The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԵՏԱԶՈՏՈՒՄ
Մայիս 31, 2012
ԱԺ ընտրություններ 2012. Հայաստանի առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկման հաշվետվություն (ապրիլի 8-ից մայիսի 4-ը)
ԱԺ ընտրություններ 2012. Հայաստանի առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկման հաշվետվություն (ապրիլի 8-ից մայիսի 4-ը)
Image collage: JNews.am

«Լրագրողներ հանուն ապագայի» 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման վերաբերյալ Հայաստանի առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները նախընտրական պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանի վերաբերյալ (ապրիլի 8-ից մայիսի 4-ը)հնարավոր է ներբեռնել այստեղից:

Հակիրճ տեղեկություն մշտադիտարկման նպատակի մասին

Այս մշտադիտարկումն իրականացնում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» /ԲՀՀ-Հայաստան/ կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակահատվածում առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկում չէր իրականացվել: Նման մշտադիտարկման անհրաժեշտությունը արդեն հասունացել էր, քանի որ վերջին 3-4 տարիների ընթացքում հանրապետությունում համացանցի տարածումը և գների անկումը ապահովեց համացանցից օգտվողների կայուն աճ (բնակչության մոտ 30%-ը), զուգահեռ սկսեց ավելանալ նաև լրատվական գործունեություն իրականացնող կայքերի թիվը:

Եթե նախորդ 2007թ-ի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում կար ընդհամենը մեկ տասնյակին հասնող հայկական առցանց ԶԼՄ, ապա այսօր միայն Circle.am հայկական վարկանիշային համակարգի (rating system) «News and Media» բաժնում գրանցված է 224 կայք, որտեղ վարկանիշով առաջին 50 կայքերը օրական միջինը ունենում են 1.000-ից մինչև 150.000 այցելու (այս համակարգում գրանցված չեն Azatutyun.am և PanArmenian.Net կայքերը):

Առցանց ԶԼՄ-ների այցելուների քանակի աճին նպաստեց նաև սոցիալական ցանցերի տարածումը Հայաստանում: Հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրեթե բոլոր հայկական կայքերը ունեն համանուն էջ, որտեղ տեղադրում են իրենց կայքի բոլոր նյութերը: Օրինակ News.am կայքի ֆեյսբուքյան հավանողների թիվն արդեն գերազանցել է 50 հազարը:

Թեև հեռուստատեսությունը շարունակում է մնալ ամենապահանջված զանգվածային լրատվության միջոցը Հայաստանում, պետք է արձանագրել, որ առցանց ԶԼՄ-ներն ու սոցիալական ցանցերը այլևս կարողանում են իրենց տարածած լրատվությամբ, օպերատիվությամբ և բազմազանությամբ անմիջական ազդեցություն ունենալ ավանդական մեդիաների օրվա լրահոսի ձևավորման գործընթացում:

Սույն մշտադիտարկումը հնարավորություն կտա պատկերացնելու առցանց ԶԼՄ-ների լուսաբանման անաչառությունը այնպիսի հասարակական-քաղաքական նշանակության իրադարձությունների ժամանակ, ինչպիսին է խորհրդարանական ընտրությունները:

Մշտադիտարկման նպատակն է արձանագրել հայաստանյան առցանց ԶԼՄ­ների աշխատանքային գործընթացը ընտրություններին վերաբերող լուսաբանումների տեսանկյունից' նախընտրական 3 ամիսների և հետընտրական 2 շաբաթների ընթացքում:

Սույն հաշվետվութունը ներկայացնում է մշտադիտարկման արդյունքները նախընտրական պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանի վերաբերյալ (2012թ. ապրիլի 8-ից մինչև մայիսի 4-ը):

Մշտադիտարկումն իրականացվել է Հայաստանի 10 առցանց ԶԼՄ-ներում:

Դրանք են`

1in.am

7or.am

A1plus.am

Azatutyun.am

Civilnet.tv

Lragir.am

News.am

Tert.am

Panarmenian.net

Panorama.am

Կայքերի ընտրությունը կատարվել է Circle.am վարկանիշային համակարգի տվյալների և մեդիա էքսպերտների շրջանում կատարված հարցման արդյունքում:

Արձանագրվել և հետազոտվել են վերը նշված կայքերի «Լրահոս», «Քաղաքական», «Տեսադարան» բաժիններում առկա բոլոր այն հրապարակումները, որոնք անդրադարձ են պարունակել համամասնական ընտարակարգով գրանցված 9 կուսակցությունների/դաշինքին, և/կամ դրանցից յուրաքանչյուրի համամասնական ընտրացուցակի առաջին երեք անձանց: Եթե կայքերի նախաձեռնած ուղիղ հեռարձակում (livestream) ձայնագրվել և տեղադրվել են կայքի մշտադիտարկվող բաժիններում, ապա տվյալ նյութերը ևս դարձել են մշտադիտարկման առարկա:

Ընդհանուր առմամբ պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանում 10 առցանց կայքերում արձանագրվել և մշտադիտարկվել է 5.369 հրապարակում, որտեղ կուսակցություններն հիշատակվել են 11.386 անգամ:

Մշտադիտարկման մեթոդոլոգիան հիմնված է քանակական և որակական ցուցանիշների վերլուծության վրա: Ցուցանիշների համար հիմք են հանդիսանում մշտադիտարկողների կողմից արձանագրված տվյալները' մշակված գործիքակազմին համապատասխան: 

Աղբյուր` JNews.am

AttachmentSize
Հայաստանի առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկման հաշվետվություն/2012թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ը882.1 KB
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել