The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ինովացիա
May 6, 2014
Ձեռագործ զարդերի զարգացող բիզնեսը սոցցանցերով
By Ամալի Խաչատրյան
JNews intern
Ձեռագործ զարդերի զարգացող բիզնեսը սոցցանցերով
Լուսինե, Green Fish

Մեր օրերում շատերը ձգտում են յուրահատուկ ոճ և տարբերվող արտաքին ունենալ, որի մաս է կազմում նաև զարդը: Վերջին շրջանում հատկապես տարածում է գտել ձեռագործ զարդերի կիրառությունը: Նման զարդերի պակաս կարծես թե չկա այսօր. ընտրությունը մեծ է, առաջարկը` նույնպես: Դրան են նպաստում նաև սոցիալական ցանցերը, որոնց միջոցով զարդեր պատրաստողներն ազատ տարածում են ձեռագործ աշխատանքները` համախմբելով պոտենցիալ գնորդներին: Վերջիններս կարող են իրենց նախընտրած զարդը պատվիրել օնլայն:

Այս տիպի բիզնեսով զբաղվողներն արդեն փաստում են, որ համացանցը միայն նպաստել է այս բիզնեսի ակտիվացմանը: Ոմանք համարում են, որ հասել են մեծ հաջողությունների, իսկ մի քանիսն էլ արդեն սեփական բրենդային խանութներ են բացել:

Սոնա Պապյանը զարդերի և ձևավոր պարագաների պատրաստման մասնագետ է: Նրա «SonSation» ֆեյսբուքյան էջն ունի շուրջ 19 հազար հավանող: Արդեն երկու տարի է՝ հենց այս էջի միջոցով է ներկայացնում իր ստեղծագործությունները: Նախորդ տարի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում նաև բացել է իր խանութը:

«Սկզբում հոբի էր, հետո դարձավ աշխատանք, քանի որ այն արդեն գումար էր բերում,– ասում է Սոնան: –Ուզում ես անընդհատ նոր տեսականի ավելացնել, աստիճանաբար խորանում ես դրա մեջ, ու այն արդեն դառնում է աշխատանք»:

Սոնան պատմում է, որ այս բիզնեսը սկսել էր ընկերուհու հետ` համալսարանն ավարտելուց անմիջապես հետո: Ընկերուհու անունը ևս Սոնա է, դրա համար էլ բրենդի անվանումը երկուսի սրտով էր: Բայց ընկերուհի Սոնան վերջերս հայտնեց, որ այլևս չի ցանկանում այս գործով զբաղվել: Եվ հիմա Սոնան մենակ է փորձում հասցնել բոլոր պատվերները:

«Հեշտ չէր խանութ բացել, բայց կարիքը զգում էինք, որովհետև ֆեյսբուքյան էջով աշխատելը այդքան էլ հարմար չէր: Իհարկե, ոչ ոքի ո՛չ վարձի փող ես տալիս, ո՛չ էլ հարկ ես վճարում, բայց անհրաժեշտ էր՝ ինչ-որ տարածք ունենայինք, որ մարդիկ գային, տեսականիի հետ ծանոթանային, իրենց աչքով տեսնեին մեր աշխատանքները  ու հավանելու դեպքում անմիջապես գնեին»,- պատմում է Սոնան:

Ըստ նրա՝ սոցցանցով բիզնես անելու դժվարություններից մեկն  այն է, որ ամեն անգամ պատվիրատուին պետք է որևէ տեղ հանդիպել և կատարել առ ու վաճառքը: «Եվ չնայած նրան, որ այժմ խանութը կա, այնուամենայնիվ, մեր հաճախորդների գրեթե 90 տոկոսը մեր մասին իմանում է համացանցի շնորհիվ, ու եթե համացանցը չլիներ, նրանք մեր խանութի կողքով կանցնեին ու նույնիսկ չէին իմանա, որ այստեղ մեր խանութն է»,– ասում է Սոնան:

Անուշ Սահակյանը նույնպես պատրաստում է ձեռքի աշխատանքներ ու ներկայացնում է «Pollo» բրենդը: Անուշի յուրահատուկ ոճի զարդերը շատերն են հավանում, ու նրա հավատարիմ հաճախորդները հիմնականում երիտասարդ աղջիկներ են և կանայք: Անուշը համալսարան ընդունվելուց հետո սկսել է պատրաստել  բնական քարերից աքսեսուարներ, գործվածքով զարդեր ու այժմ  նաև զգեստներ: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց ներկայիս աշխատանքն ավելի հոգեհարազատ է իրեն, և բուհն ավարտելուց հետո որոշել է ամբողջությամբ նվիրվել այս գործին:

Անուշի աշխատանքները հնարավոր է տեսնել նույն խանութում, որտեղ ներկայացված են նաև նրա ծնողների և եղբոր աշխատանքները: Թեպետ խանութն արդեն ութերորդ տարին է ինչ գործում է, բայց Անուշն այստեղ թարմություն մտցրեց մի քանի տարի առաջ` իր բրենդով գրավելով խանութի անկյուններից մեկը: Համացանցում նույնպես էջ ունի, և ասում է, որ պատվիրատուներ ունի ոչ միայն Հայաստանից: «Արտասահմանում շատ են սիրում այսպիսի զարդեր: Եղել են դեպքեր, երբ սոցցանցով տեսել են մեր աշխատանքը և Հայաստան ժամանելիս անպայման ցանկացել են գալ, տեսնել, թե ինչպես ենք պատրաստում այն ու տեղում գնել դրանք»,– ասում է Անուշը:

Ըստ նրա՝ այլ երկրներից պատվերներ ընդունելու հնարավորություն նույնպես կա. իրենց աշխատանքները նաև ներկայացված են Վրաստանի մայրաքաղաքի երկու խանութներում: 

Իսկ Լուսինեն  ունի իր յուրահատուկ ոճը և պատրաստում է փայտե ու արծաթե զարդեր՝ ներկայացնելով աշխատանքները «Փչակ» անունով ֆեյսբուքյան էջում: «Փչակը» ստեղծել են երեք ընկերուհիներով մոտ երեք տարի առաջ, բայց հիմա նա մենակ է փորձում այն զարգացնել: Լուսինեն սոցցանցում ներկայանում է Green Fish անունով՝ հաճախ տեղադրելով իր գործերը հենց «Փչակում»: Նա իր աշխատանքները հնարավորություն ունի ցուցադրելու հիմնականում համացանցի միջոցով:

Լուսինեն նաև ցուցահանդես-վաճառքների է մասնակցել, մի քանի աշխատանքներ էլ ներկայացված են տարբեր խանութներում: Սակայն դրանց արդյունքից այնքան էլ գոհ չէ, քանի որ միջնորդների դեպքում գինն ավելանում է, հաճախորդները՝ պակասում, իսկ ցուցահանդեսների ժամանակ վաճառք գրեթե չի լինում: Դրա համար էլ գերադասում է իր բիզնեսը շարունակել համացանցի միջոցով, որտեղ հաճախորդը միշտ ակտիվ է և առավել շնորհակալ:

«Ինձ համար շատ հետաքրքիր է հանդիպել այն մարդուն, ով հավանել է իմ աշխատանքը և ցանկացել է գնել այն. հաճելի է այդ մարդկանց հանդիպել ու փոխանցել գործդ»,- ասում է Լուսինեն: Նա խոստովանում է, որ սա ավելի շատ հոբբի է նրա համար և աշխատանքերը պատրաստում է սիրով` առանց վաճառելու մտադրության: «Արվեստը կորում է, երբ հատուկ փողի համար ես պատրաստում: Հաճախ, որ մտածում եմ պիտի գումարի համար անեմ, նույն հաճույքով չեմ պատրաստում: Փորձում եմ ամեն անգամ նոր բաներ պատրաստել և յուրաքանչյուրից մեկական նմուշ», -ասում է Լուսինեն:

Նկարները՝ հեղինակի

Աղբյուր՝ JNews.am

 

Share
Printer-friendly version
PDF version

Read also

Comments

Post new comment