The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
September 23, 2011
Ժուռնալիստների «դեֆիցիտ» Գյումրիում
Նունե Արևշատյան
«ՋեյՆյուզ»
Ժուռնալիստների «դեֆիցիտ» Գյումրիում
«Նստած ժուռնալիստ»

Տևական ժամանակ է` Գյումրու գրեթե բոլոր լրատվամիջոցները հայտարարություններ են տալիս լրագրողների թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով, սակայն գործատուները դժգոհում են, որ ոչ մի կերպ չի հաջողվում գտնել համապատասխան կադրեր: Չեն փրկում նաև խմբագրությունների կողմից կազմակերպվող կարճաժակետ մասնագիտական դասընթացները:

Բանը հասել է նրան, որ հանրապետության առաջին մասնավոր հեռուստաընկերությունը` «ՑԱՅԳ»-ը, անցած շաբաթ կադրեր էր փնտրում Գյումրիում կազմակերպված աշխատանքի տոնավաճառում:

Քաղաքում 10-ից ավելի լրատվամիջոց է գործում: Դրանցից են «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, «Շանթ» հեռուստաընկերությունն ու նույնանուն ռադիոն, «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն ու «Ռադիոհայ Գյումրի» ռադիոն, «Շիրակ» հանրային հեռուստատեսությունն ու «Շիրակի ձայն» ռադիոկայանը, «Շրջապատ», «Հինգշաբթի» և «Կումայրի» շաբաթաթերթերը և «Շիրակ» երկշաբաթաթերթը:

Ո՞րն է խիստ ժամանակակից այս մասնագիտության «արհարմարհված» լինելու պատճառը Գյումրիում. ցածր վարձատրությո՞ւ նը, բուհերի կողմից աշխատաշուկային համապատասխան կադրեր չպատրաստե՞լը, թե՞ կան նաև այլ պատճառներ:

«ՑԱՅԳ» հեռուսաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանը դժգոհում է, որ իրենց են դիմում «նստած ժուռնալիստ» աշխատելու առաջարկով: «Չեն պատկերացնում, որ սա ակտիվ աշխատանք է»,- ասում է Մինասյանը` համարելով, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտելը դեռ չի նշանակում գործից գլուխ հանել:

«Սա գրագիտություն ու աշխատանքային պրակտիկա պահանջող մասնագիտություն է, դպրոցների շրջանավարտները դիմելով ժուռնալիստիկայի ֆակուլտետներ` չեն պատկերացնում` ինչ է ժուռնալիստիկան»,- ասում է «ՑԱՅԳ»-ի ղեկավարը:

Գյումրիում գործող լրատվամիջոցների խմբագրակազմը հիմնականում բաղկացած է 3-6 հոգուց: Իսկ լրագրողների միջին աշխատավարձը ամսական տատանվում է 40000-45000 դրամի սահմաններում: Լրագրողները հավաստում են, որ գործում է վճարման անհատական մեխանիզմ: Գյումրու Պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության ֆակուլտետի տարեկան վարձն էլ կազմում է 250000 դրամ:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Էդուարդ Մխիթարյանը հավաստիացնում է, որ պատրաստ են բարձր աշխատավարձ տալ նորեկ այն կադրին, ով գոնե 80 տոկոսով կհամապատասխանի իրենց պահանջներին:

«Շատ բարդ խնդիր է Գյումրիում կադր գտնելը, իմ կարծիքով լրագրությունը պահանջված մասնագիտություն է դարձել, որովհետև էսօր որակյալ կրթություն ստացած լրագրողներ չկան: Շատ լրագրողներ կամ ավելի ճիշտ լրագրողի թեկնածուներ չեն համապատասխանում հեռուստաընկերությունների պահանջներին», - ասում է Մխիթարյանը:

«ԳԱԼԱ»-ում լրագրողի թափուր պաշտոնի հայտարարությանը արձագանքում են այլ մասնագիտության տեր քաղաքացիներ: «Զարմանալի է, աբսուրդ է, չգիտեմ` ինչն է պատճառը, բայց դիմում են բանասերները, պատմաբանները, այսինքն նրանք, ովքեր իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն գտել ու որոշում են ձեռքի հետ զբաղվել լրագրությամբ, բայց էստեղ խնդիր կա` մասնագիտական որակ չունեն, միգուցե գրագետ են, բայց լրագրությունից բան չեն հասկանում, այսինքն իրենց հետ պետք է աշխատես զրոյից, որը ժամանակի ու ծախսերի հետ է կապված»,- ասում է Մխիթարյանը:

Վերջինս այս հարցում ոչ այնքան մեղադրում է բուհի դասախոսական անձնակազմին, որքան ուսանողներին. նրա տպավորությամբ շրջանավարտների մեծ մասը ցանկություն չունի խորանալու այդ մասնագիտության մեջ:

«Միգուցե Շիրակի մարզի բնակչության մենթալիտետն էլ է ազդում մասնագիտության զարգացման վրա. օրինակ` ո՞նց կարող է ամուսնացած աղջիկը դուրս գալ փողոց հարցազրույց վերցնելու: Էդ պրիմիտիվ մտածելակերպը միգուցե մայրաքաղաքում այլևս չկա, բայց Գյումրիում դեռևս արմատացած է», - ասում է «ԳԱԼԱ»-ի գլխավոր խմբագիրը և ավելացնում, որ լուրջ խանգարող գործոն են սկեսուրներն ու ամուսինները:

«Լինում են դեպքեր, երբ բավականին գումար ես ծախսում կադրի վերապատրաստման համար, բայց հենց ամուսանացավ, այլևս չեն թույլատրում աշխատել: Թեև կան նաև ազատ մտածողներ, կոնկրետ մեր ստուդիան ունի զույգեր, որոնք միասին են գնում նկարահանման: Ասեմ նաև, որ տղա լրագրողներ գրեթե չկան, աղջիկները տասնապատիկ անգամ շատ են»:

«Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանի ասելով էլ իրենք հիմնադրման օրվանից միշտ էլ կադր են փնտրել: «Փաստն այն է, որ երիտասարդների մեջ չեմ կարողացել գտնել աշխատող մասնագետների: Ո՞վ ասաց, թե ես վատ կվճարեմ, եթե լավ աշխատեն: Եղել են դեպքեր, երբ եկել են ու ուզել են մեկ շաբաթվա մեջ մեկ նյութ գրելով չգիտեմ ինչքան գումար ստանալ, դա հնարավոր չէ, ոչ մի տեղ էլ նման վարձատրություն չկա», - ասում է Մեխակյանը:

«Մեր մոտ ազատ գրաֆիկ է, հստակ չի գրված, որ առավոտից երեկո պետք է գրասենյակում նստել, բայց էնպիսի առաջարկներ են անում, որ զարմանում ու զայրանում ես: Ասում են տանը նստենք աշխատենք, ես էլ հարցնում եմ ու՞ր եք եկել` կարի ցե՞խ, տանը նստելով լրագրո՞ղ են դառնում», - ասում է նա և հավելում, որ նոր կադրերի փոխարեն իրենց են դիմում դարն ապրած, կոմունիստական շնչով գրողները, որոնց ոճն այլևս պիտանի չէ: 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել