The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Մայիս 23, 2014
Համացանցը` խոսքի ազատության և սահմանափակումների խաչմերուկում
Գրիշա Բալասանյան
Image source: http://feross.org/images/internet-censorship.png

Այլեւս անհնար է Հայաստանում կյանքն առանց համացանցի պատկերացնել: Հատկապես, Հայաստանի նման զարգացող երկրներում համացանցի ազատությունը, բացի հաղորդակցվելուց եւ տվյալների փոխանակումից, ունի նաեւ այլ կարեւոր նշանակությունը:

Համացանցը լայն հնարավորություններով ազատ հարթակ է քաղաքական ուժերի, քաղաքացիական ակտիվիստների համար: Հեռուստաընկերությունների խիստ բեւեռացումը եւ իշխանություններին ոչ հաճո միջոցառումների կամ իրադարձությունների անհամաչափ լուսաբանումները բերեցին նրան, որ համացանցն այսօր օգտագործվում է, որպես այլընտրանք՝ տեղեկությունը մարդկանց հասցնելու, քննարկումներ ծավալելու համար կամ արագ համախմբվելու տարբեր խնդիրների շուրջ:

Հայաստանում, այլ երկրների համեմատ, համացանցում տեղեկատվական ազատության սահմանափակումներ չկան, կամ՝ քիչ են: Մասնագետները նշում են, որ իրավական առումով էլ սպառնալիքներ այս պահին չեն տեսնում, թեեւ վերջին շրջանում այս կամ այն կերպ միջամտելու նախաձեռնությունների ակտիվություն է նկատվում, բայց հույս ունեն, որ դրանք արագ կմարեն` իրավական ուժ չստանալով:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի իրավաբան Մովսես Հակոբյանը կարծում է, որ կարգավորումներ պետք է մտցնել այն ժամանակ, երբ ծայրահեղ անհրաժեշտություն կա դրա համար: «Որոշակի ժողովրդավարական աստիճան ունեցող եւ զարգացած երկրներում արգելափակում են միայն այն դեպքում, երբ անհրաժեշտություն է առաջանում պաշտպանել անչափահասների իրավունքները, ահաբեկչական հարձակումների կամ նմանատիպ այլ վտանգ կա եւ այլն: Նման սահմանափակումներն էլ անցնում են շատ խիստ ընթացակարգերով»,- պարզաբանում է Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ համացանցը լուրջ լծակ է իշխանությունների վրա ազդելու համար, իսկ ազդելը կարող է լինել շատ տարբեր: Առաջին հերթին կարող է լինել քաղաքացիների մոբիլիզացման, տեղեկատվության ազատ տարածման առումով: Որպես օրինակ իրավաբանը նշում է Մաշտոցի պուրակի «բուտիկների» տեղադրման դեմ երիտասարդների համախմբումը, որը հնարավոր դարձավ նաեւ համացանցի միջոցով, ինչպես նաեւ Երեւանի տրանսպորտի թանկացման դեմ պայքարողների «100 դրամ» ակցիան:

«Համակարգչի առաջ մեր պապիկները նստած չեն, նստած են երիտասարդներ, ովքեր ակտիվ են եւ ունեն ներուժ»,- ասում է իրավաբանը եւ հավելում, որ համացանցում տեղեկատվական հոսքերի նկատմամբ ցանկացած անհարկի միջամտություն հանգեցնելու է դժգոհության:

Համացանցից օգտվողների համաշխարհային տվյալներ տրամադրող InternetWorldStats.com կայքի համաձայն՝ 2011 թ-ի դեկտեմբեր 31-ի դրությամբ Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը կազմում էր 1.800.000 մարդ, որը բնակչության 60.6% է: Համեմատության համար, նշենք, որ 2001-ին, հանրապետությունում ինտերնետից օգտվում էր ընդամենը 40.000 մարդ, կամ՝ բնակչության 0.1%-ը, իսկ 2009-ին՝ 191.000 մարդ կամ՝ 6.4%-ը:

Համացանցը բնակչության լայն զանգվածների համար հասանելի դարձավ 2008-2009 թթ.  հեռահաղորդակցության ոլորտի ապամենաշնորհման, նվազեցվող գնային քաղաքականության եւ ենթակառուցվածքների զարգացման արդյունքում: 

Նույն աղբյուրի տվյալների համաձայն` Հարավային Կովկասում Հայաստանն ինտերնետ հասանելիության առումով առաջատար է, որին հետեւում է հարեւան Ադրբեջանը՝ 50% հասանելությամբ, այնուհետեւ Վրաստանը` 28.4% հասանելությամբ: Ռուսաստանում ինտերնետ հասանելությունը 44.3% է կազմում: Եթե 2012 թ-ի կեսերին ինտերնետ հասանելիությունն աշխարհում հասնում էր 34.3%-ի, ապա, համաձայն կանխատեսումների, 2020 թ-ին այն կկազմի 75-85%: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը կհասնի 90%-ի:

191Այնումենայնիվ, այսօր աշխարհում ամենալուրջ եւ կարեւոր խնդիրներից մեկը դարձել է համացանցում տեղեկատվական ազատ հոսքերի սահմանափակումները: Չինաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ վերջին շրջանում նաեւ Ռուսաստանը դրա վառ օրինակներն են, որտեղ կիրառվում են կամ առաջին քայլերն են իրականացվում համացանցում տեղեկատվական հոսքերի սահմանափակման եւ տասնյակ կայքերի արգելափակման առումով` նման «կարգավորումների» համար ստեղծելով օրենսդրական հիմքեր:

Մինչդեռ համացանցում տեղեկատվական հոսքերի ազատության վերաբերյալ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում պետություններին հնարավորինս զերծ մնալ իրավական կարգավորումներից, քանի դեռ ծայրահեղ անհրաժեշտություն չկա:

Հայաստանի պարագայում համացանցին վերաբերող իրավական ակտերը մի քանիսն են, որոնք հիմնականում վերաբերում են համացանցով հրապարակային եւ անհատական ծանուցումներին, տվյալների հաղորդմանն ու ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագներին ու պայմաններին, թույլտվություններին եւ այլն: Դրանց մի մասն էլ անուղղակի կարգավորումներ են, որոնք բխում են քաղաքացիա-իրավական հարաբերություններից՝ վիրավորանք եւ զրպարտություն, հեղինակային իրավունք եւ այլն:

Ըստ իրավաբան Մովսես Հակոբյանի` Հայաստանում լրատվական կայքերի արգելափակում տեղի է ունեցել 2008 թ-ի մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո, երբ Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարված: Ոչ պաշտոնական տվյալներով`արգելափակվել էին մոտ 20 կայքեր` հիմնականում լրատվական բնույթի: Արգելափակվածների թվում էր նաեւ Յութուբը:

Իրավաբանի խոսքով՝ հնարավոր չէ միանգամից որոշ սահմանումներ մտցնել համացանցում եւ ազդել տեղեկատվական հոսքերի վրա, քանի որ նման «ֆիլտրացումը» կամ արգելափակումը խախտում է նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության նախանշած կանոնները, մասնավորապես՝ ապրանքների եւ ծառայությունների ազատ շրջանառության վերաբերյալ:

«Ես Հայաստանում ինտերնետի տեղեկատվական հոսքերի առումով քաոսային ոչ մի բան չեմ տեսնում, քանի որ մեր շուկան փոքր է, խնդիրներն էլ են փոքր: Երբ նայում ենք մեծ պետությունները, թե այս հարցում ինչպես են իրենց խնդիրները լուծում, պարզ է դառնում, որ մենք այստեղ անելիք չունենք»,- ասում է Հակոբյանը:

Իրավաբանը օրինակ է բերում հայտնի դարձած «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» դատական գործը, որի վերաբերյալ 2013 թ-ին հոկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշեց, որ լրատվական կայքը  պատասխանատվություն է կրում ընթերցողների թողած վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանությունների համար:

Մոտ 90 իրավապաշտպան եւ խնդրով մտահոգված կազմակերպություններ դիմում են ներկայացրել ՄԻԵԴ` գործը վերանայելու խնդրանքով, քանի որ այն որպես նախադեպ լուրջ հարված կարող է հասցնել խոսքի ազատությանը:

«Երբ մի կողմում կա վիրավորված կամ զրպարտված քաղաքացու իրավունքը, իսկ մյուս կողմում` ԶԼՄ-ների ազատության իրավունքը, քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ տեղեկատվության ազատ հոսքերի իրավունքը, ապա, իմ կարծիքով, նախապատվությունը պետք է տրվի եռյակին` հետին պլան մղելով անձնական կյանքի իրավունքը»,- նշում է իրավաբանը: 

Սույն հրապարակումը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից հրատարակվող «Համացանց և Իրավունք» հատուկ տեղեկագրի շրջանակում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին, և հնարավոր է` չհամընկնեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: «Համացանց և Իրավունք» տեղեկագրի բոլոր նյութերին ծանոթացեք այստեղ:

 Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել