The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
September 23, 2011
Givemeinfo նորաստեղծ կայքը կտրամադրի Հայաստանում տեղեկատվության ազատության պատկերը
Անի Գաբրիելյան
JNews-ի թղթակից
Givemeinfo նորաստեղծ կայքը կտրամադրի Հայաստանում տեղեկատվության ազատության պատկերը

«Տեղեկատվության ազատության շաբաթվա» միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 22-ին Երևանում կայացավ Givemeinfo.am («Տվեք ինձ տեղեկատվություն») կայքի շնորհանդեսը:

Այս էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս հետևելու քաղաքացիների կողմից պետական գերատեսչություններին ուղարկված հարցումների և ստացված պատասխանների արդյունավետությանը և ձևավորել վիճակագրություն:

Կայքում գրված է, որ այն ստեղծված չէ քննադատելու կամ վերլուծելու համար, այլ ցույց է տալիս Հայաստանում տեղեկատվության ազատության ոլորտի վիճակագրական պատկերը` ըստ քաղաքացիների հարցումների:

Նախագիծն իրականացվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ կողմից`«Տեղեկատվության ազատության օրենսդրության կիրառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Կայքի մտահղացման հեղինակն է Ալբերտ Պողոսյանը:

«Հիմնական գաղափարն այն է, որ ստեղծենք հասարակական վերահսկողության ինովացիոն մեխանիզմ, որտեղ մարդիկ` ներմուծելով իրենց հարցումներն ու պաշտոնական անձանց պատասխանները, դառնում են տեղեկատվության վիճակագրության ստեղծող»,- ասում է ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Կայքի տեղեկատվությունը կուտակվում է քաղաքացիների կողմից մուտքագրած տվյալների հիման վրա և գրաֆիկների միջոցով ներկայացվում է տեղեկատվության ազատության ոլորտի վիճակագրական պատկերը:

Կայքում արդեն իսկ մուտքագրված 20 ամսվա տվյալների համաձայն (հունվար, 2010թ. – օգոստոս, 2011թ.) ամենադրական արդյունքների տասնյակը գլխավորում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, իսկ բացասական արդյունքների հնգյակում են ՀՀ Արտակարգ իրավճակների նախարարությունը, ՀՀ Ոստիկանությունը, «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն, Աշտարակի քաղաքապետարանն ու Այգեձորի գյուղապետարանը:

Ծրագրի ղեկավար, ԻԱԿ համանախագահ Լիանա Դոյդոյանը ասում է, որ կայքը հանդիսանում է տեղեկատվական և վիճակագրական տվյալների ամբողջացնող աղբյուր:

«Համոզված ենք, որ բոլոր շահագրգիռ անձիք` քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, և հատկապես լրագրողները կներմուծեն իրենց ունեցած հարցումներն ու արձագանքները, որպեսզի ստանանք վիճակագրական տվյալների ամբողջական և առավել իրական պատկեր», - ասում է Լիանա Դոյդոյանը:

Ըստ նրա` կայքում տեղադրված փաստաթղթերի ստույգությունը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ դրանք քաղաքացիներին տրամադրվել են պետական գերատեսչությունների կողմից:

Կայքն ավելի հանրաճանաչ դարձնելու համար պատասխանատուները էջ են բացել նաև սոցիալական ցանցերում:

«Մեր կոչն այն է, որ պաշտոնական մարմիններն էլ մասնակցեն այս գործընթացին, իրենք էլ սկսեն ներմուծել տեղեկատվություն, որը նաև իրենց շահերից է բխում»,- ասում է Լիանա Դոյդոյանը:

Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի կողմից: 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել