The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Հունվար 27, 2011
Էլ.-թափանցիկություն 2010. ՀՀ պետական կայքերը թերի կողմեր ունեն
Մանե Պապյան
«ՋեյՆյուզ»
Էլ.-թափանցիկություն 2010. ՀՀ պետական կայքերը թերի կողմեր ունեն

Պետական 40 կայքերի ուսումնասիրության արդյունքում Հայաստանի դատախազության կայքը ճանաչվել է ամենամատչելի պաշտոնական էլեկտրոնային ռեսուրսը։ Ավելի մատչելի, քան Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի, կառավարության և սահմանադրական դատարանի կայքերն են։

«Մեր կայքը երկու անգամ վերազինվել է, վերջին անգամ մեզ աջակցել է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը: Միջազգային փորձի կիրառումը բերել է նրան, որ մեր կայքում հաճախորդները շատ հեշտ են գտնում ինֆորմացիան»,- JNews-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:

Ուսումնասիրությունը կատարվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) կողմից` հաշվի առնելով կայքերում տեղեկատվության տեղադրման օպերատիվությունը, մատչելիությունը և կայքի այցելուների համար դրանց օգտագործման հարմարավետությունը:

Պետական կայքերը 3 խմբով են ուսումնասիրվել։ Առաջին խմբում ներառվել են նախարարությունների եւ կառավարությանն առընթեր պետական մարմինների կայքերը (թվով 25), երկրորդ խմբում 10 մարզերի պաշտոնական կայքերն են, իսկ երրորդ խմբում՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ դատախազության պաշտոնական կայքերը:

Ընտրված 177 չափորոշիչները գնահատվել են չորս չափանիշներով` առկայություն/բացակայություն (այսինքն, թե որքանով է առկա անհրաժեշտ տեղեկատվությունը) ամբողջականություն, հրատապություն (օպերատիվություն) և մատչելիություն:

«Բուն դիտարկումը կատարվել է 2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, և հնարավոր է դրանից հետո որոշ կայքերում փոփոխություններ եղած լինեն: Այս հետազոտությունը պարբերական բնույթ է կրում, և հենց այժմ էլ արդեն կատարվում են հաջորդ մոնիտորինգի դիտարկումները, որոնց արդյունքները կհրատարակվեն ապրիլին: Հուսով ենք, որ հետազոտությունները կխրախուսեն մրցակցությունը, որն էլ կհանգեցնի պետական մարմինների կայքերի բարելավմանը»,- հետազոտության արդյունքները հրապարակելիս ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հետազոտության մեթոդոլոգիան մշակվել է Սանկտ Պետերբուրգում (ՌԴ) գործող «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի» (Институт развития свободы информации) կողմից:  Ինստիտուտն արդեն մի քանի տարի ՌԴ պետական կառավարման մարմինների կայքերի մոնիտորինգ է իրականացնում եւ արդյունքները ներկայացնում հանրությանը:

66 Նախարարությունների մեջ ամենաբարձր գնահատականի են արժանացել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության, հետո՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ապա կրթության եւ գիտության նախարարության կայքերը։

«Տրանսպորտի և կապի նախարարության վարկանիշը, տոկոսային արտահայտությամբ, կարող էր ավելի բարձր լինել, սակայն թաքնված գովազդ հիշեցնող տեղեկություններ կային էջում, մասնավորապես՝ բջջային օպերատորների առաջարկած նոր ծառայությունների մասին»,- նշված է ամփոփիչ զեկույցում:

Տրանսպորտի և կապի նախարարության պատասխանատուները պնդում են, որ նշված նյութերը չեն կարող թաքնված գովազդ հանդիսանալ, քանի որ դրանք տեղադրված են մամուլի խորագրի ներքո և վերցված են լրատվամիջոցների հրապարակումներից։

«Այս բաժնում տեղադրում ենք նյութեր, որոնք վերաբերում են մեր ոլորտին։ Դրանք չեն կարող գովազդ համարվել»,- JNews-ին ասաց Տրանսպորտի և կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Խանվելյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն քննադատել է տրանսպորտի եւ կապի նախարարությանը՝ նշելով նաեւ, թե կցված փաստաթղթերը դժվար հասանելի են. «կա՛մ բացվում են PDF ձևաչափով, կա՛մ էլ մկնիկի կոճակի մեկից ավելի, նույնիսկ 5 սեղմումով»։

«Մենք հասկանում ենք, որ PDF ձևաչափը դժվարացնում է գործընթացը, դրա համար նման ձևաչափով տրվող ինֆորմացիան հասցրել ենք նվազագույնի»,- պարզաբանեց Խանվելյանը:

Ամեն դեպքում տրանսպորտի եւ կապի նախարարության կայքի թափանցիկությունը գնահատվել է ավելի քան 50 տոկոս։ Սա ամենաբարձր ցուցանիշն է նախարարությունների ցանկում:

Աղյուսակի վերջին տեղում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կայքը(www.petekamutner.am):

«Կայքն անհասկանալի կարգավիճակ ունի։ Այնտեղ համարյա ոչ մի ինֆորմացիա չկա: Այս կայքի այցելուն տեսնում է երկու այլ կայքերի հասցեներ՝ մաքսային ծառայության եւ հարկային ծառայության, այն դեպքում, երբ կոմիտեի կազմում նման անուններով պաշտոնական ստորաբաժանումներ չկան»,- հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

65 ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից JNews-ին ասացին, որ ՊԵԿ-ի կայքը ստեղծված է որպես կապող օղակ կոմիտեի երկու՝ հարկային ու մաքսային գործառույթների մասով տեղեկատվության համար։ «Շարքային քաղաքացին դժվարությամբ է գտնում մաքսային (www.customs.am) և հարկային ծառայությունների կայքերը (www.taxservice.am), քանի որ ոչ բոլորն են տիրապետում անգլերենին, այդ իսկ պատճառով ստեղծվել է միջնորդ կայք (www.petekamutner.am), որը հնարավորություն կտա նրան հեշտ գտնել իր ցանկացած ինֆորմացիան»:

ԽԱՊԿ-ի փորձագետ Հարությունյանը պնդում է, որ այս դեպքում կարելի էր երկու բաժինների ինֆորմացիան տեղադրել մեկ կայքում՝ առանձին էջերով, որպեսզի ավելի մատչելի լինի այցելուների համար։

Մարզպետարանների կայքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բոլոր կայքերն ունեն միևնույն կառուցվածքը, ստեղծված են նույն դիզայնով և ձևով, պարզապես տեղեկատվության հագեցվածությունն է տարբեր, որով էլ որոշվել են չափանիշները: Առաջին տեղում է Արմավիրի մարզպետարանի կայքը, իսկ ամենավերջին տեղում Շիրակի մարզպետարանինը: Իսկ Արարատի և Լոռու մարզպետարանների կայքերը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին չեն գործել: Փաստորեն դրանք դուրս են մնացել ուսումնասիրությունից։

Հետազոտության արդյունքներով պարզվել է նաեւ, որ որոշ մարզպետարանների կայքեր մատչելի չեն «յունիկոդ» կոդավորում չունենալու պատճառով: Դա խոչընդոտ է հանդիսացել նաեւ ուսումնասիրության ժամանակ, քանի որ ծրագիրը, որով կատարվել է դիտարկումը, չի ճանաչել այլ կոդավորմամբ կայքերը։

«Առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ վերլուծել, քանի որ հետազոտությունն առաջին անգամ է արվում: Չեմ կարող ասել, որ մեր պաշտոնական բոլոր կայքերն ապահովում են անհրաժեշտ տեղեկատվություն։ Դրանցից մի քանիսում շատ կարևոր ինֆորմացիաներ պարզապես բացակայում են, սակայն ընդհանուր առմամբ կարելի է որոշակի ինֆորմացիա քաղել գրեթե բոլոր կայքերից»,- հայտնեց փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Զեկույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում` http://khosq.am/2011/01/1594

Աղբյուր` JNews.am

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել