The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ինովացիա
July 5, 2011
Wi-Fi անիվների վրա. Երևանի տրոլեյբուսները հնարավոր է ապահովվեն ինտերնետով
By Անահիտ Իվանյան
JNews intern
Wi-Fi անիվների վրա. Երևանի տրոլեյբուսները հնարավոր է ապահովվեն ինտերնետով

Քաղաքային ավտոբուսի վարորդ Գևորգ Պողոսյանի աշխատանքային պարտականություններին վերջերս ավելացել է ևս մեկը: Նա ամեն առավոտ ճանապարհ դուրս գալուց առաջ նախ պետք է իր անիվների վրա գտնվող աշխատավայրում ապահովի Wi-Fi` միացնելով ավտոբուսում տեղադրված համապատասխան սարքը:

Գևորգը 22 համարի երթուղու այն միակ ավտոբուսի վարորդն է, որը հագեցվել է Wi-Fi  ապահովող սարքով: Նմանատիպ անլար ինտերնետով ապահովված են նաև 3, 15, 16 և 28 երթուղիների մեկական ավտոբուսներ:

Վարորդ Գևորգը հավանություն է տալիս այս նորամուծությանը, թեև դեռ ուղևորների ավելացում չի նկատում: Վերջինս բացատրում է նրանով, որ 22 երթուղուց օգտվում են հիմնականում երիտասարդները և քանի որ ուսումնական տարին ավարտվել է, նրանց թիվն էլ նվազել է:

Բայց Գևորգը լավ նորություն էլ ունի: Ասում է Wi-Fi-ի շնորհիվ արդեն երկու մշտական երիտասարդ հաճախորդ ունի, ովքեր վաղ առավոտյան գալիս են, սպասում են 22 համարի ավտոբուսին և մեկժամյա երթևեկության ընթացքում օգտվում են ինտերնետից:

«Մի քանի օր առաջ էլ մի մարդ նստեց: Վեց ռեյսի համար վճարեց 600 դրամ, գնաց վերջում նստեց ու իրա նոթբուքով սկսեց աշխատել: Ով որ հասկացող ա, օգտվում ա», -ասում է Գևորգը և եզրակացնում, որ եթե նա գնար որևէ ինտերնետ-ակումբ, հաստատ ավելի շատ գումար կծախսեր: «Ինքը երևի հաշվել ա, տեսել, որ 6 ռեյսի ընթացքում իրա գործը կանի, սենց իրա համար ձեռնտու ա, ու եկել նստել, իրա համար հանգիստ աշխատել ա»:

Wi-Fi ավտոբուսները Երևան քաղաքում շրջում են հունիսի կեսերից: Այն ապահովել է «Օրանժ Արմենիա» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:

«Առաջարկությունը ստացանք քաղաքապետարանից և մեծ ոգևորությամբ ընդունեցինք այն, քանի որ դա նախ և առաջ համապատասխանում է մեր փիլիսոփայությանը ինտերնետի ոլորտում, այն է` ինտերնետը հասանելի դարձնել բոլորին: Բացի այդ սա հնարավորություն կտա մարդկանց ավելի օգտակար ու բովանդակալից դարձնել ավտոբուսներում անցկացրած իրենց ժամանակը»,- ասում է «Օրանժ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

Համաձայն ընկերության ներկայացուցչի` Երևանի «Օրանժի» ցանցը տեխնիկապես ապահովում է մինչև 14.4 մբ/վ արագություն, որը տեսականորեն առավելագույն արագությունն է: Wi-Fi շարժական մոդեմն ապահովում է մինչև 7.2 մբ/վ արագություն:

117 43 ուղևոր տեղափոխելու հնարավորություն ունեցող ավտոբուսում հնարավոր է ընդամենը 5 սարքի միաժամանակյա միացում` համակարգիչներ, խաղային համակարգեր, հեռախոսներ: Վերջիններս պարտադիր պետք է ունենան Wi-Fi գործառույթ: Ըստ ««Օրանժ Արմենիա» ընկերության օպերատորի` սա արվել է այն տրամաբանությամբ, որ ավտոբուսներում միաժամանակ 5 հոգուց ավելի չեն օգտագործի անվճար ինտերնետ: 5 սարքերի միաժամանակյա միացման դեպքում արագությունը կտատանվի 2-4 մբ/վ միջև:

Wi-Fi ինտերնետի տարածման շառավիղը 25-30 մ է, այսինքն` ինտերնետից օգտվելու համար պարտադիր չէ գտնվել ավտոբուսում, բայց պարտադիր է հետևել նրան:)

Երևանի քաղաքապետարանին կից գործող «Կառավարման տեխնոլոգիաներ» ընկերության տնօրեն Արա Յաղջյանը տեղեկացրեց, որ այս պիլոտային ծրագրի համար այդ 5 երթուղիների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ դրանք պատկանում են Երևանի քաղաքապետարանին, իսկ մնացածը մասնավոր են: Ուսումնասիրությունները ցույց կտան, թե այդ երթուղիներից ինչ հաճախականությամբ են օգտվում ինտերնետից: Լավ ցուցանիշների դեպքում ինտերնետով կապահովվեն նաև կանգառները և պուրակները, ինչպես նաև բոլոր երթուղիները:

Վերոնշյալ երթուղիներից երեքը` 15, 16, 22, համարվում են երիտասարդական ուղղություններ, որոնք քաղաքի տարբեր ծայրամասերը կապում են կենտրոնի և այդ հատվածում առկա ուսումնական հաստատությունների հետ: Wi-Fi -ավտոբուսները սովորական ավտոբուսներից կարելի է տարբերակել միայն ավտոբուսի արտաքին մասում փակցված «Օրանժ Արմենիա Wi-Fi» նշանով:

Թեպետ առայժմ Wi-Fi ավտոբուսների և Wi-Fi –ից օգտվողների քանակը սահմանափակ է, սակայն Արա Յաղջյանը հույս է հայտնում, որ նման նախաձեռնության միջոցով նրանք կավելացնեն ավտոբուսներից օգտվողների քանակը` միկրոավտոբուսների ուղևորների հաշվին:

«Ներկայումս քաղաքապետարանը քննարկում է միկրոավտոբուսներն ավտոբուսներով փոխարինելու մի ծրագիր: Ամեն ինչ պարզ կդառնա սեպտեմբերից հետո, երբ ինչ-որ քանակի ավտոբուսներ ներկրվեն»,- ասում է Յաղջյանը և ավելացնում, - «ամբողջ աշխարհում միկրոավտոբուսները տարածված չեն, իսկ ավտոբուսներն էլ ավելի հարմարավետ են: Մեկ ավտոբուսը փոխարինում է 5 միկրոավտոբուս»:

«Այժմ քաղաքապետարանը բանակցություններ է վարում «Օրանժ Արմենիա» ընկերության հետ, որպեսզի Wi-Fi ինտերնետ տեղադրենք նաև տրոլեյբուսներում: Դրանով կրկին կնպաստենք միկրոավտոբուսների բեռնաթափման խնդրին», - ասաց Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Ըստ Հենրիկ Նավասարդյանի` այժմ Երևանում կա 373 ավտոբուս, սակայն նախատեսվում է ցանցում ունենալ 500-600 ավտոբուս, որը կախված է ներկրողների հնարավորություններից:

Անդրադառնալով հասարակության մտահոգությանը, թե ավտոբուսներն արդեն լեփ-լեցուն են, գերբեռնված և ինտերնետից օգտվելը անհարմար կլինի` Հենրիկ Նավասարդյանն ասաց.

«Ավտոբուսներն ունեն 23 նստատեղ, սակայն թույլատրվում է տեղափոխել մինչև 43 ուղևոր: Երբ 43 հոգին միանգամից մեկ ավտոբուսում են, դա նման է լեփ-լեցունի, բայց գործարանային թույլատրելի տեղափոխման նորմա է»:

«Ջեյնյուզի» թղթակիցը փորձեց ավտոբուսների ուղևորներից պարզել հասարակության կարծիքն այս նախաձեռնության վերաբերյալ: Փաստն այն է, որ քչերն են տեղյակ ծրագրից: Ուղևորներից միայն մեկը խոստովանեց, որ օգտվում է «ավտոբուսային» ինտերնետից: Երիտասարդը, որ չցանկացավ ներկայանալ, վստահեցրեց, որ ինտերնետը բավականին արագ էր: Ըստ նրա` ավտոբուսներում ինտերնետի ներդրման մասին իմացել է հեռուստատեսությամբ:

«Մինչև ավտոբուսներում ինտերնետ տեղադրելը լավ կլիներ ինտերնետով ապահովեին նախ դպրոցներն ու բուհերը»,- ասաց մեկ այլ ուղևոր և կիսվեց մեզ հետ իր մտահոգությամբ,- «մեկ էլ տեսար վարորդներն էլ գայթակղվեցին, ու արդյունքում ավտովթարների քանակը ավելանա»:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Read also

Comments

Post new comment