The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մարդ
Մարտ 27, 2013
Դիմանալով քաղցին կամ հացադուլը, որ փոխում է աշխարհը
Սիրան Վանյան
Ուսանողի հայացք
Raffi.K.Hovannisian
Image source: www.facebook.com/Raffi.K.Hovannisian

ժողովրդավարության ուղին ընտրած երկրներում հասարակական ըմբոստությունը սահմանված և ընդունված կատեգորիա է: Իսկ հասարակությունն իր ըմբոստությունն արտահայտելու և իշխող անարդարություններին դեմ կանգնելու համար դիմում է ամենատարբեր միջոցների, որոնց համար երբեմն տուժում է հենց ինքը` հասարակությունը: Անհատական ու մասսայական դասադուլներ, գործադուլներ, հացադուլներ... այսքանից թերևս ամենավտանգավորը առողջության համար հացադուլն է:

Եթե հավատանք բնագիտական դասագրքերին, ապա մարդն առանց ջրի կարող է ապրել 3, իսկ առանց սնվելու 40 օր: Գոյություն ունի հացադուլի երկու տեսակ` չոր և խոնավ: Հեղուկների, մասնավորապես ջրի օգտագործման դեպքում հացադուլն անվանվում է խոնավ, այս դեպքում մարդու օրգանիզմն ավելի երկար դիմանալու հնարավորություն է ունենում: Հացադուլի հետևանքներն իրենց բացասական ազդեցությունն են թողնում օրգանիզմի բնականոն աշխատանքի վրա, ինչը հանգեցնում է մի շարք առողջական խնդիրների:

Այսկերպ հացադուլ անողներն արտահայտում են իրենց դժգոհությունն ու սեփական օրինակով ցույց տալիս, որ գաղափարը լսելի և իրականացված լինելու համար արժե զոհաբերել անձնական առողջությունն ու երբեմն նույնիսկ ֆիզիկական գոյությունը:

«Հացադուլային ըմբոստությունը» կարծես այլևս օտար չէ նաև Հայաստանում:

Մարտի 10-ից Ազատության հրապարակում հացադուլ է անում նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայն չէ ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ` համարելով դրանք կեղծված և պահանջում է վերականգնել ՀՀ քաղաքացու ընտրելու սահմանադրական հիմնարար իրավունքը: Քաղաքացիներից մի քանիսը կարճ ժամանակով միանում են Հովհաննիսյանին` այդպիսով իրենց զորակցությունը հայտնելու համար:

Սա Րաֆֆի Հովհաննիսյանի թվով երկրորդ հացադուլն է: Հովհաննիսյանի առաջին հացադուլը կրկին գարնանն էր` 2011 թվականի մարտի 16-ին, որը տևեց 15 օր: Նա այն կոչել էր «Ազատության ծոմ» և կրկին պահանջը քաղաքական էր:

Այսօր լրանում է Հովհաննիսյանի հացադուլի 17-րդ օրը, բայց դադարեցնելու մասին խոսք կարծես թե չի գնում: Դժվար է նաև ասել, թե արդյոք այն կշարունակվի մինչև նախապես հայտարարված ապրիլի 9-ը` Հայաստանի նախագահի երդմնակալության օրը, որի վերաբերյալ Հովհաննիսյանը հայտարարել էր` «դա իրենք կանեն իմ դիակի վրա»:

Մեկ այլ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը ևս հացադուլ էր հայտարարել, որը նա պահեց նախընտրական ողջ շրջանում` հունվարի 21-ից: Նա էլ կոչ էր անում դադարեցնել շինծու ընտրությունները և անվավեր ճանաչել գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը: Նրան էլ մի քանիսը զորակցեցին կարճաժամկետ հացադուլով: Ղուկասյանը դադարեցրեց հացադուլը միայն ընտրությունների հաջորդ օրը` փետրվարի 19-ին` հացադուլի 30-րդ օրը: Ղուկասյանը նշել էր, որ հացադուլի հետևանքով նա շուրջ 15 կիլոգրամ քաշի կորուստ է ունեցել:

Համաշխարհային պատմությունը վկայում է մի շարք քաղաքական գործիչների, իրավապաշտպանների, բնապահպանների հացադուլի մասին, որի արդյունքում ոմանց հաջողվել էր հասնել իրենց պահանջներին, սակայն կան նաև օրինակներ, երբ քաղցին դիմադրելու արդյունքում հացադուլ պահողների առողջությունը անդառնալիորեն քայքայվել է:

Ամենահայտնի քաղաքական գործիչը, ով իր կյանքի ընթացքում 16 անգամ դիմել է հացադուլի «օգնությանը», հնդիկ քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդին էր: Նա հայտնի դարձավ իր «առանց բռնության» փիլիսոփայության շնորհիվ: Առաջին անգամ նա դիմեց հացադուլի 1932 թ-ին, ինչը հանգեցրեց հակառակորդի տեղի տալուն: 1948 թ-ին միջազգային հակամարտությունների դադարեցման անհաջող փորձից հետո Գանդին կրկին դիմեց հացադուլի` հայտարարելով. «Մահն ինձ համար հրաշալի ազատում կլինի: Լավ է մահանալ, քան լինել Հնդկաստանի ինքնաոչնչման անօգուտ վկան»:

Դրանից կես տարի անց Մահաթմա Գանդին սպանվեց ֆանատիկ-ինդուիստի կողմից: Գանդին 78 տարեկան էր:

Հացադուլը հաճախակի կիրառվող երևույթ էր նաև «երկաթյա վարագույրի» ետևում գտնվող ԽՍՀՄ տարածքում: Իրավապաշտպան Անդրեյ Սախարովը դիմել է հացադուլի 3 անգամ, որից ամենաերկարը (1985թ.) տևել է 178 օր: Ակադեմիկոսի հացադուլն ի վերջո ծառայեց բուն նպատակին, և նրա կնոջը թույլ տվեցին վիրահատվել Արևմուտքում:

Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում պայքարը անհատական և միանձնյա չէ. նրան ամեն օր սատարելու են գնում մտավորականներ, քաղաքական գործիչներ, ուսանողներ և շարքային քաղաքացիներ, ովքեր հավատում են «Րաֆֆու բարևի» զորությանը: Իսկ հացադուլի վայրը շատ խորհրդանշական է, քանի որ հենց Ազատության հրապարակում են հանրահավաքներ սկսել 1988-ից` Ղարաբաղյան շարժման ժամանակ: Այդ վայրն առ այսօր ժողովրդի ազատության և միահամուռ պայքարի խորհրդանիշն է: 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել