Մեդիա լուրեր
Նոյեմբեր 15, 2011
Մեկնաբանության զոհը. «Հրապարակ» թերթի դեմ հերթական հայցը քննարկման արտահերթ թեմա
Անի Գաբրիելյան
«ՋեյՆյուզի» թղթակից
Մեկնաբանության զոհը. «Հրապարակ» թերթի դեմ հերթական հայցը քննարկման արտահերթ թեմա
փաստաբան Արթուր Գրիգորյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ուսումնասիրության համաձայն` նախորդ տարի «Զրպարտության մասին» օրենքի ապաքրեականացումից հետո լրագրողների և լրատվամիջոցների (հիմնականում օրաթերթերի) դեմ 29 դատական հայց է ներկայացվել դատարան՝ վիրավորանքի և զրպարտության մեղադրանքով:

Այս ամիս գրանցվեց նաև 30-րդ հայցը: Սակայն սա, ի տարբերություն նախորդների, փորձագետները համարեցին աննախադեպ, քանի որ առաջին անգամ լրատվական ընկերության դեմ ներկայացված հայցի պատճառ է դարձել ոչ թե հոդվածի բովանդակությունը, այլ հոդվածի տակ ընթերցողների կողմից արված մեկնաբանությունները:

Հայցը ներկայացվել է «Հրապարակ» օրաթերթի դեմ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Գրիգորյանի կողմից: Վերջինս համոզված է, որ հոդվածում ընթերցողների կողմից արված մեկնաբանությունների համար ևս պատասխանատվություն պետք է կրի թերթի խմբագրությունը:

Հայցադիմումի պատճառ դարձած վեց մեկնաբանություններից հասցված բարոյական վնասը փաստաբան Գրիգորյանը գնահատել է 18 մլն դրամ: Հենց այսքան էլ նա պահանջում է «Հրապարակ»-ից իր բարոյական վնասը փոխհատուցելու համար: Մեկնաբանությունները, որոնք զայրացրել են Գրիգորյանին, եղել են օգոստոսի 10-ին «Հրապարակ»-ի էլեկտրոնային տարբերակում հրապարակված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» հոդվածի տակ:

Արթուր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ «Հրապարակ»-ի նման թերթը, ելնելով ժողովրդավարական հասարակության չափանիշներից, չպետք է գործի. «Եթե իրեն ընդամենը նյութ է պետք, որի շուրջ սկանդալ ստեղծի և ոչ թե լրատվական գործունեություն իրականացնի, ուրեմն ավելի լավ է այդ լրատվամիջոցը չգործի, քան գործի և շարունակի ցեխ շպրտել նրանց վրա, ովքեր մտքներով անցնում են»:

Բացի ֆինանսական փոխհատուցումից, հայցատուն պահանջել է նաև արգելանք դնել օրաթերթի դրամական միջոցների և գույքի, ինչպես նաև իր մասին տեղեկություններ տարածելու իրավունքի վրա:

«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը ՋեյՆյուզին փոխանցեց, որ դատարանը նախ կալանք է դրել դրամական հաշիվների վրա, անուհետև փոխել է որոշումը և կալանք դրել օրաթերթի գույքի վրա` ընդունելով այն փաստարկները, որ դրամական հաշիվների վրա եղած արգելանքը խոչընդոտում է խմբագրության գործունեությանը:

«Յուրաքանչյուր հոդված ընթերցելիս խմբագրի աշխատանքի փոխարեն փորձում եմ հասկանալ, թե ինչ դատական հայց է թաքնված դրա ետևում»,- ասում է «Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը` ավելացնելով` «հերթական անգամ խոչընդոտվում է խմբագրության աշխատանքը»:

Սա թվով վեցերորդ դատական հայցն էր «Հրապարակ»-ի խմբագրւթյան դեմ: Դրանցից չորսն այս պահին դեռ ընթացքի մեջ են: Միայն ֆինանսական մասով հայցատուները «Հրապարակ»-ից պահանջում են ընդհանուր առմամբ 26 մլն դրամ:

Փաստաբան Արթուր Գրիգորյանի պահանջած 18 մլն դրամից բացի, 6մլն դրամ է պահանջում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ևս 2 մլն դրամ` «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նոյեմբրի 11-ին հղած նամակում մտահոգություն է հայտնել հայաստանյան լրատվամիջոցների դեմ հայցերի աճող թվի վերաբերյալ: «Ես ողջունեցի զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումը 2010 թվականի մայիսին` շեշտելով, որ դա նշանակալի քայլ էր ԶԼՄ-ների աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ցավոք, դրանից հետո զրպարտության և վիրավորանքի հոդվածներով շուրջ 30 քաղաքացիական գործեր են հարուցվել թերթերի դեմ», - գրված է Միյատովիչի նամակում:

ԵԱՀԿ պաշտոնյան ընդգծում է, որ այս հայցերում ներկայացվող փոխհատուցման չափը պետք է համարժեք լինի հասցված իրական վնասին ու չհանգեցնի լրատվամիջոցների փակմանը, ինչը, Դունյա Միյատովիչի գնահատմամբ` բերում է մամուլի ազատության սահմանափակմանը: 

Աղբյուր` JNews.am

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.