The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Հունիս 19, 2014
Այն, ինչ անհրաժեշտ է իմանալ համացանցում ազատ արտահայտվելու համար
Image Source: Krugsovetov.ru

Համացանցն ինքնակարգավորվող մի տիրույթ է, որտեղ մուտքագրված տեղեկությունը տարածվում ու գոյատևում է ինքնուրույն` դառնալով անվերահսկելի ժամանակի ու տարածության մեջ։ Այդ պատճառով համացանցն ավելի, քան որևէ այլ տիրույթ կարող է անդառնալի ու անվերականգնելի վնաս պատճառել անձնական ու ընտանեկան կյանքին, անձի արժանապատվությանը, պատվին ու գործարար համբավին:

Դրա արդյունքում պատասխանատվության հարց է առաջանում, և այս առումով առավել խոցելի են առցանց լրատվամիջոցները։ Խիստ կարևոր է, որպեսզի առցանց լրատվամիջոցներն իմանան, թե ինչպես են կարգավորվում վիրավորանքի և զրպարտության ավանդական նորմերը համացանցի տիրույթում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության 2013 թ-ին հրատարակած «Լավագույնը ցանցում» ուղեցույցում առկա «Վիրավորանքի և զրպարտության իրավական տիրույթում» նյութից հատվածներ, որի հեղինակն է «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի և «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Արա Ղազարյանը։

Տարածվում են, արդյոք, վիրավորանքի և զրպարտության նորմերն առցանց ԶԼՄ-ների վրա։

- Այո։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը հավասարապես տարածվում է ինչպես ավանդական, այնպես էլ առցանց ԶԼՄ-ների վրա։ Առցանց լրատվամիջոցները, զուտ այն պատճառով, որ գործում են վիրտուալ միջավայրում, որևէ հատուկ արտոնություն չունեն և հավասարապես կրում են նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ ավանդական լրատվամիջոցները։

Տարածվում են, արդյոք, վիրավորանքի և զրպարտության նորմերն առցանց գործող, սակայն ԶԼՄ չհանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա:

- Ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ով կատարում կամ տարածում է հրապարակային հայտարարություն ինտերնետի տիրույթում, անկախ այն հանգամանքից` ԶԼՄ է, թե ոչ, ենթակա է պատասխանատվության վիրավորական կամ զրպարտող բնույթի հայտարարության համար։ Այս իմաստով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը հավասարապես կիրառելի է ինտերնետում գործող սոցիալական ցանցերի, քաղաքացիական նախաձեռնությունների, ինտերակտիվ ծառայություններ մատուցող կայքերի, նորությունների ագրեգատորների, բլոգերների, էլեկտրոնային նամակների, SMS հաղորդագրությունների նկատմամբ` այնքանով, որքանով նշված անձանց կամ կազմակերպությունների տարածած հայտարարությունն իր բնույթով «հրապարակային» է։ Այսինքն՝ առաջին ելակետային պայմանն այն է, որ վեճի առարկա հայտարարությունը լինի հրապարակային` անկախ այն հանգամանքից՝ դա տարածվել է, օրինակ, սոցիալական ցանցու՞մ, բլոգերի էջու՞մ, թե՞ էլեկտրոնային նամակի միջոցով։

220Ի՞նչ է նշանակում «հրապարակային» հայտարարություն։ Օրինակ՝ կարո՞ղ է Ֆեյսբուքում արված հայտարարությունը համարվել հրապարակային, եթե այդ հայտարարությունը կարդում են սահմանափակ թվով մարդիկ։ Կամ կարո՞ղ է մի անձի կողմից մեկ այլ անձին ուղարկված էլեկտրոնային նամակը համարվել հրապարակային հայտարարություն։

- Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե վիճահարույց հայտարարությունը տարածվել է մե՞կ, թե՞ մեկից ավելի օգտատերերի ներկայությամբ։ Եթե արտահայտություններն արվել են առնվազն մեկ երրորդ հասցեատիրոջ  ներկայությամբ, նշանակում է հայտարարությունը հրապարակային է։ Ընդ որում, «ներկայություն» ասելով՝ պետք է հասկանալ «հաղորդակից» դարձնելը։ Հենց այս եզրույթն է ընտրել ՀՀ վճռաբեկ դատարանը Թաթուլ Մանասերյանի վերաբերյալ 2012 թ. ապրիլի 27-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով հայտնի նախադեպում (որոշման ամբողջական տեքստը մատչելի է www.arlis.am կայքում)՝ նշելով, որ առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված հայտարարությունը նշանակում է հայտարարության տարածման այնպիսի եղանակ, երբ երրորդ անձը «հաղորդակից» է դարձվում այդ հայտարարությանը։ Այս սկզբունքով կարելի է որոշել ցանկացած բնույթի և ցանկացած եղանակով կատարված հայտարարության կամ արտահայտության հրապարակային կամ ոչ հրապարակային լինելը։ Օրինակ՝ եթե Ֆեյսբուքում կատարված մեկնաբանությունը կամ հայտարարությունը միաժամանակ կարող են կարդալ մեկից ավելի հասցեատերեր, նշանակում է հայտարարությունը հրապարակային է։ Կամ եթե էլեկտրոնային նամակն ուղարկվել է երկրորդ անձի, սակայն միաժամանակ նամակի պատճենը ուղարկվել (CC-է արվել) առնվազն երրորդ անձի, նշանակում է նամակի բովանդակությունը տարածվել է հրապարակայնորեն և հրապարակային հայտարարություն է։

Եթե էլեկտրոնային նամակն ուղարկվել է մեկ հասցեատիրոջ, իսկ վերջինս ուղարկել է այն երրորդ անձի, երրորդ անձն էլ` չորրորդ անձի, արդյոք, նամակի բովանդակության նման եղանակով հրապարակայնացումը հրապարակային հայտարարություն չէ։ 

Ոչ։ Կարևորն այն է, որ վիճահարույց հայտարարության տարածման պահին առնվազն մեկ անձ «հաղորդակից» դարձվի։ Նշված օրինակում առաջին անձը նամակն ուղարկել է երկրորդին` առանց հաղորդակից դարձնելու այլ անձի, վերջինս իր հերթին նամակն ուղարկել է այլ անձի` կրկին առանց հաղորդակից դարձնելու երրորդ անձի, վերջինս նույնպես նույն եղանակով նամակն ուղարկել է չորրորդ անձի։ Յուրաքանչյուր դեպքում մենք ունենք հաղորդակցություն բացառապես երկու անձանց միջև` առանց երրորդ անձի ներկայության կամ նրան հաղորդակից դարձնելու։ Հետևապես, նշված օրինակում բոլոր անձինք հաղորդակցվել են ոչ հրապարակային եղանակով։

Իսկ եթե երկու անձանց միջև հաղորդակցության բովանդակությունը հայտնի է դառնում լայն հանրությանը ոչ թե նրանցից մեկի գործողությամբ, այլ երրորդ անձի միջոցով, ով ներթափանցում է նրանց գրագրության մեջ, վերցնում տեղեկությունը և տարածում դա` բացահայտելով հայտարարության հեղինակին։

- Այդ դեպքում հայտարարություն «տարածողը» համարվում է առաջին և երկրորդ անձանց հաղորդագրության մեջ ներթափանցած անձ, ով, վերցնելով տեղեկությունը, այնուհետև հրապարակել է այն` այլ անձանց դրան հաղորդակից դարձնելով։ Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ առաջին անձը իր նամակի գաղտնիության ապահովման համար քայլեր է ձեռնարկել, որն ազատում է նրան պատասխանատվությունից։ Այս պաշտպանությունը նույնպես սահմանվել է Վճռաբեկ դատարանի նշված նախադեպում, ըստ որի՝ կոնկրետ արտահայտության ներկայացումը հասցեատիրոջը «չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց»։ Այս սկզբունքը կարելի է կիրառել նաև Ֆեյսբուքի նկատմամբ։ Եթե օգտատերն իր էջը գործարկում է փակ ռեժիմով և այդ տիրույթում շփվում մի քանի անձանց հետ, ապա նրանց միջև հաղորդակցությունների հրապարակային ռեժիմը, իրավական հետևանքներով հանդերձ, գործում է միայն իրենց համար և օգտատիրոջ համար իրավական հետևանք չի առաջացնի այդ տիրույթից որևէ եղանակով դուրս հորդած և տարածված տեղեկության դեպքում, քանի որ օգտատերն ի սկզբանե միջոցներ է ձեռնարկել հայտարարությունների գաղտնիության ապահովման համար` ընտրել է հաղորդակցվելու փակ ռեժիմ։ Ավելին, ըստ երևույթին հատուկ սոցիալական ցանցերի համար, ի լրումն «երրորդ անձին հաղորդակից դարձնելու» չափորոշիչի՝ քաղաքացիական ակտիվիստներ Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի թիվ ԵԱԴԴ/0074/02/ քաղաքացիական գործով կայացրած վճռում Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ներմուծել է «հասանելի է բոլորին» սկզբունքը, համաձայն որի՝ տեղեկության տարածումը համարվում է հրապարակային եղանակով կատարված, եթե կատարվել է այնպես, որ տեղեկությունը անմիջապես հասանելի է դարձել բոլորին։ Օրինակ՝ Ֆեյսբուքի էջի ստատուսում տեղադրված հայտարարությունն անմիջապես հասանելի է բոլորին։

Իսկ եթե օգտատերը «friends» փակ ռեժիմով շփվում է միայն մի քանի, օրինակ՝ հինգ հասցեատերերի հետ, այդ դեպքո՞ւմ ևս նրանց միջև ցանկացած հաղորդագրություն կհամարվի հրապարակային (եթե նման հաղորդագրությունը «հասանելի չէ բոլորին», այլ միայն հինգ հասցեատերերի):

- Այդ դեպքում կգործի «մեկ երրորդ անձի» սկզբունքը, համաձայն որի՝ հաղորդակցության նման եղանակը հրապարակային կհամարվի միայն նշված հինգ հասցեատերերի և տվյալ էջի օգտատիրոջ համար, քանի որ թեև նրանց միջև հաղորդակցությունը հասանելի չէ բոլորին, սակայն հասանելի է մեկից ավելի անձանց տվյալ փակ միջավայրի ներսում: Դա նշանակում է, որ անգամ ընկերների շրջանում կատարված գրառումը կարող է հիմք հանդիսանալ դատական հայցի համար։ Անկախ նրանից, թե Ֆեյսբուքի ձեր էջն ինչ տիրույթում է գործում (հասանելի է բոլորին, ընկերներ, ընկերներ` բացի ծանոթներից, միայն ես կամ ընտրովի), եթե այդ տիրույթում կա մեկից ավելի հասցեատեր, և նա կարդում է ձեր հաղորդագրությունները, նշանակում է դուք գտնվում եք հրապարակային տիրույթում։ Եթե, օրինակ, դուք Մաշտոցի պողոտայում ավտոբուսի մեջ շշուկով անվանարկեք ձեր ընկերոջը, վերջինս չի կարող ձեր դեմ դատական հայց ներկայացնել, քանի որ ոչ մեկը ո´չ ավտոբուսի մեջ, և ո´չ էլ Մաշտոցի պողոտայում չի լսել, թե ինչպես եք վիրավորական արտահայտություն արել ձեր ընկերոջ հասցեին, իսկ եթե դուք ձեր ընկերոջն անվանարկեք այնպես, որ մարդիկ ավտոբուսի ներսում լսեն, ապա դուք չեք կարող փաստարկել, թե ձեր արտահայտությունը հրապարակային չէ, որովհետև Մաշտոցի պողոտայում մարդիկ չեն լսել ձեր խոսքերը, քանի որ բավարար է, եթե ավտոբուսի ներսում մարդիկ լսած լինեն ձեր խոսքերը։   

Նյութի ամբողջական տարբերակին հնարավոր է ծանոթանալ էլեկտրոնային եղանակով այստեղ («Լավագույնը ցանցում» առցանց լրագրողների ուղեցույց, էջ. 63):

Աղբյուրը` JNews.am

Լուսանկարի աղբյուրը` Aravot.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել