The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Մայիս 21, 2014
Ինչու՞ է կարևոր ազատությունը համացանցում. ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցչի հանձնարարականը
Courtesy Photo from OSCE
Դունյա Միյատովիչ

«Համացանցն առաջարկում է գաղափարների համաշխարհային փոխանակման և տեղեկատվության ազատ հոսքի աննախադեպ միջոցներ: Մեր տեղեկատվական հասարակությունում ազատ համացանցը նպաստում է գործի դնել ազատ արտահայտման հիմնական իրավունքը և ԶԼՄ-ների ազատության իրավունքը: Համացանցի հասանելիությունը և իր բոլոր ծառայությունների օգտագործումը 21-րդ դարում համարվում է մարդու իրավունք»,- նշված է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի պաշտոնական էջում:

Համաձայն նույն աղբյուրի` համացանցը միավորում և լրացնում է ավանդական ԶԼՄ-ները և տեղեկատվության տարածման նոր ուղիներ է ստեղծում, որոնցից շատերը պարզապես մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, իսկ շատերն էլ դեռ հայտնվելու են, որոնց մասին այսօր հնարավոր չէ պատկերացնել:

«Համացանցը գնալով դառնում է ավելի անհրաժեշտ գործիք բոլոր քաղաքացիների համար տեղեկատվություն ստանալու, փնտրելու և հաղորդելու համար:

Կառավարությունները պարտավորություն ունեն իրենց քաղաքացիներին թույլ տալ անարգել մուտք գործել համացանց: Ժողովրդավարական կառավարությունների պարտավորությունն է իրականացնել օրենսդրություն և կանոններ, որոնք թույլ կտան ունենալ անկախ և բազմակարծիք ԶԼՄ-ներ, տեղեկատվության ազատ հոսք առանց սահմանների, անարգել մուտք համացանց և համացանցային գրագիտության զարգացում:

Համացանցի կառավարում

Կառավարությունները մեծ դերակատարություն ունեն, երբ խոսքը համացանցային բովանդակության և երեխաների պաշտպանության, ռասիզմի դեմ պայքարի, ատելության և կիբերհանցագործության հրահրման մասին է: Հարցն այն չէ, թե, արդյոք, կառավարությունները պետք է, թե պետք չէ կարգավորեն համացանցը: Հարցերը հետեւյալն են` ինչպե՞ս, ի՞նչ և ի՞նչ ծավալի բովանդակություն պետք է կարգավորվի: Արդյոք, պետական կարգավորումն արդյունավետ է, եթե ոչ, ապա կան, արդյոք, այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելի արդյունավետ լինել:

Համացանցի օգտագործման ցանկացած սահմանափակում օրինական է, եթե այն համապատասխանում է միջազգային նորմերին և ստանդարտներին, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության համար և սահմանված են օրենքով: Պարտադիր զտումը և արգելափակումը համարվում են գերսահմանափակում: Շահագրգիռ բազմակողմ մոտեցումը, որը քննարկվում է ՄԱԿ-ի Համացանցի կառավարման ֆորումում, որը ներառում է քաղաքացիական հասարակությունը, կարող է լավ գործնական օրինակ ծառայել ԵԱՀԿ տարածաշրջանի համար համացանցի կառավարման տեսանկյունից:

Բազմակարծություն

Թվային լրատվամիջոցներն ավելի շատ բազմազանության և բազմակարծության հնարավորություն են տալիս, քան ավանդականները. հաճախականությունների կամ այլ ռեսուրսների սակավություն չի նկատվում: Համացանցն, այնուամենայնիվ, զերծ չէ գրաքննությունից և ազատ չէ ոչ բնույթով, ոչ դիզայնով: Կառավարությունները պետք է մտապահեն սա համացանցի համար այնպիսի կանոններ ընդունելիս,  որոնք նույնիսկ կարող են կողմնակի ազդեցություն ունենալ: Այսօր ոչ միայն կառավարություններն են ձևավորում համացանցային իրականությունը: Քաղաքացիական հասարակությունը, արդյունաբերությունը, մեդիա ընկերությունները, լրագրողները և բլոգերները իրենց հասանելիք դերակատարությամբ ձևավորում են ապագայի համացանցը: Անհատների իրավունքների դիտարկումը` ներառյալ ազատ արտահայտման իրավունքը, պետք է լինեն հավաքական պատասխանատվության մի մաս, և, միևնույն ժամանակ, օգտատերերի տվյալների գաղտնիությունը և անհատական հաղորդակցությունը պետք է ապահովվեն ընկերությունների և կառավարությունների կողմից:

Հասանելիություն

ԵԱՀԿ մասնակից երկրները պետք է վստահեցնեն, որ համացանցը մնում է բաց և հանրային հարթակ` ԵԱՀԿ-ի` ԶԼՄ-ների ազատությանը վերաբերող հանձնառություններին և արտահայտման ազատությանը վերաբերող այլ միջազգային պայմանագրերին համահունչ: Պետք է անարգել, ոչ խտրական մուտք լինի թվային ցանցերին և ծառայություններին: Պետք է ապահովված լինի ցանցի չեզոքությունը: Առցանց տեղեկատվությունը և թրաֆիկը պետք է մատուցվի հավասարապես` անկախ սարքավորումից, բովանդակությունից, հեղինակից, ծագումից և նշանակությունից: ԵԱՀԿ-ի տարածաշրջանում դեռևս հասանելի չէ մուտքը մատչելի, լայնաշերտ համացանց: Կառավարությունները պետք է աշխատեն փակելու այս «թվային բաժանումը», խթանելու մուտքը համացանց  և վերացնել խոչընդոտները բոլոր մակարդակներում` լինեն դրանք տեխնիկական, կառուցվածքային, թե  կրթական:

Չնայած երկրներն օրենսդրական հետաքրքրություն ունեն պայքարելու ցանցահենության դեմ` օգտատերերի համար համացանցի հասանելիության սահմանափակումը կամ արգելումը (երեք հարվածի մոտեցում) անհամաչափ պատասխան է, որն անհամատեղելի է ԵԱՀԿ-ի հանձնառությունների հետ: Հանրային դոմեյնի հասանելիությունը կարևոր է և տեխնիկական, և մշակութային նորարարության համար և այն չպետք է վտանգվի արտոնագրի և հեղինակային իրավունքին առնչվող ավելորդ դրույթների ընդունմամբ:

Ցանցային գրագիտություն

Ցանցային գրագիտությունը մեդիա կրթության արդյունք է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին համացանցի իրենց օգտագործման վերաբերյալ կայացնել գիտակից որոշումներ, գնահատել առցանց տեղեկատվության ճշգրտությունը և հնարավոր շեղվածությունը և անչափահասներին պաշտպանել հնարավոր վնասակար բովանդակությունից:

Մասնագետներն էական դեր ունեն կամրջելու ավադական մեդիա կրթությունը և ցանցային գրագիտությունը, հատկապես, որ հասարակությունը գնում է դեպի մեդիա հարթակների միավորման: Ոչ պաշտպանողական մոտեցումը էական նշանակություն ունի ուսանողներին մեդիա գրագիտության ապահովման գործում ներգրավելու համար: Երիտասարդությունը պետք է հզորանա ցանցում սեփական գործողությունների մասին խելամիտ դատողություններ անելու կարողությունները: Կրթված ուղեղը լավագույն զտիչն է:

Սոցիալական մեդիա

ԶԼՄ-ների ազատությունը պաշտպանված չէ մեդիա ընկերությունների կամ խմբագրական գրասենյակների համար: Այս իրավունքը վերաբերում է լրագրության բոլոր ձևերին, որը նախատեսված է հանրային բաշխվածության համար` լինի դա մասնագետ կամ «քաղաքացի»: Դա մարդու հիմնարար իրավունք է և չի կարող բաժանվել ավանդական և նոր մեդիայի: Այսօրվա նորությունը սոցիալական է: Սոցիալական մեդիան և սոցիալական ցանցերը փոխում են նորության ստեղծման և տարածման ձևը: Նրանք ազդում են ԶԼՄ-ների վրա երեք ձևով` որպես բովանդակության ստեղծման, տեղեկատվության բաշխման և հաղորդման, տեղեկատվության փնտրման, ստացման և հասանելիության գործիք: Սոցիալական մեդիան և սոցիալական ցանցերը գնալով ավելի են նպաստում ԶԼՄ-ների ազատության և արտահայտման ազատության իրավունքների կիրարկմանը:

Հ.Գ. ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչը  Դունյա Միյատովիչն է, ով ընտրվել է 2010 թ-ի մարտին: Գրասենյակը տեղակայված է Վիեննայում: Նրան է աջակցում 15 հոգուց բաղկացած միջազգային աշխատակազմը: Գրասենյակը մնում է աշխարհի միակ միջկառավարական հաստատությունը, որը մանդատ ունի պաշտպանելու և խթանելու ԶԼՄ-ների ազատությունը:

Համացանցում ազատության և անվտանգության վերաբերյալ Միյատովիչը նշել էր հետևյալը.

«Չկա անվտանգություն առանց ազատ ԶԼՄ-ների և ազատ արտահայտման, և չկա ազատ արտահայտում և ազատ ԶԼՄ առանց անվտանգության: Այս երկու հասկացությունները պետք է ձեռք ձեռքի տված առաջ գնան և ոչ թե պայքարեն միմյանց դեմ, ինչպես մենք ականատես ենք լինում աշխարհի շատ մասերում, և չկա ավելի լավ հարթակ քննարկելու և պայքարելու այս երկուսի համար, քան ԵԱՀԿ-ն է: Անվտանգությունը և մարդու իրավունքները Հելսինկյան գործընթացի, Աստանայի գագաթաժողովի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի սկզբունքների և հանձնառությունների հիմքում են: Համացանցն արտառոց ռեսուրս է, որը հիմնովին փոխել է մեր հասարությունները դեպի ավելի լավը: Այն կշարունակի դրական ազդեցություն ունենալ, եթե մենք դա թույլ տանք: Դասը պարզ է` համացանցը պետք է մնա ազատ»:

Թեմային վերաբերող այլ մանրամասներ հասանելի են հետևյալ հասցեով` www.osce.org/fom :

Պատրաստեց Հասմիկ Փայտյանը

Սույն հրապարակումը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից հրատարակվող «Համացանց և Իրավունք» հատուկ տեղեկագրի շրջանակում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: 

«Համացանց և Իրավունք» տեղեկագրի բոլոր նյութերին ծանոթացեք այստեղ:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել