The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Ապրիլ 3, 2012
Առցանց լրագրողի վարքականոն. մշակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» կողմից
Առցանց լրագրողի վարքականոն. մշակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» կողմից

«Լրագրողներ հանուն ապագայի» անդամները հավատացած են, որ հասարակության լուսավորումը արդարության նախադրյալն է և ժողովրդավարության հիմնաքարը: Լրագրողի պարտականությունն է միավորել այդ եզրերը՝ որոնելով ճշմարտությունը և ներկայացնելով դեպքերի և իրադարձությունների արդար և մատչելի հաշվետվությունը' ինչպես ավանդական, այնպես էլ առցանց ԶԼՄ-ներով:

2012 թ. ապրիլի 1-ին «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» եռօրյա դասընթացների շրջանակում մասնակից 20 լրագրողներ (ստորև նշված են նրանց անունները) ստորագրեցին «Առցանց լրագրողի վարքականոնը», որը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) մասնագետների կողմից` միջազգային համանման վարքականոնների ուսումնասիրությունից հետո: Վարքականոնները բաղկացած են 10 կետից' «մի´ վնասիր» սկզբունքի հիման վրա:

Վարքականոնի ստեղծմամբ ԼՀԱ-ն նպատակ ունի նպաստելու համացանցում հանրային տեղեկատվություն տարածողների մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև օգնելու ընթերցողին համացանցում տարբերակել որակյալ հրապարակումները կեղծ և ոչ հավաստի տեղեկություններից:

Վարքականոնը ներառվել է ԼՀԱ-ի «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գրքում, Երևանի պետական համալսարանի «Նոր և այլընտրանքային մեդիա. Էթիկական և իրավական խնդիրներ» ուսումնական ուղեցույցում: ԼՀԱ-ի վարքականոնին հետևում են Ditaket.am մարզային լրատվական հարթակի լրագրողները, ինչպես նաև Mynews.am հանրային թղթակցության հարթակի հեղինակները:

Նշված 10 կանոններին հետևելու պարագայում յուրաքանչյուր լրագրող, բլոգեր կամ ցանցային լրատվամիջոց ազատ է տնօրինելու այս կանոնակարգը սեփական էլեկտրոնային հարթակում տեղադրելու համար' ակտիվ հղումով նշելով սկզբնաղբյուրը:

ԼՀԱ-ն կարևորելով այլոց կարծիքը փաստաթղթի բարելավման գործում, առաջարկում է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, լրագրողներին, իրավաբաններին և քաղաքացիական լրագրողներին հանդես գալ առաջարկություններով և մեկնաբանություններով:

Առցանց լրագրողի 10 վարքականոն

Յուրաքանչյուր լրագրող, քաղաքացիական լրագրող կամ բլոգեր (այսուհետ` առցանց լրագրող), ով բաց տեղեկատվություն է զետեղում համացանցում, պետք է ընդունի սեփական հարթակում հրապարակումներ տեղադրելու կանոնները և սկզբունքները, աշխատի այդ սկզբունքներին համապատասխան:

Առցանց լրագրողը յուրաքանչյուր տեղեկություն հրապարակելիս պետք է հաշվի առնի տեղեկության ձևի (լուսանկար, տեսանյութ և այլն) և բովանդակության հնարավոր բացասական հետևանքները, այդ թվում' հոգեբանական: Անհրաժեշտության դեպքում առցանց լրագրողը պետք է սահմանափակի ներկայացվող տեղեկության, տեղեկության որոշակի հատվածի, ինչպես նաև տեղեկության որոշակի ձևի հրապարակումը: Փաստերի, այդ թվում' լուսանկարների և նյութի բովանդակության միտումնավոր աղավաղումն անընդունելի է:

1. Լուր հաղորդելիս ձեռնպահ մնալ մեկնաբանություններից. լրագրողի սեփական կարծիքը լուրի մեջ պետք է բացակայի, լրագրողի կողմնակալ վերաբերմունքը հրապարակման մասնակիցների և փաստերի նկատմամբ պետք է հնարավորինս բացառվի կայքում:

2. Հրապարակային տեղեկատվությունը ճշգրիտ հաղորդել. հրապարակման ենթակա չեն չճշտված, բամբասանքների վրա հիմնված տեղեկությունները: Յուրաքանչյուր հնարավորության դեպքում առցանց լրագրողը պետք է նշի տեղեկության աղբյուրը: Հասարակությունը պետք է ստանա աղբյուրի արժանահավատության վերաբերյալ առավելագույն տեղեկություն:

3. Յուրաքանչյուր տեղեկություն լրացնել փաստերով, հնարավորության դեպքում լուրը հիմնված լինի մի քանի աղբյուրից ստացված տեղեկությունների համադրման վրա: Փաստերի բացակայության դեպքում տեղեկությունը պետք է ներկայացվի որպես կարծիք կամ գնահատողական դատողություն: Հրապարակման մեջ տեղ գտած պնդումները հեղինակին չպատկանելու դեպքում պետք է հղում անել տեղեկատվության աղբյուրին կամ, տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը պահպանելու դեպքում, նշել այդ մասին: Գրագողությունն արգելվում է:

4. Յուրաքանչյուր հրապարակում պետք է ապահովի բազմակարծություն, հրապարակման բոլոր մասնակիցների կարծիքների արտացոլում, անպայման ներկայացվեն հրապարակման մասնակիցների' միմյանց հակասող կարծիքները, կամ նշվի կարծիքի/մեկնաբանության բացակայության պատճառը:

5. Հարգել յուրաքանչյուրի իրավունքը, այդ թվում' անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը. հրապարակման մասնակցի մասին անհատական տվյալների, անձնական բնույթի տեղեկությունների հրապարակումը պետք է պայմանավորված լինի հանրային շահով: Յուրաքանչյուր դեպքում առցանց լրագրողը պետք է կշեռքի նժարի վրա դնի հրապարակման մասնակցի վերաբերյալ տեղեկության հրապարակման դրական և բացասական կողմերը:

6. Հարգել յուրաքանչյուրի պատվի և արժանապատվության իրավունքը. առցանց լրագրողն իր հրապարակումներում պետք է ձեռնպահ մնալ վիրավորական արտահայտություններից, զրպարտությունից, պիտակավորումներից:

7. Հրապարակման մասնակիցների խոսքը, կարծիքները և մեկնաբանությունները որպես ուղղակի խոսք ներկայացնելիս պետք է բառացի մեջբերել, իսկ սեփական բառերով ներկայացնելիս խուսափել հրապարակման անձի խոսքը աղավաղված ներկայացնելուց:

8. Հնարավորություն ընձեռել հրապարակման մեջ ներկայացված անձին հանդես գալու սեփական պատասխանով, եթե հրապարակման մեջ կա տվյալ անձի կամ նրա գործունեության վերաբերյալ բացասական տեղեկություն կամ կարծիք' չհիմնավորված փաստերով:

9. Հրապարակումների մեկնաբանությունների հատվածում հեղինակն իրավունք չունի արհեստականորեն մեկնաբանություններ հրահրել' ներկայացնելով անձնական վերաբերմունքը կամ կարծիքը հրապարակման մասնակիցների նկատմամբ: Հեղինակը պատասխանատվություն չի կրում հրապարակման տակ գրված մեկնաբանությունների համար: Վիրավորական կամ անպարկեշտ արտահայտությունների դեպքում կայքի համակարգողն իրավասու է չներկայացնելու դրանք:

10. Հեղինակը պետք է անկախ գործի: Պետք է մերժել հրապարակման անձանց նվերները, հոնորարները, անվճար ճանապարհորդությունները, խուսափել շահերի բախման վտանգ ներկայացնող աշխատանքից և քաղաքական ուժերի հետ գործակցելուց, եթե դա կարող է վնասել քաղաքացիական լրագրողական արժանահավատությանը:

Վերոնշյալ կանոններում փոփոխություններ կատարել թույլատրվում է միայն «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի եւ կանոնները ստորագրած լրագրողների (անձանց) համաձայնությամբ:

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստում ենք, որ ծանոթացել ենք առցանց լրագրողի էթիկայի վերոնշյալ կանոններին եւ պարտավորվում ենք «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի հետ աշխատանքում առաջնորդվել դրանցով, գործել դրանց համապատասխան:

  1. Անի Պողոսյան,
  2. Լիլիթ Թովմասյան,
  3. Մարինե Պետրոսյան,
  4. Անահիտ Դարբինյան,
  5. Սոնա Սիրունյան,
  6. Տիգրանուհի Դավթյան,
  7. Արմանուշ Նիազյան,
  8. Իրինա Յոլյան,
  9. Մերի Սողոմոնյան,
  10. Սրբուհի Գրիգորյան,
  11. Հռիփսիմե Հովակիմյան,
  12. Վրույր Մալխասյան,
  13. Արսեն Վարդանյան,
  14. Էմին Մաթևոսյան,
  15. Արմենակ Դավթյան,
  16. Արմեն Հովակիմյան,
  17. Գագիկ Աղբալյան,
  18. Հռիփսիմե Հովակիմյան,
  19. Սուրեն Դեհերյան,
  20. Գայանե Միրզոյան 

 

image source: www.nationalstory.co.uk

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել