Մեդիա լուրեր
Հունվար 15, 2012
Հայ լրագրողների ֆուտբոլային թիմը ԱՊՀ մրցաշարերի մշտական մասնակից
Անի Գաբրիելյան
«ՋեյՆյուզի» թղթակից
Հայ լրագրողների ֆուտբոլային թիմը ԱՊՀ մրցաշարերի մշտական մասնակից
Հայ լրագրողների ֆուտբոլային թիմի տղաները

Ամեն ինչ սկսվեց1999 թ-ից, երբ լրագրող Տիգրան Հովհաննիսյանը մի անսպասելի նամակ ստացավ Սանկտ-Պետերբուրգից, որտեղ նշված էր, որ առաջին անգամ ԱՊՀ երկրների լրագրողների միջև անց է կացվելու ֆուտբոլային մրցաշար, որին մասնակցելու էին հրավիրվում նաև հայ լրագրողները:

«Նամակը մեզ ոգևորեց: Մրցաշարը անց էր կացվում Սանկտ-Պետերբուրգի գուբերնատոր Յակովլևի հովանու ներքո: Մենք մինչ այդ խաղում էինք, բայց սկսեցինք կանոնավոր մարզվել և հատուկ մարզահագուստ ձեռք բերեցինք թիմի համար»,- հիշում է հայ լրագրողների ֆուտբոլային թիմի ավագ, «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի» նախագահ` 50-ամյա Տիգրան Հովհաննիսյանը:

Լրագրողական թիմը կազմ-պատրաստ մեկնեց մասնակցելու մրցաշարին: Դա եղավ առաջին, բայց ոչ վերջին թիմային խաղը միջազգային լրագրողական մրցաշարերում:

«Հաջորդ տարվա (2000թ.-հեղ.) մրցաշարին չմասնակցեցինք` անվտանգության նկատառումներով, քանի որ այն Բաքվում էր կայանալու»,- ասում է Հովհաննիսյանը:

Բայց թիմն ակտիվորեն մասնակցում էր հետագա մրցաշարերին: 12 տարվա ընթացքում նրանց հաջողվել է նվաճել մեկ ոսկե և չորս բրոնզե մեդալ: Թիմի վերջին հաջողությունը եղավ Ուկրաինայի Լուցկ քաղաքում, որտեղ «Վոլին-2011» մինի ֆուտբոլի 14-րդ միջազգային առաջնությունում թիմը զբաղեցրեց 3-րդ տեղը։

Տիգրան Հովհաննիսյանը միակն է, ով թիմի կազմավորման օրվանից մինչ այսօր շարունակում է խաղալ և ղեկավարել այն: Բացի այդ, Տիգրանին հաջողվել է նմանատիպ մրցաշար կազմակերպել նաև Հայաստանում և Ղարաբաղում` հրավիրելով ԱՊՀ երկրների իր գործընկերներին:

Թիմում նոր խաղացողների ընդգրկմամբ զբաղվում է թիմի ավագը. նա է հավաքում թիմը, ոգևորում, մարզահագուստ գտնում, մարզադահլիճներում պարապմունքներ կազմակերպում: Տարիքային սահմանափակում չկա: Կարևորը, որ լրատվական դաշտից լինեն:

«Ֆուտբոլում անհրաժեշտ են շարժվող կադրեր: Քանի որ մեր թիմը բաղկացած է լրագրողներից, այնպես է ստացվում, որ մեկն այլևս չի զբաղվում լրագրությամբ, մյուսը դադարում է ֆուտբոլ խաղալ»,- նշում է Հովհաննիսյանը:

Թիմի երկարամյա խաղացողների շարքը համալրում են «Մեդիամաքս» գործակալության, «Երևան» ամսագրի, «Արարատ FM» ռադիոկայանի և մի շարք այլ լրատվամիջոցների լրագրողներ:

«Սա միայն սպորտային միջոցառում չէ: Թող տպավորություն չստեղծվի, թե մենք փող ենք վատնում մեր հաճույքի համար: Սա ժողովրդական դիվանագիտության ինչ-որ ձև է»,- ասում է թիմի ավագը: «Մենք այլ երկրներում ներկայացնում ենք Հայաստանը, երկուստեք խնդիրներին ենք ծանոթանում և տեղեկատվություն փոխանակում»:

Թիմի ամենաերիտասարդ խաղացողի` 25-ամյա Սամվել Կարագոզյանի համար այս թիմում ֆուտբոլ խաղալը ոչ միայն հաճույք է, այլ նաև գործընկերների հետ գործից դուրս շփվելու հիանալի հնարավորություն:

«Շատ եմ սիրում ֆուտբոլը, սա ինձ համար հոբբի է և այլ երկրների գործընկերների հետ կապեր հաստատելու հնարավորություն», - ասում է Սամվելը:

Սամվելը «Մեդիամաքս» լրատվական գործակալության ցանցային ադմինիստրատորն է: 2008թ-ից խաղում է «Մեդիամաքս»-ի ֆուտբոլային թիմում, որտեղից էլ աչքի է ընկել և հրավիրվել հայ լրագրողների ֆուտբոլային թիմ: 2010թ-ին «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» լրագրողական մրցաշարում Սամվելը ճանաչվել է «Լավագույն պաշտպան»:

Ինչ վերաբերում է խաղերի արդյունքներին, թիմի ավագը կարծում է, որ կարևորը մրցաշարում պատվով տեղեր զբաղեցնելն է: «Մենք լուրջ ենք վերաբերվում այս մրցաշարերին. ԱՊՀ երկրներում արդեն սովոր են, որ Հայաստանի թիմը պետք է մասնակցի: Մեր մասին գրում են. «Հայաստանի փորձառու թիմ»»,- նշում է Տիգրանը:

Այս տարի թիմը պատրաստվում է մասնակցել Լեհաստանում և Լիտվայում անցկացվելիք մրցաշարերից առնվազն մեկին:

«Բոլոր մրցաշարերին չենք կարող մասնակցել, վերջիվերջո մենք լրագրողներ ենք, ոչ թե ֆուտբոլիստներ, որ մի մրցաշարից գնանք մյուսը: Բայց աշխատում ենք տարվա մեջ գոնե մեկին մասնակցել, մեր ներկայությունն ապահովել»,- ասում է լրագրող Տիգրան Հովհաննիսյանը: 

Աղբյուր` JNews.am

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Շատ լավ գրվաց նյութ եր: Ապրես Անի:

Comment viewing options

Select your preferred way to display the comments and click "Save settings" to activate your changes.

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.