք հեռուստաընկերություններ չեն հեռարձակվի: Արդյո՞ք սա նշանակում է, որ վերջ կդրվի նրանց գործունեությանը:  

- Գիտեք, նախորդ տարեվերջին օրենսդրական փոփոխություն է արվել, որով երաշխավորվել է այս ընկերությունների գործունեության շարունակականությունը: Բոլոր այն ՀԸ-ները, որոնց հարցը բաց էր մնացել, այսինքն՝ լիցենզիաների ժամկետները ավարտվել էին, եւ այդ ընթացքում հնարավոր չէր եղել նրանց նոր շանս տալ շարունակելու գործունեությունը, օրենսդրի  որոշմամբ կաշխատեն այնքան ժամանակ, մինչեւ որ տվյալ տարածքում տեղի կունենան թվային գործունեության նոր մրցույթներ, եւ ընկերությունը հնարավորություն կունենա իր գործունեությունը շարունակել թվային ձեւաչափով, կամ ի հայտ կգան մասնավոր տեխնիկական հեռարձակողներ, որոնք իրենց կողմից տեխնիկական հնարավորություն կստեղծեն այս ընկերությունների գործունեությունը շարունակելու համար:

Գրիգոր Ամալյանը նաեւ տեղեկացրեց, որ այսուհետ Հայաստանի Հանրային ռադիոն հանրապետության ողջ տարածքով հասանելի է նաեւ թվային հեռարձակմամբ: Հանրային ռադիոյի թվային հեռարձակումը մեկնարկել է մարտի 22-ից: Ռադիոալիքը որսալու համար հեռուստադիտողները պետք է ընդամենը վերակարգավորում կատարեն որոնման միջոցով` թարմացնելով թվային ալիքների ցանկը, ինչի արդյունքում ցանկում կավելանա նոր անուն՝ Հանրային ռադիո:

Հարցազրույցը` Գագիկ Աղբալյան


Կարդացեք նաև` Մարզային հեռուստաալիքների առջև ծառացած մարտահրավերները


Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել