The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Հոկտեմբեր 13, 2011
Նոր զարկերակ. 20 տարի անց Գյումրին կրկին օրաթերթ ունի
Նունե Արևշատյան
«ՋեյՆյուզ»
Նոր զարկերակ. 20 տարի անց Գյումրին կրկին օրաթերթ ունի
Levon Barseghyan /photo by "Asparez" Club/

Գյումրիում սկսել է լույս տեսնել «Գյումրի-Ասպարեզ» անվամբ օրաթերթը: Այս նախաձեռնության հեղինակը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն է:

Պաշտոնական առաջին համարի շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 12-ին: Այս համարից առաջ լույս էին տեսել նաև փորձնական հինգ համարներ, որոնք անվճար բաժանվել էին Շիրակի մարզի բնակիչներին (կարդացեք նաև Գյումրիի «Ասպարեզը» ուզում է ասպարեզ հանել օրաթերթ):

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի տեղեկացմամբ, մոտ 20 տարի է Շիրակի մարզում տեղական օրաթերթ չի հրատարակվել, հետևաբար իրենց նպատակն է ամեն կերպ վերականգնել օրաթերթային ավանդույթը: Թերթի նյութերը մասնակի կամ ամբողջությամբ տեղադրվում են նաև ակումբի Asparez.am կայքում:

«Ուզում ենք այնպիսի թերթ լինի, որ հանրությունը կապվի դրա հետ, չենք ուզում  ձևական թերթ լինի, ուզում ենք այն դառնա մարդկանց սեղանի թերթը, և եթե մարդուն հետաքրքրող նյութեր մատուցենք, ինքը 200-300 դրամ էլ պատրաստ կլինի վճարել»,- կարծում է Բարսեղյանը:

8 էջանոց թերթը հրատարակվելու է 500 տպաքանակով, իսկ վաճառքի գինը սահմանվել է 100 դրամ: «Մենք հավակնոտ չենք: Մենք չենք կարծում, որ Գյումրին  դրախտ է օրաթերթ հրատարակելու համար: Ենթադրում ենք, որ եթե առաջին ամսում վաճառենք 300 օրինակ, երկրորդ ամսում` 400 օրինակ, այնուհետև յուրաքանչյուր ամիս 50 կամ 100 օրինակ կփորձենք ավելացնել»,- ասում է Բարսեղյանը:

Բայց նա լիահույս է, որ քաղաքում 1000 հոգի կգտնվի, որ 100 դրամ կցանկանա հատկացնել թերթ ընթերցելու համար և այդ թերթը կլինի «Գյումրի-Ասպարեզ»-ը: «Կարևորը անպետք բովանդակություն չմատուցվի ընթերցողին: Իհարկե, ոմանք կմտածեն` ես հաց գնելու փող չունեմ, ուր մնաց թերթ»:

Բարսեղյանի հավաստմամբ, թերթի և տպագրատան հիմնադրման գործում Ակումբի հիմնադիրների անձնական ֆինանսական և ոչ ֆինանսական միանվագ ներդրումը կազմել է մոտ 26 մլն դրամ: Այս նախաձեռնությանը մոտ 22,5 մլն դրամով օժանդակել է նաև Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանը:

132 Նարեկը` կադր որսալիս«Հույս ունենք 7-8 ամսում հասնել ինքնածախսածածկման զրոյական մակարդակի, բայց մենք գիտակցում ենք, որ ծախսերը նույնպես աճելու են, այսինքն` մեր ախորժակը այս իմաստով մեծ չէ»,- ասում է Բարսեղյանը 

Փորձնական հինգ համարների տարածումից հետո արդեն արձագանքներ կան. դրանցից թերթի հրատարակչին առաջնային հուզում են բացասականները` հնարավորինս շուտ դրանք թերթում շտկելու համար:

«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի խմբագրակազմը բաղկացած է հմուտ և երիտասարդ կադրերից: Վերջիններն ընտրվել են մրցութային կարգով և 3 ամիս դասընթացներ անցել  «Ասպարեզ» ակումբում, այնուհետև չորս ամիս իրենց գիտելիքները յուրացրել են գործնականում` նյութեր պատրաստելով Asparez.am կայքի համար:

«Մենք շահագրգիռ ենք նաև, որ քաղաքում այլ օրաթերթեր ևս հայտնվեն, որը կխթանի մրցակցությունը և օրաթերթի ինդուստրիայի ձևավորմանը: Եթե Գյումրիում օրաթերթ լիներ, մենք հազիվ թե ձեռնամուխ լինեինք օրաթերթի ստեղծմանը: Բայց այսօր մեզ իսկապես զարկերակային թերթ է պետք քաղաքում»,- համոզված է Բարսեղյանը:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել