The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Օրենք
Հոկտեմբեր 18, 2014
Վնասված արձաններն ու անտեղյակ պահապանները
Ամալի Խաչատրյան
Հովհաննես Թումանյանի արձանը Ազատության հրապարակում

Ազգի երկու նվիրյալները՝ Հովհաննես Թումանյանն ու Ալեքսանդր Սպենդիարյանը, վաղուց Ազատության հրապարակում իրենց բազկաթոռների վրա հանգիստ նստած փորձում են դիմակայել անհանգիստ կյանքին: Սակայն մեր որոշ քաղաքացիներ նրանց «նեղացնում են»: Անհայտ «հերոսները» լատինատառ գրություն էին թողել Սպենդարյանի արձանի պատվանդանի վրա ու մնացել անպատիժ: Շաբաթներ շարունակ գրությունը չէր անհետանում պատվանդանից և միայն Էրեբունի-Երևանի տոնի կապակցությամբ վերջապես մաքրվեց, բայց մաքրվեց ոչ ամբողջությամբ՝ գրության հետքերը դեռ պարզ երևում են:

Ի դեպ, այս արձանի վրա գրություններ առաջին անգամը չէ, որ հայտնվում են: Սպենդարյանի արձանի պատվանդանից անպակաս են լատինատառ գրությունները, որոնք ամեն անգամ յուրովի թարմացվում են, իսկ Թումանյանի արձանի պատվանդանի քարերի մի մասն ամիսներ շարունակ տեղում չէ: Պատվանդանի վերին հարթակը եզրագծող քարերի կեսն իրականում չի պակասում, պարզապես դրանք իրենց տեղում չեն: Օպերայում աշխատող պահակներից մեկը մեզ հայտնեց, որ քարերն այժմ դրված են արձանի ոտքերի մոտ: Ամիսներ են անցել այն օրից, երբ քարերը թափված են եղել գետնին․ պահակները, վտանգելով իրենց կյանքը, բարձրացել են աստիճանի վրա և քարերը դրել պատվանդանի վրա, որից հետո ահազանգել են տարբեր պաշտնյաների ու մինչև օրս սպասում են նրանց գալուն:

Հավանաբար «հերոսության» հեղինակները չգիտեն, որ իրենց արածը համարվում է վանդալիզմ և պատժվում է. «Շենքերը կամ այլ կառույցներն անպարկեշտ գրագրություններով կամ պատկերներով պղծելը, հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում գույքը վնասելը, եթե բացակայում են առավել ծանր հանցագործության հատկանիշները՝ պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով`առավելագույնը երկու ամիս ժամկետով» ( ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 260):6 Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը

Ինչո՞ւ են քաղաքի սրտում գտնվող հուշարձանների վրա հայտնված գրությունները մնում օրեր, շաբաթներ և նույնիսկ ամիսներ, ո՞ւր են ոստիկաններն ու հուշարձանների պահապանները: Այս հարցով դիմեցինք Ազատության հրապարակում աշխատող ոստիկաններին, որոնք ասացին, որ, այո, նման երևույթները համարվում են հանցագործություն, բայց այս «գլուխգործոցների» հեղինակները չեն պատժվել: Պատճառաբանեցին, որ իրենք ամբողջ օրը չէ, որ տվյալ վայրում են աշխատում, և հետո քաղաքում շատ արձաններ կան, ո՞ր մեկին հետևեն:

Մայրաքաղաքի տարբեր վայրերում աշխատող մի քանի ոստիկան հրաժարվեց պատասխանել հարցերին, մի քանիսն էլ խորհուրդ տվեցին այցելել Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն: Գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանն ասաց, որ տարիներ առաջ՝ Օպերայի տակ ավտոկանգառ կառուցելու ժամանակ, քարերն ապամոնտաժվել են, պահպանվել, ապա նորից տեղադրվել են: Հիմա նույն քարերը նորից ընկել են ու մի քանի ամիս է՝ չեն վերականգնվում, ինչի մասին նա տեղյակ չէր:

«Հուշարձանների մի մասը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է, իսկ հուշարձանները, որոնք ընդգրկված են Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակներում, միայն դրանք են մեր հսկողության տակ: Ազատության հրապարակի երկու արձանները գտնվում են քաղաքապետարանի հաշվեկշռում, պարզապես մենք դրանց հսկողությունն ենք իրականացնում»,- ասաց Սամվել Մուսոյանը, ապա հավելեց, - «Ի վիճակի չենք՝ ոչ պետը, ոչ ես, գնալ հսկել բոլոր հուշարձանները. 25 000 հուշարձան ունենք պետական ցուցակներում: Դա քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող գույք է, մենք ո՞նց կարող ենք մաքրել. մենք զգուշացնում ենք իրենց, մինչև իրենք մասնագետ են գտնում, հետո նյութաբանն է գալիս, որ տեսն՝ ինչ նյութով են արել․․․ Պետք է, որ այդ ամբողջ գործընթացն արվի, մենք չունենք նման միջոցներ, ոչ էլ նման մասնագետներ, մենք ահազանգում ենք, որ գան շտկեն»:

Մեր այցից մի քանի օր հետո նկատեցինք, որ գրությունը մաքրվել է, բայց, ցավոք, այն դեռ նկատելի է ու նույնիսկ բավական հեռվից: Ինչ վերաբերում է պատվանդանի քարերին՝ հուշարձաններ պահպանողները տեղյակ չէին, որ դրանք իրենց տեղում չեն: Նրանց գործը քաղաքապետարանին տեղյակ պահելն է, բայց ինչպե՞ս և ե՞րբ ահազանգեն, եթե նոր են իմանում քարերի բացակայության մասին:

Նկարները՝ հեղինակի

Աղբյուր՝ JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել