The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
September 11, 2011
Եվս մեկ հայց «Հրապարակ» օրաթերթի դեմ. գույքը կալանքի տակ է
image source: hetq.am
Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի դեմ նոր հայց է ներկայացվել, այս անգամ Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կողմից: Այդ հայցի հիման վրա էլ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Հրապարակ» օրաթերթի գույքի վրա 3 միլիոն դրամի չափով արգելանք է դրել` պարտադրելով մինչ դատական գործի ավարտը դատական վեճի մասին հրապարակավ որևէ տեղեկություն չտարածել:

Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը այս որոշման մասին իմացել է միայն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) որոշումից:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Հրապարակ»-ի խմբագիրն ասել է, որ թերթի լույս տեսնելուց ժամեր անց զանգ է ստացվել ԴԱՀԿ-ից, որտեղից զգուշացրել են, որ որոշումը խախտելու համար քրեական գործ կարող է հարուցվել: Օհանյանի համոզմամբ այսպիսով խախտվել է Սահմանադրությամբ ամրագրված տեղեկություններ տարածելու իրենց իրավունքը:

Օհանյանը «Ազատության» թղթակցին ասել է, որ իր կարծիքով Միսակ Մարտիրոսյանի հայցի պատճառ կարող էր հանդիսանալ «Հրապարակ» օրաթերթի մեկ ամիս առաջ (օգոստոսի 11-ին և 12-ին) հրապարակած «Դատական դեպարտամենտը՝ «Միսակնոց» վերնագրով երկու հոդվածները, որտեղ տպագրվել են դատական ծառայողների կողմից Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված նամակից հատվածներ:

«Հրապարակ»-ին աջակցելու կոչով հանդես են եկել մի շարք կազմակերպություններ և անհատներ:

«Քանի որ դատարանը Սահմանադրության խախտմամբ «Հրապարակ» օրաթերթին զրկել է խոսքի ազատությունից` արգելելով հանդես գալ սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված որևէ տեղեկատվության տարածումից և այդ արգելքը տարածվում է միայն «Հրապարակ»-ի վրա, ապա լրատվամիջոցներին առաջարկում ու կոչ ենք անում սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված հանդես գալ բազմազան մեկնաբանություններով ու հրապարակումներով»,- հայտարարության մեջ նշել է «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Ի պաշտպանություն «Հրապարակի»` փորձագետ Մեսրոպ Հարությունյանը բաց նամակով դիմել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որտեղ ասվում է, որ «իբրև հայցի ապահովման միջոց գույքի վրա կալանք դնելը դեռ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, սակայն հրապարակումներով հանդես գալու արգելանքը խոսքի ազատության աղաղակող ոտնահարում է...»:

Փորձագետն իր նամակը ավարտում է հետևյալ տողերով. «կարծում եմ Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման այս աղաղակող փաստը պետք է արժանանա խիստ դատապարտման, և ձեր կողմից պետք է կիրառվեն համապատասխան միջոցառումներ, որպեսզի այն վերացվի ու այլևս երբեք և որևէ մեկի կողմից չկիրառվի, ինչքան հզոր պաշտոնյաների շահերը պաշտպանելուն էլ որ այն միտված լինի»:

Հարությունյանի նամակին Արդարադատության նախարար Թովմասյանը պատասխանել է սեպտեմբերի 13-ին, նշելով, որ դատաքննության ընթացքում դատավորի գործունեությանը միջամտելն անթույլատրելի է.

«Գործի դատական քննության այս փուլում դատավորի գործողություններին հրապարակային գնահատական տալը, այդ թվում` կարգապահական վարույթ հարուցելու օրենսդրությամբ ՀՀ արդարադատության նախարարին վերապահված լիազորությունից օգտվելը, կարող է խաթարել դատավորի անկախության եւ գործի քննության ժամանակ ինքնուրույն, գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ առաջնորդվելու սկզբունքների իմաստը»:

Հրապարակի դեմ հարուցված գործը դեռեւս գտնվում է դատական քննության փուլում: 

/լրաքաղ/

JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել