The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Նոյեմբեր 22, 2011
Վրաստանում դեռ չկա թվային հեռարձակման վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթ
Նվարդ Հովհաննիսյան
«ՋեյՆյուզ»
Image Source: wikipedia
Թբիլիսիի հեռուստաաշտարակը

Վրաստանը, տարածաշրջանի մյուս երկրների պես, 2015 թ-ի հունվարից պետք է հեռուստառադիոհաղորդումների անալոգային հեռարձակումից անցնի թվային տարբերակի: Դա հաստատված է 2006թ-ի Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրով:

Սակայն Վրաստանում թվային հեռուստառադիոհաղորդումների ներդրման ազգային ռազմավարության փաստաթուղթը դեռևս մշակման փուլում է, իսկ թվայնացման գործընթացի իրականացման մանրամասնություններն ու անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափն առայժմ հայտնի չեն:

Ըստ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Հաղորդակցման, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության վարչության պետի տեղակալ Ջեմալ Վաշակիձեի, պատճառները բազմազան են` տեխնիկականից մինչև կազմակերպչական.

«Սա առաջին հերթին պայմանավորված է համընդհանուր բարեփոխմանը ճշգրտորեն և հավասարակշռված մոտենալու անհրաժեշտությամբ: Մենք չենք ուզում արհեստականորեն արագացնել գործընթացը, որպեսզի ասենք, թե արդեն անցել ենք», – ասում է Վաշակիձեն: «Սա ինքնանպատակ չէ: Թվային հեռարձկմանը պետք է անցնել պետության, հեռարձակողների, ներդրողների և հասարակության համար առավելագույն շահույթով»:

Վրաստանում ներկայումս թվային մալուխային հեռարձակում իրականացնում են երկու մասնավոր ընկերություններ` Silknet-ը և Caucasus Օnline-ը: Թվային հեռարձակումը հնարավորություն է տալիս ունենալու պատկերի և ձայնի բարձր որակ, ինչպես նաև միևնույն հաճախականությամբ հեռարձակել մի քանի հեռուստածրագրեր` ստեղծելով մի շարք նոր տեխնիկական հնարավորություններ և՛ հեռարձակողների և՛ հեռուստադիտողների համար:

Գելա Բուտբայը, ով հեռահաղորդակցության ոլորտում անկախ փորձագետ է, պնդում է, որ Վրաստանում հեռուստառադիոհաղորդումների թվայնացման հարցը զրույցների և շշուկների մակարդակի վրա են, և որևէ իրական փաստաթուղթ դեռ չկա:

«Իմ կարծիքով այն չի էլ լինի, և առանց հստակ ռազմավարության ինչ-որ մեկը կորոշի, որ պետք է թվային հեռարձակում լինի և կանի դա: Ես վախենում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում, մենք կուշանանաք նախանշված ժամանակից»,- կարծում է փորձագետը:

Սակայն Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան հավատացնում է, որ` «2015 թվականին Վրաստանը կունենա թվային հեռարձակում»:

Հաղորդակցման, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության վարչության պետի տեղակալը չի նշում սակայն, թե որքան կարժենա թվայնացման գործընթացը և թե որտեղից ձեռք կբերվեն գումարները, քանի դեռ չկա մշակված ռազմավարություն:

Միայն հավելում է, որ ակտիվորեն աշխատում են Եվրոպական հեռարձակողների միության և Եվրամիության հետ ու հրավիրել են այդ կազմակերպությունների փորձագետներին` Վրաստանի հեռահաղորդակցային շուկան ուսումնասիրելու համար և անալոգայինից թվային հեռարձակման անցնելիս հաշվի կառնեն նրանց խորհուրդները:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել