The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ինովացիա
October 2, 2014
Բայթ, բայթ, էքսաբայթ
Բայթ, բայթ, էքսաբայթ

Ամեն օր աշխարհում ստեղծվում է 2.5 էքսաբայթ ինֆորմացիա: Ի՞նչ է էքսաբայթը. այն ինֆորմացիայի քանակի չափման միավոր է, որ հավասար է 1018 բայթի: Սրա հզորությունը պատկերացնելու համար ասենք, որ ժամանակակից աշխարհում գերհզոր համակարգիչներն ունեն 1տբ հիշողություն, այնինչ  1էբ = 1.000.000տբ-ի: Սա նույնն է, ինչ օրական 2.5 մլն այդպիսի գերհզոր համակարգիչներ արտադրվեն:

Ամեն օր 2.5 էքսաբայթ ինֆորմացիայի ստեղծումը հավասարազոր է նրան, որ երկրի վրա մեկ մարդուն օրական տրվի 1 CD սկավառակ՝ 520 MB պարունակությամբ: Եթե բոլորի մեկական սկավառակները 5 օր շարունակ իրար վրա շարենք, ապա այդ շարքը Երկրից կձգվի մինչև Լուսին: Օրական ստեղծվող 2.5 էքսաբայթը նաև նույնն է, ինչ  աշխարհի երեսին երբևէ տպված բոլոր գրքերը 46.5 հազար անգամ տպվեն ամեն օր:

Թե մարդիկ ինչքանով են այս հսկայածավալ ինֆորմացիան հասցնում յուրացնել՝ դժվար է ասել: Ոչ ոք չի կարող հաշվել, թե մարդն օրական ինչքան ինֆորմացիա կարող է կլանել: Մենք ինչ-որ մեկի հետ զրուցելիս, ինչ-որ բան կարդալիս կամ անելիս կենտրոնանում ենք մի երևույթի վրա, սակայն  իրականում այդ ֆոնի վրա կան շատ այլ տեսակի ինֆորմացիաներ: Օրինակ, ինչպես հաշվել, թե զրուցելիս շրջապատի աղմուկը, նշանները կամ լվացվելիս ջրի կաթիլներն ինչ ինֆորմացիա են փոխանցում մեզ:

«Մարդը օրական 90%-ով ժամանցի համար է նկարներ, վիդեոներ ներբեռնում ինտերնետ: Դա իրականում ոչ մի օգուտ չի տալիս,– հայտնում է ՏՏ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և հավելում,–  Ժամանցի մեջ, բացի սոցիալական ցանցերից, մտնում են պոռնոգրաֆիան, խաղերը, նորությունները: Իսկ մյուս 10%-ը և ավելի փոքր մասը սովորելու համար է, այսինքն՝ օգտագործում են այն ֆանտաստիկ հնարավորությունները, որ կա այսօր: Օգտագործում են ինտերնետը որպես համագործակցության եղանակ. վիրտուալը լոկալիզացնում են՝ ստեղծելու համար ռեալ հնարավորություններ»:

Այս դեպքում պետք է հասկանալ, թե ինչ կլինի մեր սովորելու կամ ժամանցի համար  նկարած լուսանկարների, տեսանյութերի, տեքստերի հետ: Արդյո՞ք հնարավոր է, որ դրանք մի օր անհետանան, ինչպես, ասենք, գրավոր փաստաթղթերը՝ արխիվի այրվելու դեպքում: ՏՏ կառավարման մասնագետ Հովհաննես Աղաջանյանը հանգստացնում է ինտերնետամոլներին. «Գնալով զարգանում են ինֆորմացիա պահելու տեխնոլոգիաները: Cloud տեխնոլոգիաները թույլ են տալիս օպտիմիզացնել ինֆորմացիայի ավելորդ օգտագործումը՝ դրանով խնայելով սերվերները: Շատ ինֆորմացիան մշակելու համար խոշոր ընկերությունները՝ Գուգլը, Ֆեյսբուքը, Բադուն, ստեղծել են իրենց համար արհեստական ինտելեկտ, որը մարդկանց փոխարինում է, սկսում է մշակել ինֆորմացիան: Օրինակ՝ Ֆեյսբուքի համար՝ Նյուզ Ֆիդը, Գուգլի և Բադուի համար՝ որոնողական համակարգերը»:

Աղաջանյանը կարծում է նաև, որ ոչ միշտ է շատ ինֆորմացիան լավ. մարդիկ սկսել են մի քանի անգամ շատ ինֆորմացիա ստանալ հատկապես սոցիալական ցանցերի հայտնվելուց հետո: Նրանք սկսել են կիսվել այն ինֆորմացիայով, որ ստանում են, ինչն էլ իր հերթին ավելացնում է ամենօրյա ինֆորմացիայի ծավալը:

«Ինտերնետը գլոբալ է և այն վերահսկելու ցանկություն ոչ ոք առանձնապես չունի,– կարծում է Վարդանյանը: – Օրինակ՝ եթե երեխան խաղ է խաղում, այն իր համար բացարձակ կործանիչ է, բայց մեկ ուրիշն ունի խաղային բիզնես ու այդ երեխայի վարքագիծը կարևոր է իր բիզնեսի համար: Ինչ-որ ծրագրեր կան, որ երեխաներին պաշտպանում են, սակայն ընդհանուր մասշտաբով չկա: Ծավալով մարդիկ փող են աշխատում»:

Ի՞նչ ստացվեց. ունենք ամեն օր ստեղծվող, մինչև Լուսին ձգվող ինֆորմացիա: Այն ոչ միայն տրվում է մեզ, այլև ինքներս ենք դրան ծնունդ տալիս: Մենք լողում ենք վիրտուալ դաշտում և այստեղ է, որ պետք է վախենալ խորությունից ու հասկանալ, թե ինչպես ճիշտ առաջ գնալ՝ հնարավորինս օգտակար կերպով օգտագործելով մեզ հրամցվող ինֆորմացիայի պարունակությունը:

Հեղինակներ` Աննա Խաչատրյան, Արշալույս Բարսեղյան

Աղբյուր՝ JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Read also

Comments

Post new comment