The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Էլ-ուսուցում
Դեկտեմբեր 22, 2013
Քրեակատարողական համակարգի լուսաբանման էթիկայի կանոնակարգ
Քրեակատարողական համակարգի լուսաբանման էթիկայի կանոնակարգ

Մենք` դատաիրավական թեմաներ լուսաբանող լրագրողներս, հավատացած ենք, որ հասարակության լուսավորումը արդարության նախադրյալն է և ժողովրդավարության հիմնաքարը: Լրագրողի պարտականությունն է միավորել այդ եզրերը` որոնելով ճշմարտությունը և ներկայացնելով դեպքերի և իրադարձությունների արդար լուսաբանում: Պրոֆեսիոնալ մոտեցումը լրագրողի վստահելիության հիմնքն է: Հավատարիմ մնալով էթիկայի վարքականոններին, մենք ընդունում ենք դատաիրավական և քրեակատարողական հիմնարկներին առնչվող թեմաները լուսաբանելու այս կանոնակարգը` հայտարարելով սկզբունքների և պրոֆեսիոնալ լրագրության համընդհանուր չափանիշների մասին` պարտավորվելով հետևել դրանց:

 ԿԱՆՈՆՆԵՐ

  1. Հարգել անմեղության կանխավարկածը:
  2. Ստուգել տեղեկատվության հավաստիությունը բոլոր հնարավոր աղբյուրներից և խուսափել անուղղելի սխալներից: Փաստերի մտածված աղավաղումն անընդունելի է:
  3. Ջանասիրաբար որոնել պատմության հերոսներին և հնարավորություն տալ նրանց պատասխանել պնդումներին և ենթադրություններին:
  4. Յուրաքանչյուր հնարավորության դեպքում մատնանշել աղբյուրը, եթե դա չի վնասի աղբյուրին: Հասարակությունը պետք է ստանա աղբյուրի վստահելիության վերաբերյալ հնարավորինս շատ տեղեկություններ:
  5. Խուսափել անհարկի խոստումներ տալուց: Իսկ անանունություն խոստանալուց առաջ միշտ հարցնել աղբյուրի դրդապատճառները: Տեղեկատվության դիմաց խոստումներ տալիս ճշտել պայմանները: Միշտ պահել խոստումները:
  6. Համոզված լինել, որ վերնագրերը, առաջաբանները, անոնսները, լուսանկարները, տեսանյութերը, ձայնագրությունները, գրաֆիկական պատկերները և մեջբերումները սխալ չեն ներկայացնում պատմության բուն իմաստը:
  7. Աջակցել կարծիքների ազատ փոխանակմանը, եթե նույնիսկ դրանք պատմության հեղինակը չի կիսում
  8. Երբեք չաղավաղել լուսանկարների կամ տեսանյութերի բովանդակությունը:
  9. Խիստ ծայրահեղ անհրաժեշտությամբ, տեսանյութի կամ լուսանկարի մոնտաժման դեպքում, պատմության մեջ նշել դրդապատճառները և տալ պարզաբանում:
  10. Ձայն տալ անձայններին. տեղեկատվության պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրները հավասարապես կարևոր են:
  11. Պատմության հեղինակի վերլուծությունն ու մեկնաբանությունը չպետք է աղավաղեն փաստերն ու բովանդակությունը:
  12. Ցուցաբերել կարեկցանք նրանց, ում վրա պատմության լուսաբանումը կարող է բացասաբար անդրադառնալ:
  13. Ցուցաբերել զգուշավորություն երեխաների կամ անփորձ աղբյուրների և հերոսների հետ աշխատելիս: Նույն զգուշավորությամբ աշխատել ողբերգությունից տուժածների, նրանց հարազատների հետ հարցազրույց վարելիս կամ նրանց լուսանկարելիս:
  14. Գիտակցել, որ տեղեկատվություն հավաքելը կարող է վնաս կամ անհարմարություն պատճառել:
  15. Զգուշավորություն ցուցաբերել անչափահաս մեղադրյալներին կամ սեռական բռնությունների զոհերին բացահայտելիս: Հարցազրույցը չվերածել հարցաքննության, իսկ անձի խոշտանգմանը վերաբերող հարցերը ձևակերպել այնպես, որ պատասխանողը կրկին չվերապրի այն:
  16. Աղբյուրների խոսքը, կարծիքները և մեկնաբանությունները որպես ուղղակի խոսք ներկայացնելիս բառացի մեջբերել, իսկ սեփական բառերով ներկայացնելիս խուսափել հրապարակման անձի խոսքը աղավաղված ներկայացնելուց:
  17. Խուսափել կասկածյալներին մեղադրել նախքան պաշտոնական մեղադրանքը կամ դատավճիռը հրապարակվելը:
  18. Հարգել յուրաքանչյուրի պատվի և արժանապատվության իրավունքը` ձեռնպահ մնալով վիրավորական արտահայտություններից, զրպարտությունից, պիտակավորումներից:
  19. Պահպանել հավասարությունը կասկածյալի արդար դատաստանի և հասարակության տեղեկացված լինելու իրավունքների միջև:
  20. Զգոն ու խիզախ լինել և իշխանություններին, համակարգի պատասխանատուներին դարձնել հաշվետու:
  21. Զգույշ լինել այն աղբյուրների նկատմամբ, որոնք առաջարկում են գումար տեղեկատվության դիմաց:
  22. Խուսափել թաքնված նկարահանումներից կամ տեղեկատվություն հավաքելու այլ գաղտնի միջոցներից, բացառությամբ այն դեպքերի, երբ ավանդական բաց մեթոդները չեն հանգեցնի հասարակության համար խիստ կարևոր տեղեկատվության բացահայտմանը: Նման մեթոդների կիրառումը պետք է պարզաբանվի ներկայացվող պատմության ընթացքում:
  23. Երբեք չզբաղվել գրագողությամբ:
  24. Գործել անկախ, մերժել նվերները, հոնորարները, խուսափել շահերի բախման վտանգ ներկայացնող աշխատանքից և տարբեր ուժերի հետ գործակցելուց:
  25. Լինել հետևողական յուրաքանչյուր պատմություն լուսաբանելիս:

Մենք ընդունում ենք մեր իսկ կողմից ընտրված խորհրդի իրավասությունը` քննելու դատաիրավական և քրեակատարողական հիմնարկներին առնչվող թեմաներով մեր հրապարակումների համապատասխանությունը սույն կանոնակարգին և պատրաստակամ ենք ընդունելու խորհրդի ցանկացած եզրակացություն և հրապարակելու այն մեր լրատվամիջոցում:

Սույն կանոնակարգը պատրաստվել է «Քրեակատարողական համակարգի լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով աշխատաժողովի շրջանակներում, որը նախաձեռնել էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Կանոնակարգը մշակել է Սուրեն Դեհերյանը:

Լուսանկարի աղբյուր` http://governmentgonewild.org

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել