The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
April 21, 2016
Հրազդանի ընտրությունները՝ լրագրողների դիտակետից
By Գագիկ Աղբալյան
JNews reporter
Հրազդանի ընտրությունները՝ լրագրողների դիտակետից

Ապրիլի 17-ին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքն էր, որտեղ անցկացվում էին քաղաքապետի ընտրություններ: Իսկ ընտրությունների արդյունքում վերընտրվեց քաղաքը 14 տարի ղեկավարող Արամ Դանիելյանը:

Ընտրության օրը քվեարկության ընթացքից օպերատիվ տեղեկություն էին հաղորդում մի քանի լրատվամիջոցներ, որոնց թվում՝ «Ազատություն» ռադիոկայանը, «Սիվիլնեթ»-ը, «Ա1+»-ը, Armtimes.com, «Ասպարեզ», «Հրապարակ» պարբերականները և այլ: Հանրապետական հեռուստաընկերություններից աշխուժություն նկատվեց միայն Հ3 ՀԸ կողմից: Դա էլ թերեւս պայմանավորված էր այն բանով, որ քաղաքապետի երեք թեկնածուներից մեկը՝ Արթուր Միսակյանը, առաջադրված էր «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից, որի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը տվյալ հեռուստաընկերությունը տնօրինող ընկերության բաժնետերերից է: Հիշեցնենք, որ մյուս երկու թեկնածուները՝ Սասուն Միքայելյանը եւ Արամ Դանիելյանը, առաջադրվել էին համապատասխանաբար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ ՀՀԿ-ի կողմից:

Այս ընտրություններում կրկին գրանցվեցին դեպքեր, երբ լրագրողները սպառնալիքներ ստացան իրենց հասցեին, կամ փորձ արվեց խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը: Նման դեպք գրանցվեց 25/17 տեղամասում, երբ Armtimes.com կայքի օպերատորին  նկարահանման ժամանակ տեղամասի դիմաց կուտակված անձանցից մեկը սպառնացել էր: Իսկ մեկ այլ տեղամասի առջև խմբված անձնացից մեկը խոչընդոտում էր «Սիվիլնեթ»-ի լրագրողի աշխատանքը, ձեռքով փակելով տեսախցիկը, այն պահին, երբ նա փորձում էր պարզել թե ինչու է տվյալ տեղամասի առջև կանգնած նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:

Past.am-ի լրագրող Լիլիթ Լալայանը Հրազդանի ընտրությունների օրը ամենալայն տարածում գտած տեսանյութերից մեկի հեղինակն է: Լալայանի տեսախցիկը արձանագրել էր Հրազդանի ընտրական տեղամասերից մեկում կայանած մի քանի ավտոբուս, որոնք ըստ լրագրողի, այն նույն ավտոբուսներն էին, որոնք անվճար սպասարկում են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի օժանդակությամբ Երեւան-Աբովյան երթուղին: Լալայանը պատմում է, որ այդ ավտոբուսներով ընտրության օրը Հրազդանի տեղամասեր էին բերում տասնյակ մարդկանց:

180 Դրանցից մի քանիսին լրագրողը ֆիքսել էր իր տեսախցիկով: Կադրում հստակ երևում է, որ ավտոբուսին մոտեցող մի քանի երիտասարդներ, երբ նկատում են, որ իրենց տեսախցիկով նկարում են, սկսում են փախչել: Ավտոբուսի վարորդը ևս տեսախցիկի առկայությունը հաշվի առնելով՝ որոշում է ավտոբուսով հեռանալ տվյալ վայրից` չսպասելով իր ուղևորներին:

JNews-ի հետ զրույցում Լալայանն ասում է, որ այն տեղամասերում, որտեղ եղել են լրագրողներ, հանձնաժողովի անդամներն ավելի զգոն պահվածք են դրսեւորել: Նրա խոսքով՝ ընտրություններում մեծ դեր է խաղում տեսախցիկը, ինչի առկայության դեպքում կուտակումները միանգամից վերանում են, «հանձնաժողովի անդամներն ավելի զգաստ են դառնում եւ խուսափում ավելորդ արտահայտություններից ու քայլերից»:

Ըստ նրա, այս ընտրություններում իր այցելած տեղամասերում լցոնումներ, կրկնաքվեարկություններ, հոսանքի միտումնավոր անջատումներ չեն եղել: «Իմ դիտարկմամբ՝ ընտրախախտումները տեղի էին ունեցել շատ ավելի վաղ, մարդկանց նախապես գումարներ էին բաժանել, ինչը չէր հերքվում անգամ ընտրողների կողմից»,- JNews-ին ասում է Լալայանը:

Նրա խոսքով՝ առաջադրված երեք թեկնածուներից միայն գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն է խուսափել լրագրողների հետ շփումներից: Մնացած երկու թեկնածուները բաց էին լրագրողների առջև:

Հրազդանի ընտրությունների ընթացքին դիտորդի կարգավիճակով հետեւել են նաեւ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: Համաձայն ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի, իրենց կողմից ընտրությունների ընթացքը դիտարկվել է Հրազդանի բոլոր տեղամասերում անխտիր: Բարսեղյանը եւս հավաստիացնում է, որ տեղամասերում խախտում չեն գրանցել, սակայն տեղամասերից դուրս գրանցել են այն, որ ընտրություններում շրջանառվել է ընտրակաշառք եւ օգտագործվել է  վարչական ռեսուրսը:

182 Ըստ Լեւոն Բարսեղյանի՝ դեկտեմբերին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում լրագրողները, վերահսկելով տեղամասերի ընդամենը 25-30 տոկոսը, արձանագրել են մոտ 900 խախտում, որից 500-ը՝ քրեական հանցանք պարունակող: Ըստ JNews-ի զրուցակցի, իշխանությունները սա հաշվի առնելով՝  որոշել էին Հրազդանի ընտրություններում փոխել գործելաոճը:

«Իշխանությունը փոխել է կեղծման մեխանիկան ընդհանրապես: Քանի որ ներսում հսկում են, իշխանությունը հասկանում է, որ ներսում խախտում չի կարող անել եւ խախտումները տեղափոխում է դուրս:Սա ֆիզիկա է, սա բարդ գիտություն չէ: Եթե մի կողմից ճնշում ես առաջացնում, պարկը մի ուրիշ կողմից է պատռվում: Իսկ ահա դրսում վերահսկելը լրագրողների համար շատ բարդ է: Բնականաբար տներում ընտրակաշառք կանխելը սարսափելի դժվար է, իսկ քաղաքացու գիտակցությունը բարձրացնելը 5 րոպեի բան չէ: Եթե մարդ տարիներով պետության կողմից շարունակաբար աղքատացվում ու նվաստացվում է, փորձես փողի դեմը խոսքով առնել՝ հեշտ բան չէ»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ հանրային գիտակցության զարգացման գլխավոր գործիքներից մեկը ԶԼՄ-ներն են, սակայն դրանց ամենամեծ լսարան ունեցողները՝ հեռուստաընկերությունները, իշխանության ձեռքում են:

ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրության հիման վրա, Օմբուդսմենի գրասենյակը առանձնացրել է Հրազդանի ընտրությանն առնչվող 14 հրապարակումներ, որոնցում խախտումների մասին անդրադարձ կա: Մասնավորապես դրանք վերաբերում են ուրիշի փոխարեն քվեարկությանը, դիտորդի և լրագրողի գործունեությունը խոչընդոտելուն, ընտրողներին ուղղորդելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ընտրակաշառք բաժանելուն) եւ այլն:

Լուսանկարները՝ Լեւոն Բարսեղյանի և Լիլիթ Լալայանի ֆեյսբուքյան էջերից: 

Աղբյուրը` JNews.am

 

Share
Printer-friendly version
PDF version

Read also

Comments

Post new comment