The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Մայիս 30, 2014
Կիբերհանցագործության հետքերով
Հասմիկ Համբարձումյան
Image source: Blogs.vancouversun.com

Հայաստանում քչերին է հայտնի, թե ինչ է նշանակում կիբերանվտանգություն: Այն որպես տերմին ավելի շատ կիրառվում է տեղեկատվության կամ ինֆորմացիայի անվտանգություն նշանակությամբ: Սակայն հանրության շրջանում վերջինիս կարևորությունը ևս գիտակցված չէ այնպես, ինչպես արևմուտքում: Նույնը կարելի է ասել կիբերհանցագործություն տերմինի մասին: Մինչդեռ աշխարհում կիբերհանցագործությունների թիվը վերջին տարիներին աճում է ամեն օր:   

Համաձայն Norton Cybercrime Report-ի ամենամյա հարցումների, որն իրականացվել է 24 երկրներում` յուրաքանչյուր վայրկյան համացանցի 18 չափահաս օգտատերեր դառնում են կիբերհանցագործության զոհ: Օրինակ` 2012 թ-ի տվյալների համաձայն` աշխարհում կատարված կիբերհանցագործություններից ֆիզիկական անձինք ընդհանուր առմամբ կրել են 113 միլիարդ դոլարի վնաս, իսկ 2011 թ-ին` 110 միլիարդ դոլարի վնաս:

Կիբերտարածությունում (էլեկտրոնային միջավայր, ուր տեղի են ունենում առցանց շփումներ և իրականացվում է էլեկտրոնային տվյալների փոխանակում) վնասների պատճառ են եղել ֆինանսական խարդախությունն ու գողությունը էլեկտրոնային համակարգերից, տվյալների անհետացումն ու դրանց կիրառումն այլ նպատակներով (որպես կանոն՝ սոցիալական ցանցերի պրոֆիլներից կամ էլեկտրոնային փոստի հաշիվներից) և այլն: Համաձայն նույն աղբյուրի` կիբերհարձակման պատճառած միջին վնասը մեկ օգտատիրոջ կտրվածքով 2013 թ-ին կազմել է մոտ 300 դոլար:

Կիբերհանցագործությունը համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցատեսակ է, որն իրականացվում է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ` տվյալների հափշտակության, վիրուսների տարածման նպատակով, ինչպես նաև համակարգչի միջոցով մանկական պոռնոգրաֆիա տարածելու կամ պահպանելու համար:

Հաշվարկված է, որ կիբերհանցագործությունների ավելի քան 80 տոկոսը կատարվում է լավ կազմակերպված գործողությունների արդյունքում, որոնք ներառում են համակարգչային վիրուսների ստեղծում, ներթափանցում և ցանցերի աշխատանքի համակարգում, անձնական եւ ֆինանսական տվյալների հավաքագրում և դրանց վաճառք սև շուկաներում:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատկապես զարգացած երկրների համատեքստում երիտասարդության շրջանում համակարգչի միջոցով ֆինանսական խարդախությամբ զբաղվելու մի նոր մշակույթ է ձևավորվում, քանի որ այլևս բարդ հմտությունների կամ գիտելիքների անհրաժեշտություն չկա կիբերհանցագործություն իրականացնելու համար:

Հայաստանի պարագայում, համաձայն պաշտոնական վիճակագրության, կիբերհանցագործությունը մեծ տարածում չունի, թեպետ այստեղ էլ թվերը տարեցտարի աճում են:

Հայաստանում համակարգչային անվտանգության դեմ ուղղված հանցագործություններով քրեական գործերի քննությունը կատարում են ՀՀ ոստիկանության՝ հետաքննություն և նախաքննություն իրականացնող ստորաբաժանումները: Իսկ դրանց նկատմամբ դատավարական ղեկավարում իրակա­նացնում են Հայաստանի գլխավոր դատախա­զության Հայաստանի ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցա­գործությունների գործերով վարչությունը:

Վարչության տրամադրած տվյալների համաձայն` 2013 թ-ին կիբերհանցագործության դեպքերով հսկողություն է իրականացվել ԱԱԾ-ում քննվող 130 քրեական գործերով: Նույն ժամանակահատվածում 39 քրեական գործի վարույթ ավարտվել է: 38 անձի նկատմամբ հարուցված 31 գործ ուղարկվել է դատարան:

204

«Կիբերհանցագործությունների գործերով հարուցված քրեական գործերի նախաքննության առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր երկրորդ քրեական գործով անհրաժեշտություն է առաջանում իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդություններով դիմել օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, որոնց պահանջների կատարումը պահանջում է որոշակի տևական ժամանակահատված»,- ասում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության դատախազ Բագրատ Ղազինյանը:

Նրա խոսքով` պակաս կարևոր չէ նաև այն, որ իրենց բնույթով, հանրային վտանգավորությամբ և տարածքային ընդգրկվածությամբ կիբերհանցագործությունները պետական սահմաններ չեն ճանաչում և հանցագործությունների շղթան կարող է տարածվել բազմաթիվ պետությունների տարածքներով, որոնք ունեն իրենց ինքնիշխանությունը, իրավական համակարգը և իրավասու պետական մարմինների համար պարտադիր բնույթ ունեցող համապատասխան օրենսդրական կարգավորումը, ինչը շատ դեպքերում կարող է չհամապատասխանել Հայաստանի ներպետական իրավական կարգավորմանը:

Վարչությունը 2013 թ. առաջին կիսամյակի ընթացքում դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացրել 19 նյութերով (2012-ին` 9-ի դիմաց), որոնցից 17-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 2-ով մերժվել է քրեական գործի հարուցումը: Հարուցված 17 գործերից 15-ը (2012-ին` 4-ի դիմաց) եղել են համակարգչային անվտանգության դեմ ուղղված կիբերհանցագործություններ:

2013 թ-ին 3 անձի նկատմամբ 3 քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ: Համեմատության կարգով, Ռուսաստանում, օրինակ, միայն 2013 թ. առաջին կիսամյակի ընթացքում  կիբերհանցագործության համար դատապատվել է 126 անձ:

Վերը նշված հանցագործությունները կատարած անձինք հիմնականում պատկանում են 18-ից 35 տարեկան տարիքային խմբին:

Հայաստանում կիբերհանցագործության հիմքով առաջին աղմկահարույց քրեական գործը եղել է 2012 թ-ին` ՌԴ քաղաքացի 31-ամյա Գեորգի Ավանեսովի դեմ, ով դատապարտվեց 4 տարի ազատազրկման: Համաձայն այս գործի, 2009-2010 թթ. Հայաստանում գտնվելով, Ավանեսովին հաջողվել էր կոտրել հակավիրուսային ծրագրերի Կասպերսկու համակարգը և հատուկ հարուցիչներով վնասաբեր ծրագրեր տարածելու միջոցով վարակել էր շուրջ 29 միլիոն համակարգիչ ողջ աշխարհում, որոնց մեջ պահվող տվյալները ապօրինի կերպով տնօրինելու հնարավորություն է ունեցել: Եվս 26 միլիոնի վարակումը հնարավոր է եղել կանխել: Ավանեսովին ձերբակալել էին 2010 թ-ի հոկտեմբերին օդանավակայանում` Հայաստանից մեկնելու փորձ կատարելիս, երբ արդեն գտնվում էր միջազգային հետախուզման մեջ:   

Մինչ այսօր էլ Ավանեսովի պաշտպան, կիբերհանցագործությունների գործերով մասնագիտացած փաստաբան Գեղամ Հակոբյանը յուրահատուկ է համարում Ավանեսովի գործը, քանի որ Հայաստանի իրավակիրառ պրակտիկայում դա առաջին դեպքն էր:

«Առհասարակ, նախադեպը չունեցող արարքներ էին վերագրվում իմ պաշտպանյալին, և հենց փորձի բացակայությունն էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված 4 տարբեր հոդվածներով միաժամանակ մեղադրանքներ էին առաջադրվել»,- JNews-ին ասում է փաստաբանը:

Դատաքննության արդյունքում Ավանեսովը մեղավոր էր ճանաչվել ընդամենը մեկ հոդվածով, որը, փաստաբանի գնահատմամբ, դարձյալ սխալ էր:

Կիբեր­հան­ցա­­գործությունների վերաբերյալ քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածներն ընդգրկված են ՀՀ քրեական օրենսգրքի՝ «Համա­կարգ­չային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագոր­ծությունների» վերաբերյալ 24-րդ գլխում (251-257-րդ հոդվածներ):

Բացի այդ, իրենց բնույթով կիբերհանցագործությունների թվին են դասվում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածով`«Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ», ինչպես նաև 263-րդ հոդվածի 2-րդ մասով`«Համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը», նախատեսված հանցագործությունները:

Սակայն փաստաբան Հակոբյանը կարծում է, որ կիբերհանցագործությունների վերաբերյալ հոդվածներում կան կոնկրետ նորմեր, որոնք չեն համապատասխանում իրավական որոշակիության չափանիշին և իրավակիրառ պրակտիկայում ստեղծում են անորոշություն և խառնաշփոթ, իսկ կոնկրետ դեպքերում հանգեցնում քրեաիրավական սխալ որակումների:

«Որևէ նորմով նշված չէ, թե ինչ կարելի է հասկանալ «ծանր հետևանքներ» հասկացության տակ: Օրինակ` գույքային հանցագործությունների դեպքում կան տարբերակումներ` զգալի, խոշոր, առանձնապես խոշոր չափերով, իսկ առողջությանը պատճառված վնասի դեպքում` թեթև, միջին և ծանր վնասվածքներ: Իսկ այս պարագայում նման որոշակիություն չկա, և ծանր հետևաք ասվածը, ինչպես քրեական օրենսգրքի որոշ նորմերում խիստ գնահատողական և հայեցողական է,», - ասում է փաստաբանը:

Իրավապահներն այս բնագավառում իրավական կարգավորման առումով կարևոր նշանակություն են տալիս նաև Եվրոպայի խորհրդի՝ 2001 թվականին ընդունած «Կիբեր­հանցա­­գոր­­ծությունների մասին» կոնվենցիային:

«Կարևոր է պատշաճ հետևողականությունը համակարգչային տեղեկատվության պահպանման նկատմամբ, որը դրսևորվում է ինչպես լիցենզավորված օպերացիոն ծրագրային ապահովումների ներդրմամբ, այնպես էլ համապատասխան հակավիրուսային ծրագրերի օգտագործմամբ», - ասում է Ղազինյանը:

Դատախազը ոչ պակաս կարևորում է նաև համակարգչային տեղեկատվության մատչելիության սահմանափակումը կոնկրետ անձանց շրջանակներում, որոնք իրավասու են տնօրինել, տիրապետել կամ օգտագործել այն՝ դրա նկատմամբ անհարկի միջամտություններից խուսափելու համար:

Փորձագետները հանգում են այն մտքին, որ որևէ երկիր պատրաստ չէ միայնակ պայքարելու կիբերհանցագործությունների դեմ և հաջողության հասնելու համար անհրաժեշտ է պետությունների, հանրության և բիզնես ոլորտի միասնական աշխատանքը:

Սույն հրապարակումը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից հրատարակվող «Համացանց և Իրավունք» հատուկ տեղեկագրի շրջանակում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին, և հնարավոր է` չհամընկնեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: «Համացանց և Իրավունք» տեղեկագրի բոլոր նյութերին ծանոթացեք այստեղ

Աղբյուր` JNews.am

Image source: Pushtechnology.com

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել