The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՔոփիՓաստ
Հոկտեմբեր 4, 2011
Ֆոտո փախցնոցի. Հարգելի խմբագիրներ, ֆոտոն ունի հեղինակ
Անահիտ Հայրապետյան
«ՋեյՆյուզ»
Courtesy of Anahit Hayrapetyan
Անահիտ Հայրապետյան

Երբ չես խոսում խնդիրների մասին, բոլորին թվում է, թե ամեն ինչ հարթ է, ու որ դրանք չկան: Հենց ընկնում ես ոստայնի մեջ ու փորձում դուրս պրծնել դրա մանր թելերից, սկսում են բացահայտումները, որ դառնում են օրվա թեմա, ազդում տրամադրությանդ վրա, խլում էներգիադ:

Չգիտես ինչի բոլորին թվում է՝ լուսանկարիչ ունենալն ավելորդ շռայլություն է խմբագրությունում. ինչի՞ է պետք, միևնույն է, անվճար էլ կարելի է ունենալ այն, ինչ անհրաժեշտ է:

Մի կողմից Հայաստանում ավելանում են ֆոտոխցիկներով քայլող մարդիկ, գրախանութներում հայտնվում են Արաքիի ու Նյուտոնի լուսանկարչական ալբոմները, ֆեյսբուք սոցիալական ցանցի օգնությամբ ծնվում են նոր լուսանկարիչներ, կազմակերպվում են ցուցահանդեսներ ու քննարկումներ, լուսանկարչությունը լայն մասսայականություն է վայելում, մյուս կողմից` մեդիա դաշտում նկատելի ոչինչ չի փոխվում, առավել ևս, ահռելի խառնաշփոթ է: Ավելի հաճախ շփվելով հայկական մամուլի հետ` հիասթափություն եմ ապրում` տեսնելով խզումը թերթի ու լուանկարչի միջև:

Հերթական «Պեչա-կուչա»-ի ժամանակ (տես այստեղ) ես փորձեցի խոսել «Ո՞ւր է ֆոտոլրագրողը» թեմայի շուրջ: Հետո երբ այդ միջոցառման տեսագրությունն էի նայում, հասկացա, թե ինչքան ջղային եմ ներկայացրել այն: Այո, ես շատ ջղայնորեն փորձում էի բարձրաձայնել, որ լուսանկար գողանալը ճիշտ չէ, միայն տեքստի հետ չի կապված մամուլի աշխատանքը ու լիքը այլ հարցեր:

Շատ հաճախ գրում եմ նամակներ տարբեր խմբագիրների` խնդրելով գրել անունս լուսանկարիս տակ: Շատ հաճախ զանգում եմ խմբագիրների` խնդրելով հանել լուսանկարս, որն ամենևին կապ չունի իրենց գրած հոդվածի հետ: Հիմնականում ինձ կամ չեն պատասխանում, կամ հետս խոսում են շատ կոպիտ, ասես ես եմ գողացողը, ես եմ առանց հարցնելու օգտագործողը, ասես ես եմ մեղավոր, որ իրենք լուսանկարիչ չունեն, որ իրենք թերթ պահելու գումար չունեն, որ իրենց մոտ ինչ-որ բան այն չէ: Լինում են դեպքեր, երբ նույնիսկ իմ ընկերներն են անցնում անձնական վիրավորանքների, երբ ես բարձրացնում եմ իմ հեղինակային իրավունքի հարցը:

Ոչ մեկի մտքով չի էլ անցնի մի լրագրող պակաս ունենալու փոխարեն մի լուսանկարիչ ունենալ, միայն «Ֆոտոլուրն» է ու Գագիկ Շամշյանը, իսկ եթե նրանք էլ չէ, ապա գուգլը կա ու կա: Դրա համար մեզ մոտ մամուլում հայտնվում են նույն լուսանկարները: Որտեղ նայես` նույն կադրը:

Ֆոտոլրագրող Իննա Մխիթարյանի խնդրանքին` հանել իր լուսանկարը կայքից, «Անկախ» թերթի խմբագիրը պատասխանում է: 

«Բարև Ինա ջան,այս նկարը ես գտել եմ Google-ով կոնդի համար նկար փնտրելիս: Ընդ որում, եթե փնտրես, տարբեր չափերի կբերի: Մենք նկարների մեծ մասը նյութին համապատասխան search-ենք տալիս Google-ով ու դնում ենք, դրա մեջ ոչ մի հանցանք չեմ տեսնում: Դու Google-ին բողոքի, թող քո նկարները չօգտագործեն: Իսկ ֆոտոն հանել չեմ կարող, քանի որ նյութը արդեն շատ է տարածվել: Google-ը տրամադրում է անվճար զանազան նկարներ, և այդ նկարները օգտագործելը ընդունված է»:

Հայաստանում թերթի խմբագիր լինելու համար որևէ կրթություն պետք չի ունենալ, դու այդ պաշտոնում կարող ես հայտնվել լրիվ պատահականորեն, պայմանականորեն, այսինքն շատ սուբյեկտիվ հանգամանքների բերումով: Դա ինձ չի անհանգստացնում, բայց երբ նույն խմբագրերը հանցանք չեն համարում ուրիշի լուսանկարն առանց տեղեկացնելու օգտագործելը, դա արդեն երևակայությանս չի հասնում: Իսկ երևակայություն ես ունեմ:

Մեկ այլ դեպք, որ պատահեց լուսանկարիչ Փիրուզա Խալափյանի հետ, նույնպես շատ զավեշտալի է: Bravo.am կայքի համար լուսանկարելուց հետո լրատվամիջոցը, որ ոչ տեխնիկա, ոչ ինտերնետ, ոչ աշխատանքային պայմաններ չէր ապահովել լուսանկարչի համար, մտածում է` հանգիստ կարելի է լուսանկարչի անունը չգրել լուսանկարի տակ: Լրագրողի անունը միևնույն ժամանակ երբեք չեն մոռանում:

Տեքստապաշտության մասին հայերի ու հայկական մամուլի մոլուցքը միայն էսսեի մի այլ նյութ է, որին կանդրադառնամ հետո:

Առավել անտանելի է, երբ խմբագիրը լուսանկարչին ասում է. «քանի որ աղջիկ ես, էս անգամ կգրեմ, եթե տղա լինեիր, հետդ ուրիշ ձև կխոսեի»:

Ամենահաճելի խմբագիրը, որ հանդիպեց ինձ, չեմ էլ հիշում հիմա ամսագրի անունը, զանգեց, խոստացավ վճարել, հարցուփորձ արեց շուկայի գների մասին ու կորավ:

Ամեն դեպքում մարդը գոնե հակահարձակման չանցավ:

Երբ չես խոսում խնդրի մասին, ամենևին չի նշանակում, որ խնդիրներ չկան: 

Անահիտ Հայրապետյանը թղթակցում է www.eurasianet.org ամսագրին: Անահիտի աշխատանքներին կարելի է ծանոթանալ այստեղ` http://www.eurasianet.org/multimedia/armenia

Աղբյուր` JNews.am

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել