The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Մարտ 6, 2016
Հերթդ պահի´ր, լրագրո´ղ. Ընտրական օրենսգրքի նախագծով տեղամասում լրագրողի ներկայության կարգը
Գագիկ Աղբալյան
«ՋեյՆյուզ»
image source: http://prostoinvesticii.com/

Հայաստանի Ընտրական նոր օրենսգրքի (ԸՕ) նախագիծը, որը մինչեւ հաստատվելը դեռ պետք է քննարկման փուլ անցնի, սահմանում է նաեւ ընտրատեղամասերում դիտորդների եւ լրագրողների ներկայության կարգը: Խոսքը ԸՕ Հոդված 65 կետ 7-ի մասին է, որը, չի բացառվում, ԱԺ-ի կողմից հաստատման ժամանակ այլ բովանդակություն ունենա, սակայն այս պահին խնդրահարույց է եւ լրագրողների ու քաղաքացիական հասարակության կողմից անընդունելի: Առաջարկվող տարբերակը գործնականում պատկերացնելու համար դիտարկենք երկու իրավիճակ` մեկնաբանությունը թողնելով փորձագետներին:

Իրավիճակ 1. Լրագրողը այցելում է ընտրական տեղամաս ընտրական գործընթացին հետեւելու եւ լուսաբանելու նպատակով, սակայն տեղամասի մուտքի մոտ նրան առաջարկում են սպասել` մեջբերելով նոր ԸՕ 65 հոդվածի 7-րդ կետը, համաձայն որի՝ քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ եւ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ: Լրագրողին ցավով տեղեկացնում են, որ տեղամասում արդեն աշխատում են թվով 8 դիտորդներ եւ լրագրողներ, եւ միայն նրանցից մեկի հեռանալը տեղամասից՝ կապահովի մուտքի առջեւ հերթագրված դիտորդներից ու լրագրողներից առաջինի մուտքը տեղամաս:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան. «Սա ողջամիտ սահմանափակում չէ: Սույնով լրագրողների գործունեությունը կաշկանդելու միտում եմ տեսնում: Որեւէ կերպ չհիմնավորելով սահմանված 8 թիվը` իշխանությունները փորձ են կատարում կառավարելի իրավիճակ ստեղծել իրենց համար: Մինչեւ այսօր բարդ է եղել ընտրություններ լուսաբանել Հայաստանում, եւ այս սահմանափակումը ոչ թե կարգավորում է, այլ ուղղակի խանգարում է լրագրողներին՝ ազատորեն լուսաբանել ընտրությունների ընթացքը»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյան. «ԸՕ նախագիծը հարված է բոլոր այն դիտորդական կազմակերպություններին եւ ԶԼՄ-ներին, որոնք անաչառ են եւ օբյեկտիվ իրենց աշխատանքում: Իսկ Հոդված 65-ով խախտվում է ընտրության վերահսկելիությունն ու թափանցիկությունը: Իշխանությունների համար դժվար չի լինի միաժամանակ 8 դիտորդ կամ լրագրող ապահովել ցանկացած տեղամասում, իսկ այն դիտորդներն ու լրագրողները որոնք անաչառ են, տեղամասի դռան մոտ հերթ կկանգնեն: Ընդհանրապես որեւէ սահմանափակում մտցնելը պետք է լինի հիմնավորված եւ պատճառաբանված: Վերջին տարիներին կայացած ընտրություններից հետո կազմած զեկույցներում, այդ թվում՝ ԿԸՀ-ի, չի եղել դիտարկում այն մասին, թե մեծ թվով դիտորդները կամ լրագրողները խոչընդոտ են ստեղծել ընտրական գործընթացի սահուն ընթացքի համար: Անհասկանալի է, թե այդ 8 թիվն ինչ թիվ է»:

155 ԸՕ հոդված 65, կետ 7Իրավիճակ 2. Ընտրական տեղամաս մուտք գործած լրագրողը ուշի ուշով հետեւում է տեղամասում ընտրական գործընթացին` լավ ծանոթ լինելով յուրաքանչյուր ներկայացուցչի պարտականությանը եւ ընտրական օրենսգրքով սահմանված կարգին: Լրագրողը, հետեւելով ընթացքին, հաղորդագրությունների եւ նյութերի միջոցով օպերատիվ լուսաբանում է ընտրությունները եւ այն պահին, երբ նկատում է օրենքից դուրս մի իրավիճակ եւ ուզում է պարզել այն, նրան է մոտենում ընտրատեղամասի նախագահը եւ մեջբերելով ԸՕ Հոդված 65 կետ 7-ը, դուրս է հրավիրում` պատճառաբանելով, որ դրսում այլ դիտորդների եւ զանգվածային լրատվության ներկայացուցիչներ եւս ցանկանում են մտնել տեղամաս ու սպասում են իրենց հերթին: Նախագահի սույն խնդրանքին մերժում ստանալու պարագայում` նույն ԸՕ հոդված 65-ի 7-րդ կետի համաձայն հանձնաժողովի նախագահի պահանջով լրագրողին դուրս են բերում ոստիկանության աշխատակիցները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան.  «Լրագրողական հասարակական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները ԸՕ նախագիծը պետք է դարձնեն քննարկման առարկա, պատրաստեն առաջարկությունների փաթեթ եւ հասնեն նրան, որ առհասարակ ԸՕ-ում տեղ գտած վիճահարույց հարցերը փոփոխությունների ենթարկվեն: Գտնում եմ, որ դեռ շանս կա՝ այս հարցը բարձրացնելու: Բայց արդյոք հաշվի կառնե՞ն եւ կընդունե՞ն այդ առաջարկները, ամենեւին էլ համոզված չեմ: Եթե ԸՕ-ում լղոզված ձեւակերպումներ մնան, դա տեղիք է տալու տարբեր խախտումների: Այստեղ լրատվամիջոցները մեծ անելիք ունեն»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյան. «Ակնհայտ է, որ նախագիծը մշակողները վախեր ունեն ընտրական գործընթացների նկատմամբ հանրային հետաքրքրության աճից եւ այդ վախերը փորձում են չեզոքացնել էս տեսակ սահմանափակումներով: Այս դրույթները միանշանակ ենթակա են վերանայման, եւ պետք է օգտագործել հանրային լսումների մեխանիզմը, որ առաջիկայում կանցկացվեն ԱԺ-ում: Այս դեպքում Հայաստանի քաղաքացիական հասարակությանը պետք է միանան նաեւ մեր երկրում օտարերկրյա դեսպանները, քանի որ ԸՕ նախագծով սահմանափակվել է նաեւ նրանց՝ ընտրությունները դիտարկելու հնարավորությունը»: 

ԸՕ նախագիծը ներբեռնել այստեղից` www.e-gov.am 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել