The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Մայիս 23, 2018
Մարզերի լրագրողները տվյալների լրագրության հմտություններ ձեռք բերեցին
Մարզերի լրագրողները տվյալների լրագրության հմտություններ ձեռք բերեցին

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը Ամփոփ Մեդիա նախաձեռնության հետ համատեղ մայիսի 18-20-ը կազմակերպել էր տվյալների լրագրության թեմայով հերթական դասընթացը, որի մասնակիցները հիմնականում մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին:

3-օրյա դասընթացը կազմակերպվել էր Հայաստանում Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի (FES) հետ համագործակցությամբ՝ «Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական խնդիրների իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակներում:

Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին լրագրության դերը թվային դարաշրջանում, տվյալների շտեմարաններից արդյունավետ օգտվելու հմտություններն ու տեղական տվյալների բազաները, ինչպես նաեւ կատարեցին գործնական աշխատանքներ՝ կապված տվյալների զտման, մշակման և վերլուծության հետ:  

336 Ծրագրի շրջանակներում մասնակիցները քննարկումների միջոցով առանձնացրին մարզերի սոցիալ-տնտեսական ուղղվածությամբ հիմնական խնդիրները: Ըստ առաջնահերթության` դրանք հիմնականում վերաբերում են առողջապահության, կրթության, զբաղվածության, զբոսաշրջության եւ տեղական ինքնակառավարման ոլորտներին:

Ծրագրի գործընկեր Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչ Լիանա Բադալյանը հույս հայտնեց, որ դասընթացից հետո մասնակիցների կողմից պատրաստվող մարզային խնդիրների վերաբերյալ լրագրողական ուսումնասիրությունները կհայտնվեն նոր կառավարության և շահագրգիռ կողմերի ուշադրության կենտրոնում:

«Քյավառ» ՀԸ-ից Վահագն Դաբաղյանը նշեց, որ իրեն հետաքրքիր էր աշխատել տվյալների մշակման հետ, ինչը հեշտացնում է լրագրողի աշխատանքը տվյալների զտման, ֆիլտրման և խնդիրների դուրս բերման հարցում: «Ի դեպ, ես Ամփոփում հրապարակված հոդված ունեմ, որը գրել եմ նախաձեռնության փորձագետների օգնությամբ: Դասընթացից հետո, կարծում եմ, առավել հեշտ կլինի աշխատել թեմայի հետ, քանի որ արդեն գիտեմ պահանջվող ձեւաչափը, անհրաժեշտ տեղեկատվական աղբյուրները, տվյալների բազաները»,- նշեց Դաբաղյանը:

Վերջինս առանձնացրեց նաեւ Ամփոփի տարած աշխատանքը եւ փաստեց, որ Ամփոփի լսարանն առավել խորքային երեւույթներ փնտրողներն են: Ամփոփի անձնակազմը բավականին մասնագիտացել է, եւ ես շատ ուրախ եմ, որ հայաստանյան մեդիա դաշտում առկա է նման լրատվական հարթակ, որը այսպես խորքային եւ պատասխանատու է մոտենում աշխատանքին:

«Դաշտն առավել շատ կենտրոնացած է օրվա իրադարձային նյութերի վրա, իսկ վերլուծություններ հազվադեպ կարելի է տեսնել: Այս առումով, Ամփոփն առանձնանում է, քանի որ կարողանում է ոչ միայն անդրադառնալ օրվա իրադարձությանը, այլ ներառել վերլուծություն, որն առավել հետաքրքիր է դարձնում նյութը»:

337 Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սուսաննա Մատինյանը, խոսելով դասընթացի մասին, նշեց. «Ամփոփ Մեդիայի գործունեությանն ու աշխատանքին միշտ հիացմունքով եմ հետեւել: Ամփոփի նյութերով միանգամից կարելի է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Այն կարճ եւ հակիրճ, սակայն պատկերավոր ու բազմակողմանի ներկայացնում է թեմաները: Եթե այլ լրատվական հարթակներից նյութն ընթերցում եւ քեզ համար քաղում ես կարեւորն ու անհրաժեշտը, ապա Ամփոփը դա անում է ընթերցողի փոխարեն»:

Սուսաննան ասում է, որ աշխատանքի բերումով հիմնականում աշխատել է դիագրամների հետ, սակայն միշտ ցանկացել է սովորել ու տիրապետել այն գործիքակազմին, որով աշխատում է Ամփոփը:

«Շնորհակալություն նման դասընթացի եւ ծրագրի համար: Մասնագետների կողմից մեծ տեղեկատվություն ստացա, որը կկիրառեմ իմ հետագա աշխատանքային գործունեության ընթացքում: Մենք մեծ թվով մոնիտորինգտներ եւ հետազոտություններ ենք իրականացնում տարբեր ոլորտներում, ուստի ինֆոգրաֆիկաներով դրանց արդյունքները ներկայացնելը լավագույն տարբերակն է: Սա այն դասընթացն է, որը յուրաքանչյուր աշխատանքում պետք է գալու»,-նշեց Սուսաննան:

«ՑԱՅԳ» ՀԸ ներկայացուցիչ Լիլիթ Մուրադյանն իր հերթին նշեց, որ դասընթացի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, քանի որ առկա էր մարզային ներգրավվածություն: «Լինում են դասընթացներ, որոնք իրենց բովանդակային առումով հետաքրքիր են, սակայն ոչ կիրառելի: Այս դասընթացը նման չէր այլ դասընթացների, քանի որ տեսական գիտելիքի հետ միասին իրականցվում էր գործնական աշխատանք, որը մեզ հետագայում անհրաժեշտ է լինելու աշխատանքում: Դասընթացը թույլ տվեց առավել հետաքրքիր գաղափարներ մշակել՝ մատչելի եւ պատկերավոր դարձնելով լրատվության մատուցումը»,- նշեց Մուրադյանը:

327 «Անկյուն +3-ի» ներկայացուցիչ Էմմա Պետրոսյանը Ampop.am կայքին առաջին անգամ ծանոթացել է ֆեյսբուքում հանդիպած հղումներից մեկի միջոցով: «Ամփոփը միանգամից հետաքրքրեց, քանի որ մոտեցումը նորություն էր. քիչ տեքստ, ավելի շատ թվեր ու գրաֆիկա, որոնք շատ խոսուն են եւ ընթերցողին օգնում են ավելի հեշտ ընկալել թեմայի վերաբերյալ ընդհանուր պատկերը: Դասընթացի մասին իմացա հենց ղեկավարից՝ Սուրեն Դեհերյանից, եւ որոշեցի մասնակցել, քանի որ հետաքրքրեց բոլոր առումներով: Դասընթացի վերաբերյալ իմ սպասելիքներն արդարացան: Հնարավորություն ունեցա ծանոթանալու ինֆոգրաֆիկայի հետ աշխատելու հմտություններին ու նրբություններին: Դրանք շատ կիրառելի կլինեն նաեւ հեռուստալրագրության մեջ, ինչը ես ինքս պատրաստվում եմ անել»,-նշեց Էմմա Պետրոսյանը:

Դասընթացին կհաջորդի մասնակիցների կողմից լրագրողական ուսումնասիրություններ, վերլուծություններ իրականացնելու փուլը՝ առանձնացված թեմաների եւ խնդիրների շուրջ: Խնդիրների վերհանման համար մանրամասն ուսումնասիրության կենթարկվեն մարզի վերաբերյալ առկա վիճակագրական տվյալները՝ օգտագործելով ազգային և տարածքային վիճակագրությունները, հետազոտություններն ու այլ կարեւոր փաստեր: Այսպիսով՝ փորձ կարվի հանրության, քաղաքացիական հասարակության եւ պետական մարմինների ուշադրությունը գրավել յուրաքանչյուր մարզին բնորոշ սոցիալ-տնտեսական խնդիրների վրա: 

Աղբյուր` ԼՀԱ

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել