The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
September 29, 2011
«Ոսկե բանալին» և «Ժանգոտ կողպեքը» գտան իրենց արժանի տերերին
Անի Գաբրիելյան
JNews-ի թղթակից
«Ոսկե բանալին» և «Ժանգոտ կողպեքը» գտան իրենց արժանի տերերին

Տեղեկատվության ազատության շաբաթվան նվիրված միջոցառումները Հայաստանում եզրափակվեցին սեպտեմբերի 28-ին` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպված «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությամբ:

Այս անգամ «Ժանգոտ կողպեքի» արժանացան ամենազավեշտալի պաշտոնական պատասխանների հեղինակները` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և Համալսարանների համատիրությունը: Ի տարբերություն նախորդ տարիների այս անգամ «Ժանգոտ կողպեք» չշնորհվեց որևէ պետական մարմնի` որպես ամենափակ կառույցի: Ըստ ԻԱԿ ղեկավարության, հավակնող թեկնածուն նախօրեին ուղարկել էր ԻԱԿ-ին հուզող հարցերի լիարժեք պատասխանները, այդ իսկ պատճառով կենտրոնը որոշել էր չպախարակել կառույցի անունը:

«Ժանգոտ կողպեք» մրցանակը տրվում է այն կազմակերպություններին, որոնք չեն պատասխանում քաղաքացիների կամ կազմակերպությունների հարցումներին և բավարար չեն աշխատում: Իսկ «Ոսկե բանալի» մրցանակը տրվում է այն կառույցներին, պետական հաստատություններին, անձանց և ԶԼՄ-ներին, որոնք բաց և թափանցիկ աշխատանք են կատարում:

Այս տարի ԻԱԿ-ը «Ոսկե բանալիներ» էր պատրաստել 6 անվանակարգերում, իսկ կենտրոնի 10-ամյակի կապակցությամբ հատուկ մրցանակներ շնորհեց Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցող տասը կազմակերպությունների, որոնց թվում էին «Առավոտ» օրաթերթը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը և Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

126 «Ոսկե բանալի» մրցանակի արժանացավ նաև 22-ամյա Արման Ղարիբյանը` «Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվը լուսաբանող» անվանակարգում: Lragir.am լրատվական կայքի լրագրող Արման Ղարիբյանը բազմաթիվ հարցումներով դիմել էր Տրանսպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին` նրանցից պահանջելով տեղեկատվության տրամադրում, որն, ըստ Արմանի, մեծ ջանքեր է պահանջել, բայց ի վերջո ստացել անհրաժեշտ պատասխանները:

«Ըստ էության այդ ջանքերի գնահատումն այսօր այդ մրցանակի հանձնումն էր: Կարծում եմ` մեզ մոտ տեղեկատվության ազատությունը դեռ բավարար մակարդակի վրա չի գտնվում, թեև խոստովանեմ, որ առաջընթաց իսկապես կա, սակայն մենք ավելին ենք ուզում, որովհետև անկախության սերունդն ենք», - ասում է մրցանակակիրը:

Արարողությանը ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ինչպես նաև պետական այլ կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ «Ոսկե բանալին» ու «Ժանգոտ կողպեքը» դիտարկվում են որպես համագործակցության հրաշալի հնարավորություն: «Ես կառավարության անունից հավաստիացնում եմ, որ  տեղեկատվության հասանելիությունը մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին էական առաջընթաց ենք ապահովել պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործում և դա նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ: Ժամանակակից աշխարհը տեղեկատվության հետ աշխատելու խնդիրը դարձրել է համար մեկ խնդիր, քանի որ դրա հետ աշխատելն այդքան էլ հեշտ չէ, և անհրաժեշտություն կա այն զանազանել»,- ասել է վարչապետը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով Հայաստանում տեղեկատվության ազատության առաջընթաց կա: «Մեկ քայլ առաջ գնացել ենք, բայց դա դեռևս բավարար չէ: Առաջընթաց կա, նաև տեսանք այն բարձր մակարդակի ներկայացուցչությունը, որն այստեղ է, և բոլորն էլ խոստումներ են տալիս: Սակայն մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու»,- ասել է Դոյդոյանը:

Այս տարի «Ոսկե բանալի» մրցանակին արժանացան.

  • ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը, որպես 2011թ. ամենահրապարակային գործող ու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին,
  • ՀՀ Արդարադատության նախարարությունը, որպես 2011թ. տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայքը տնօրինող մարմին,
  • Կոտայքի մարզպետարանը` տեղեկատվության ազատության ապահովմանն ուղղված լավագույն պաշտոնական նախաձեռնության համար,
  • «Պետական կարիքների զոհերը» ՀԿ-ը, որպես տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն,
  • Lragir.am լրատվական գործակալության լրագրող Արման Ղարիբյանը, որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող,
  • PanARMENIAN.Net գործակալությունը և Hra.am կայքի խմբագրությունը, որպես 2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոցներ:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել