The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Մայիս 30, 2014
Համացանցի կառավարման սկզբունքներն` ըստ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի
Համացանցի կառավարման սկզբունքներն` ըստ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի
Image source: Youthpolicy.org

2003 թ-ից աշխարհի ուշադրությունը բևեռվեց դեպի «համացանցի կառավարում» եզրույթը` 2003 թ-ին Ժնևում և 2005 թ-ին Թունիսում տեղի ունեցած Տեղեկատվական հասարակության վերաբերյալ համաշխարհային գագաթաժողովի միջոցով: Տեղեկատվական հասարակությունը լիովին ներգրավված էր համացանցի կառավարման բանավեճում:

Համացանցի կառավարումը բարդ գործընթաց է, որն իրականացվում է բազմաթիվ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` ընկերություններ, պետություններ, միջկառավարական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ (ներառյալ` տեխնիկական փորձագետներ): Նրանք աշխատում են փոխադարձ համագործակցությամբ` իրենց համապատասխան դերով ստեղծելու ընդհանուր քաղաքականություն և ստանդարտներ, որոնք կապահովեն համացանցի գլոբալ փոխգործունակությունը` հանուն հանրության բարօրության:

Ժնևում Համաշխարհային գագաթաժողովը ներկայացրեց սկզբունքներ` տեղեկատվական հասարակության համար` ներառյալ համացանցի կառավարում, որում ասվում էր. «Համացանցի միջազգային կառավարումը պետք է լինի բազմակողմ, թափանցիկ և ժողովրդավարական` կառավարությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների լիակատար ներգրավվածությամբ»:

Թունիսի գագաթաժողովում պետությունների ղեկավարները համաձայնության եկան համացանցի կառավարման սահմանման շուրջ. «Համացանցի կառավարումը ընդհանուր սկզբունքների, նորմերի, կանոնների, որոշումների կայացման ընթացակարգերի, ծրագրերի մշակում և կիրառում է, որոնք ձևավորում են համացանցի զարգացումը և օգտագործումը»:

Իսկ 2011 թ-ի սեպտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունեց համացանցի կառավարման սկզբունքների մասին ստորև ներկայացված 10 կետից բաղկացած հռչակագիր:

 1.    Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և օրենքի գերակայություն

Համացանցի կառավարման կարգավորումները պետք է երաշխավորեն բոլոր հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանություն և հաստատեն իրենց համընդհանրությունը, անքակտելիությունը, փոխադարձ կապը և փոխհարաբերությունը` համաձայն մարդու միջազգային իրավունքների: Դրանք պետք է երաշխավորեն նաև խոր հարգանք ժողովրդավարության և օրենքի գերակայության հանդեպ և պետք է խթանեն կայուն զարգացմանը: Հանրային և մասնավոր բոլոր դերակատարները պետք է ընդունեն և պաշտպանեն մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն իրենց գործողություններում և գործունեության շրջանակում, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, ծառայությունների և դրանց կիրառության համատեքստում: Նրանք պետք է իրազեկ լինեն այն զարգացումներին, որոնք հանգեցնում են հիմնարար իրավունքների և ազատությունների ընդլայնմանը, ինչպես նաեւ դրանց վտանգներին և լիովին մասնակցեն այն ջանքերին, որոնք նպատակ ունեն ընդունել նոր ձևավորվող իրավունքները:

2.    Շահագրգիռ բազմակողմ կառավարում

Համացանցի կառավարման կարգավորումների զարգացումը և իրականացումը պետք է բաց, թափանցիկ և պատասխանատու ձևով ապահովի կառավարությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, տեխնիկական համայնքի և օգտատերերի լիակատար մասնակցություն` հաշվի առնելով նրանց հատուկ դերակատարությունն ու պարտավորությունները: Համացանցի հետ կապված միջազգային հանրային քաղաքականության և համացանցի կառավարման կարգավորումների զարգացումը պետք է հնարավորություն տա բոլոր երկրների բոլոր շահագրգիռ կողմերին լիակատար և հավասար մասնակցություն ունենալ:

3.    Պետությունների պարտավորություններ

Պետություններն ունեն իրավունքներ և պարտավորություններ` կապված համացանցին առնչվող միջազգային հանրային քաղաքականության հարցերի հետ: Պետություններն իրենց ինքնիշխանության իրավունքների շրջանակներում, ըստ միջազգային իրավունքի, պետք է զերծ մնան որևէ գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է վնասել անձանց` իրենց տարածքային իրավասությունից դուրս: Բացի այդ, հիմնարար իրավունքները սահմանափակող որևէ ազգային որոշում կամ գործողություն պետք է ենթարկվի միջազգային պարտավորություններին և, մասնավորապես, հիմնված լինի իրավունքի վրա, անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությանը և լիովին հարգի համաչափության և ազատ բողոքարկման իրավունքի սկզբունքները` ներկայացված համապատասխան  իրավական և գործընթացներով պայմանավորված երաշխիքներով:

4.    Համացանցի օգտատերերի լիազորություններ

Համացանցի օգտատերերը պետք է լիովին օգտվեն իրենց հիմնարար իրավունքներից և ազատություններից, տեղեկացված որոշումներ կայացնեն և մասնակցեն համացանցի կառավարման կարգավորման գործընթացին, մասնավորապես` կառավարման մեխանիզմների և համացանցին առնչվող հանրային քաղաքականության մշակմանը`լիակատար վստահությամբ և ազատությամբ:

5.    Համացանցի համընդհանրություն

Համացանցին առնչվող քաղաքականությունը պետք է ընդունի համացանցի համընդհանուր բնույթը և համընդհանուր հասանելիության նպատակը: Դա չպետք է բացասաբար ազդի անդրսահմանային համացանցային թրաֆիկի անարգել հոսքի վրա:

6.    Համացանցի հստակություն

Համացանցի անվտանգությունը, կայունությունը, հուսալիությունը, ճկունությունը, ինչպես նաև իր զարգանալու կարողությունը պետք է լինեն համացանցի կառավարման առանցքային նպատակները: Համացանցի ենթակառուցվածքի հստակությունը և շարունակական գործառնությունը պահպանելու նպատակով անհրաժեշտ է խթանել ազգային և միջազգային շահագրգիռ կողմերի համագործակցությունը:

7.    Ապակենտրոնացված կառավարում

Պետք է պահպանվի համացանցի ամենօրյա կառավարման համար պատասխանատվության ապակենտրոնացված բնույթը: Համացանցի տեխնիկական և կառավարման ոլորտների պատասխանատու մարմինները, ինչպես նաև մասնավոր հատվածը պետք է պահպանեն իրենց առաջատար դերը տեխնիկական և գործնական հարցերում` ապահովելով թափանցիկություն և պատասխանատվություն գլոբալ հանրության առջև այն գործողությունների համար, որոնք ազդեցություն ունեն հանրային քաղաքականության վրա:

8.    Կառուցվածքային սկզբունքներ

Պետք է պահպանվեն համացանցի բաց ստանդարտները և փոխգործունակությունը, ինչպես նաև` դրա անվերջանալի բնութը: Բոլոր շահագրգիռ կողմերը համացանցի կառավարման վերաբերյալ իրենց որոշումները կայացնելիս պետք է ղեկավարվեն այս սկզբունքներով: Չպետք է լինեն անխոհեմ արգելքներ նոր օգտատերերի մուտքի և համացանցի օրինական օգտագործման համար կամ ավելորդ բեռեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ նորարարության ներուժի վրա` կապված տեխնոլոգիաների և ծառայությունների հետ:

9.    Բաց ցանց

Օգտատերերը պետք է հնարավորինս մեծ հասանելություն ունենան համացանցային բովանդակությանը, իրենց ընտրած ծառայություններին` անկախ նրանից դրանք առաջակվում են անվճար, թե ոչ` օգտագործելով իրենց ընտրած հարմարավետ սարքավորումներ: Թրաֆիկի կառավարման միջոցառումները, որոնք ազդեցություն ունեն հիմնարար իրավունքները և ազատությունները վայելելու վրա` մասնավորապես, ազատ արտահայտման, անկախ սահմաններից տեղեկատվության հաղորդման և ստացման, ինչպես նաև մասնավոր կյանքը հարգելու իրավունքները, պետք է համընկնեն ազատ արտահայտման և տեղեկատվության հասանելիության պաշտպանության, մասնավոր կյանքը հարգելու միջազգային իրավունքների պահանջներին:

10. Մշակութային և լեզվաբանական բազմազանություն

Մշակութային և լեզվաբանական բազմազանության պահպանությունը և, անկախ լեզվից կամ ձեռագրից` տեղական բովանդակության զարգացման խթանումը պետք է լինեն համացանցին առնչվող քաղաքականության և միջազգային համագործակցության, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների զարգացման առանցքային նպատակները:

Սույն հրապարակումը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից հրատարակվող «Համացանց և Իրավունք» հատուկ տեղեկագրի շրջանակում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին, և հնարավոր է` չհամընկնեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: «Համացանց և Իրավունք» տեղեկագրի բոլոր նյութերին ծանոթացեք այստեղ: 

Պատրաստեց Հասմիկ Փայտյանը

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել