Մարդ
Մայիս 25, 2017
Հալեպից Գավառ. բժիշկ Հակոբն առանց սահմանների
Հալեպից Գավառ. բժիշկ Հակոբն առանց սահմանների
Լուսանկարը՝ Հակոբ Թամիրյանի ֆոտոարխիվից

57-ամյա Հակոբ Թամիրյանը կնոջ և երկու երեխաների հետ Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2014թ.։ Ծննդավայր Հալեպից պատմական հայրենիք տեղափոխվելու պատճառ դարձավ Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմը, ինչը սպառնալիք դարձավ նաև այդ երկրում ապրող հայկական համայնքի համար։ Ինչպես Թամիրյանն է ասում, Սիրիայից մեկնելն ինքնին շատ դժվար էր, քանի որ հստակ որոշում չի կայացվել, այլ վախի մթնոլորտում ապրելով և վտանգը զգալով՝ նպատակ է դարձել օր առաջ հեռանալ այնտեղից՝ ինչ ճանապարհով էլ լինի։ Թամիրյանը մասնագիտությամբ գաստրոէնտերոլոգ-թերապևտ է։ Նա իր ընտանիքով նախ հաստատվեց Երևանում, այնուհետև տեղափոխվեց Գավառ։ Մայրաքաղաքից տեղափոխվելու պատճառը պարզ էր. աշխատանքի առաջարկն առաջինը Գավառից եղավ, իսկ սպասելու այլևս ժամանակ չկար։

Գավառի բժշկական կենտրոնում թերապևտի թափուր աշխատանքի մասին տեղեկանալով՝ անմիջապես դիմել է և 15 օր անց ընդունվել աշխատանքի։ Առաջին մեկ ու կես տարին Թամիրյանն ամեն օր Երևանից էր մեկնում աշխատանքի։ Իսկ երբ նշանակվեց նույն բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, արդեն հնարավորություն ունեցավ նաև տուն վարձել Գավառում։ Այժմ աշխատանքային օրերին Թամիրյանն ապրում և աշխատում է Գավառում, իսկ հանգստյան օրերին գալիս է Երևան՝ ընտանիքի մոտ։

«Պետք է մնաս, քանի որ բաժնի վարիչ ես, քեզանից զատ ուրիշ բժիշկ չկա, կարող է գիշերը հիվանդ բերեն»,- ասում է նա եւ ավելացնում, - «կուզեի ավելի մոտ լինել ընտանիքիս, Երևանում աշխատանք ունենայի, բայց կոլեկտիվս էլ ինձ համար օտար չէ այլևս։ Արդեն հոգեպես հանգիստ եմ, մնում է միայն ֆիզիկական հոգնածությունը»։

Բժիշկ Հակոբը կրթությունը ստացել է Երևանում, ինչն էլ օգնում է նրան այսօր շատ ավելի հեշտ հարմարվել նոր իրականությանը և հեշտ «լեզու գտնել» թե՛ անձնակազմի, թե՛ հիվանդների հետ։

Այժմ թույլ կողմը ֆինանսականն է. երկու վարձով տուն, կոմունալ ծախսեր և այլն։ Բայց բժիշկ Հակոբի կինը՝ Զեփյուռը, ասում է, որ դա Հայաստանում բոլոր ապրողների հիմնական խնդիրն է։

Հարցին, թե որտեղ է տեսնում իր ապագան, Թամիրյանը դիմում է կնոջը. «Զեփյուռը գիտի երևի։ Որտե՞ղ»։

«Թոշակի դուրս գալուց հետո երևի Հակոբը Գավառ կմնա»,- կատակի տալով պատասխանում է Զեփյուռը։

Իսկ եթե լուրջ, ապա Զեփյուռն ու Հակոբը նշում են, որ ապագա ծրագրերի պլանավորումը կախված է երեխաների որոշումներից։ «Մոտակա 5-6 տարին, երեխաների ուսման բերումով, պիտի Երևանում ապրենք, իսկ հետո կորոշենք», - ասում է բժիշկ Հակոբը, սակայն չի թաքցնում, որ Հալեպի իր անձնական կլինիկան, քաղաքի և գյուղի սեփական անշարժ գույքը վաճառելու դեպքում հույս ունի՝ կկարողանա տուն գնել Երևանում։

Սիրիա վերադառնալու ցանկությունը ժամանակ առ ժամանակ արթնանում է, քանի որ հարազատների մի մասը մնացել են Հալեպում։ Բայց ցանկացած պարագայում իրենց կյանքն առանց հայրենիքի էլ չեն պատկերացնում։ 

Հեղինակ՝ Անուշ Դավթյան

Աղբյուր՝ JNews.am

Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցում-վարժանքների ընթացքում: 

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.