The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Դեկտեմբեր 6, 2016
Նինո Մաչարաշվիլի. «Շատ կարևոր է մարդկանց բացատրել այն, ինչն այնքան էլ պարզ չէ»
Գայանե Ենոքյան
«ՋեյՆյուզ»
Նինո Մաչարաշվիլի. «Շատ կարևոր է մարդկանց  բացատրել այն, ինչն այնքան էլ պարզ չէ»
Photo courtesy of TechSoup Europe

Ժամանակակից ժուռնալիստիկայի հետզհետե տարածվող ուղղություններից է տվյալների լրագրությունը: Այս ժանրի հիմքում ընկած է տվյալների մշակումը և դրանց միջոցով լրագրողական նյութի ստեղծումը: Թվերը կարող են դառնալ ինչպես նոր թեմայի բացահայտման գործիք, այնպես էլ նյութի աղբյուր:  «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից վերջերս անցկացված «Բացատրական լրագրությունը թվային մեդիա ինդուստրիայում» խորագրով դասընթացի հյուրն էր  JumpStart Georgia կազմակերպության ծրագրերի համակարգող և տվյալների լրագրության մասնագետ Նինո Մաչարաշվիլին: Նա մասնակիցներին ծանոթացրեց լրագրողական այս ուղղությանը, ներկայացրեց` ինչպես աշխատել աղյուսակների և տվյալների հետ` դրանցից անհրաժեշտ պատասխաններ ստանալու համար:

- Դուք ներկայացնում եք տվյալների լրագրության ոլորտը, որը մեծապես կապված է մաթեմատիկական հաշվարկների հետ: Հետաքրքիր է` դպրոցում ինչպե՞ս էիք վերաբերվում մաթեմատիկա առարկային:

- Չեմ կարող ասել, որ սիրում էի մաթեմատիկան: Ես գիտեի, որ լրագրող եմ դառնալու և կարծում էի` լրագրությունն ու մաթեմատիկան շատ տարբեր են: Ամեն դեպքում բավական լավ էի տիրապետում առարկային և երբ մոտ էի դպրոցն ավարտելուն, հիշում եմ` ընկերներիցս մեկն ինձ հարցրեց, թե ինչպես եմ օգտագործելու մաթեմատիկական հմտություններս, եթե որոշել եմ դառնալ լրագրող: Դա իսկապես ստիպեց ինձ մտածել այդ ուղղությամբ, և նույնիսկ մի պահ կասկածի տակ դրեցի ընտրությունս: Բայց այդ ժամանակ ենթադրել անգամ չէի կարող, որ մաթեմատիկան կարող է դառնալ լրագրողական աշխատանքիս գլխավոր գործիքը:

- Ինչպե՞ս ընտրեցիք լրագրողի մասնագիտությունը:

- Ութ տարեկան էի, երբ առաջին անգամ լրագրող դառնալու ցանկություն ունեցա: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Թբիլիսիի պետական համալսարան և սկսեցի ուսումնասիրել լրագրությունը: Այդ տարիներին թղթակցում էի որոշ տեղական թերթերի և ամսագրերի: Փորձաշրջանն ինձ համար հիասթափեցնող էր: Չնայած որ ժամեր էինք ծախսում հարցազրույցների ու տարբեր հրապարակումների վրա` մեծ լսարան նվաճել չէր ստացվում: Ես չէի տեսնում մեր աշխատանքի արդյունքը: Անգամ սկսեցի մտածել մասնագիտությունս փոխելու մասին: Բայց այդ ժամանակ հնարավորություն ստացա մեկնելու Մեծ Բրիտանիա և այնտեղ ստանալու մագիստրոսի աստիճան «Ստեղծարար և մեդիա ձեռնարկատիրություն» մասնագիտացմամբ: Դա լրագրություն չէ, բայց շատ կապված է լրագրության հետ:

232 Աղյուսակների հետ աշխատանք

- Արդեն 4 տարի է աշխատում եք JumpStart Georgia կազմակերպությունում որպես ծրագրերի ղեկավար և տվյալների լրագրող: Ի՞նչ կպատմեք Ձեր աշխատանքի մասին:

- Երբ տեսա JumpStart-ում աշխատանքի հայտարարությունը, հասկացա, որ այն լիովին համապատասխանում է բակալավրիատի և մագիստրատուրայի իմ մասնագիտացումներին:  Դիմեցի աշխատանքի համար և ընդունվեցի: JumpStart-ում իմ աշխատանքը միայն տվյալների լրագրության ոլորտը չէ: Աշխատում եմ նաև տարբեր ծրագրերի վրա, որոնցից կարող եմ նշել, օրինակ` Gogo code-ը: Այս ծրագիրը նախատեսում է դեռահաս աղջիկներին ծանոթացնել բազային ծրագրավորմանը: Մեր տվյալների լրագրության ժանրում գրված նյութերից մեկը գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական ոլորտենրում կանանց բացակայության մասին էր: Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ թեև տղաները և աղջիկները ցույց են տալիս հավասար արդյունքներ մաթեմատիկական առարկաներում, այդուհանդերձ, այս ուղղություններում կին աշխատողները գրեթե բացակայում են: Նման վիճակագրության պատճառն այն կարծրատիպն է, որ այդ աշխատանքները կնոջ համար չեն, և շատ աղջիկներ չեն խրախուսվում ուսուցիչների և ծնողների կողմից, որ ընտրեն այս ուղղությունները: Տեխնոլոգիական ոլորտները երկրի զարգացման համար առաջնային են: Կա նման հմտություններով մասնագետների պահանջ, սակայն չկան մարդկային բավարար ռեսուրսներ: Մեր ծրագիրն ուղղված է հենց այս խնդրի լուծմանը. այն կոտրում է կարծրատիպերը և ոգևորում աղջիկներին գնալ դեպի նշված ոլորտներ:

- Դուք նշեցիք, որ շատ լրագրողներ ընտրում են այս մասնագիտությունը թվերից և հաշվարկներից հեռու մնալու համար: Ի՞նչը կարող է ստիպել նրանց  սիրել դրանք և զբաղվել տվյալների լրագրությամբ:

- Մենք` լրագրողներս, շատ հետաքրքրասեր ենք:  Երբ կա մի հարց, որի պատասխանը կարող են տալ թվերը, ապա սկսում ենք սիրել դրանք: Լրագրողը պարտավոր չէ լիովին տիրապետել մաթեմատիկային: Խոսքը հիմնական գիտելիքների մասին է: Իսկ երբ խնդիրն ավելի բարդ է, լրագրողը կարող է ազատորեն դիմել ոլորտի գիտնակներին` մաթեմատիկներին, տվյալների մասնագետներին:

- Ի՞նչ կարող եք ասել բացատրական լրագրության և մեդիադաշտում դրա պահանջի մասին:

- Առաջին անգամ բացատրական լրագրության մասին տեղեկացա հենց այս ծրագրից: Վրաստանում այն դեռևս տարածված չէ: Մեր օրերում մարդիկ չափազանց ծույլ են երկար նյութեր կարդալու համար: Եթե ստացվի այն հեշտ ընկալելի դարձնել մարդկանց համար, ապա ծրագիրն իրոք հաջողություն կգրանցի: Իսկապես շատ կարևոր է մարդկանց  բացատրել այն, ինչն այնքան էլ պարզ չէ: Դրա պահանջն իրոք կա: Սակայն մեր նյութերի մատուցման ձևի մեջ մենք պետք է լինենք ստեղծարար, որպեսզի ունենանք ընթերցողներ:

- Ի՞նչ եք կարծում, դասընթացն արդյունավե՞տ էր:

- Ըստ իս` ինձ հաջողվեց մասնակիցներին ծանոթացնել տվյալների լրագրությանը և ցույց տալ, որ չպետք է ատել մաթեմատիկան: Բայց այս ամենն անհնար է սովորեցնել մի քանի ժամվա ընթացքում: Սա միայն սկզիբն էր: Կարծում եմ, որ հաջորդ քայլը կլինի մասնակիցների կողմից տվյալներ փնտրելը և թվերի միջոցով հետաքրքրող հարցերի պատասխանները գտնելը:

- Ի՞նչ խորհուրդ կտաք տվյալների լրագրության ոլորտում աշխատող լրագրողներին:

- Գործիքները փոխվում են, և տվյալների հետ աշխատելու հնարավորությունները` մեծանում: Ես ինքս էլ երբեմն դժվարանում եմ քայլել ժամանակի զարգացումներին համընթաց: Սովորելու շատ բան ունեմ տվյալների հետ աշխատանքի ավելի բարդ մակարդակների տիրապետելու համար: Խորհուրդ կտայի լրագրողներին միշտ տեղյակ լինել զարգացումներից, անդադար կատարելագործվել, փորձեր կատարել և շատ աշխատել:  

- Ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

- Կուզենայի ասել, որ ամեն ինչ չափազանց արագ փոփոխվում է, զարգանում:  Հաջողության հասնելու համար պիտի լինենք հետաքրքրասեր, շատ սովորենք և սովորեցնենք ուրիշներին: Մեկը կամ երկուսը չեն կարող մեծ փոփոխություններ կատարել: Պետք է աշխատենք ընդգրկել շատերին` մեր ժողովուրդներին ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Իսկ ես կարծում եմ, որ և՛ հայերը, և՛ վրացիներն ունեն այդ պոտենցիալը:

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության անցկացրած «Բացատրական լրագրությունը թվային մեդիա ինդուստրիայում» խորագրով դասընթացի մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Աղբյուր՝ Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել