The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Մարտ 28, 2016
Մարզային հեռուստաալիքների մարտահրավերները` «Հրազդան»-ի օրինակով
Մարզային հեռուստաալիքների մարտահրավերները` «Հրազդան»-ի օրինակով
«Հրազդան» ՀԸ տնօրեն Մնացական Հարությունյան

Անալոգային հեռարձակումը Հայաստանում կդադարեցվի 2017 թվականի հուլիսի 1-ին: Այսպես է նախատեսում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այսօր երեւանյան ՀԸ-ները հեռարձակվում են թվային եղանակով, մինչդեռ մարզայինների պարագայում իրավիճակն այլ է:

Այս պահին յուրաքանչյուր մարզում թվային հեռարձակման արտոնագիր ունի միայն մեկ հեռուստաընկերություն: Նույն մարզում գործող մյուս հեռուստաընկերությունը (իսկ որոշ դեպքերում` մի քանիսը) շարունակում է հեռարձակվել անալոգային եղանակով` չունենալով արտոնագիր թվային հեռարձակման ցանցից օգտվելու համար: Սա նշանակում է, որ այդ հեռուստաընկերություններն անալոգային հեռարձակման դադարեցման պահից այլեւս եթերում չեն լինի:

Դրանցից է նաեւ Կոտայքի մարզում հեռարձակվող «Հրազդան» տեղական հեռուստաալիքը, որն ունի ավելի քան 25 տարվա եթերային պատմություն:

Ինչպես սիրում է ներկայացնել հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն Մնացական Հարությունյանը` «Հրազդանը» ստեղծվել է խորհրդային կարգերի փլուզման տարիներին: 1990թ-ից գործող «Հրազդան» ՀԸ-ը բացի անալոգային հեռարձակումից, հասանելի է նաեւ տվյալ տարածքի մալուխային փաթեթով: Ըստ տնօրենի, եթերային այս 25 տարիների ընթացքում «Հրազդանը» ունեցել է մշակութային, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական բնույթի հաղորդաշարեր:

Այսօր, ցավոք, ֆինանսական խնդիրների պատճառով սեփական հաղորդումների քանակը կտրուկ նվազել է, մինչդեռ ընկերության ամենածաղկուն շրջանում դրանց թիվը հասնում էր 40-ի:

Տնօրենի գնահատմամբ, «Հրազդանի» պոտենցիալ հեռուստադիտողների թիվը 200 հազարից ավելի է, եւ այն հասանելի է Կոտայքի մարզի բոլոր այն բնակավայրերում, որտեղ չի կասեցվում ալիքի հեռարձակումը աշխարհագրական ռելիեֆի պատճառով:

Մարզային հեռուստահեռարձակողին ուղղված մարտահրավերների, մասնագիտական խնդիրների ու եթերին վերաբերող այլ հարցերի շուրջ JNews.am-ի հարցազրույցը «Հրազդան» հեռուստաընկերության տնօրենի հետ:

- Ձեր ընկերության օրինակով կներկայացնե՞ք, որոնք են տեղական հեռուստահեռարձակողին ուղղված հիմնական մարտահրավերները, եւ ինչպե՞ս եք փորձում դիմագրավել դրանց:

 - Գլխավոր խնդիրը, որ առկա է, միայն տեղականին չի վերաբերում, այլ հայկական մամուլին ընդհանրապես: Մամուլը ծանր վիճակի մեջ է հայտնվել՝ հաշվի առնելով, որ իշխանությունները մամուլի ահազանգերին, հրապարակումներին ընթացք չեն տալիս: Իշխանությունները մամուլի հրապարակումներին, հասարակական կարծիքին քիչ են ուշադրություն դարձնում կամ հաշվի չեն նստում նրանց հետ: Օրինակ, մենք խնդիրներ ենք բարձրացնում, որ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր, հանցագործության տարրեր, սակայն ո՛չ տեղական իշխանությունները, եւ ո՛չ դատական մարմինները ուշադրություն չեն դարձնում:

Տեղական մակարդակում մենք քաղաքապետարանից պահանջում ենք, որ իշխանության ներկայացուցիչները մեր եթերի միջոցով պարբերաբար հանդես գան ժողովրդի առաջ: Հրավիրում ենք նրանց հարցազրույցների, ուղիղ եթերների, բայց վերջին շրջանում հրաժարվում են, հարցերին ընթացք չեն տալիս: Հիմնական խնդիրը դա է, որ ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ մամուլի դերը որպես 4-րդ  իշխանություն չի արժեւորվում: Սակայն դա չի նշանակում, որ մենք պիտի դադարեցնենք մեր աշխատանքը, մեր հրապարակումներն ու քննադատությունը: Մենք պետք է շարունակենք այնքան, մինչեւ քաղաքացիական եւ հասարակական կյանքի մեջ փոփոխություններ մուտք գործեն, ձեւավորվի քաղաքացիական հասարակություն, որտեղ ամեն մարդ  իր իրավունքի տերը կանգնի եւ իշխանություններից պահանջի հաշվի նստել իր իրավունքների  հետ:

- Անալոգային եթերի դադարեցումը ինչպե՞ս կազդի «Հրազդան» հեռուստաալիքի գործունեության վրա, եւ արդյոք կա՞ն նոր լուծումներ լսարանը պահպանելու կամ գուցե ընդլայնելու համար:

 - Երբ որ մրցույթներ հայտարարեցին մարզային հեռուստատեսություն ստեղծելու վերաբերյալ,  նախատեսեցին մարզային մեկ հեռուստատեսություն, ինչն ինքնին խախտում էր: Այսինքն ամբողջ մարզում մեկ կարծիք պիտի իշխի, բազմակարծության՝ ժողովրդավարության հիմնական սկզբունքի դեմ էր այդ որոշումը: Այսպես ուրեմն պետք է հանրապետությունում էլ մեկ հեռուստաընկերությունով կամ երկուսով բավարարվել: Իսկ ինչու՞ պետք է ժողովրդավարական երկիրը մամուլի ազատությունը կասեցնող որոշում կայացնի: Արդյունքում մրցույթը շահեց մեկը: Մեզ ասացին՝ դուք շարունակում եք ձեր գործունեությունը: Հետո ասացին, որ միայն մեկը պետք է թվայնացվի: Այսինքն, պետությունը սկսեց խտրականություն դրսեւորել. առաջացավ այն պրոբլեմը, որ տեղական հեռուստաընկերությունները հայտնվեցին վտանգավոր իրավիճակում: Հիմա անորոշ վիճակ է, մեզ ասում են՝ մենք պետք է գործենք այնքան, մինչեւ հայտարարեն նոր մրցույթներ թվային հեռարձակման համար:

Պետությունն ասում է՝ մասնավոր մուլտիպլեքսների հետ համագործակցեք եւ ձեր խնդիրը լուծեք: Բայց մենք համաձայն չենք դրա հետ: Մենք այսօր էլ պատրաստ ենք անցնել թվայնացման, բայց նույն պայմաններով, ինչպես թվայնացվում են արտոնագիր ստացած մարզային հեռուստատեսությունները: Պետությունը, եթե ստանձնել է այս հարցի լուծումը, ապա դա պետք է անի հավասար պայմաններով` առանց խտրականության: Խտրական վերաբերմունք դրսեւորելու իրավունք չունի: Սա սահմանադրական պահանջ է:

- Այսօր «Հրազդան» հեռուստաալիքը իր եթերում մեծ տեղ է տալիս հայկական լրատվական կայքերի պատրաստած հաղորդումներին եւ տեսանյութերի վերահեռարձակմանը: Ինչո՞ւ եք կարեւորում համացանցով տարածվող հաղորդումների վերահեռարձակումը ձեր հեռուստադիտողի համար:

 - Ինչ-որ տեղ փորձում ենք լրացնել այն,  ինչը որ մենք չենք կարող մեր ուժերով անել: Մենք ունենք մեր սեփական ծրագրերը, հաղորդումները, բայց նաեւ համագործակցում ենք «Ազատություն» ռադիոկայանի, «Ա1+»-ի, վերջերս նաեւ «Հ3»-ի, Գյումրիի «Գալայի», «Լոռի» ՀԸ-ների հետ: Հիմնականում ընտրում ենք լրատվական, մշակութային, քաղաքական, տնտեսական եւ ժամանցային հաղորդումներ, որ համընկնում են մեր ծրագրային քաղաքականությանը: Համացանցն էլ շատ հարուստ նյութեր է տալիս: Դա էլ է մեզ համար ինֆորմացիայի աղբյուր: Բայց կարեւորը, որ աշխատում ենք հեռուստադիտողի համար: Նրա պահանջները բավարարելու, նրա խնդիրները լուծելու, նրան օգնելու եւ ամենակարեւորը հասարակական կարծիք ձեւավորելու համար:

- Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ որքան փոքր է լրատվամիջոցի լսարանը, այնքան հեշտ է դրա վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը: Արդյոք մեծ ֆինանսական ռեսուրսներն ապահովո՞ւմ են լրատվամիջոցի անկախությունը:

 - Հայաստանի պայմաններում սեփական հեուստատեսային միջոցներ հայթայթելը  գրեթե անհնարին է դարձել, քանի որ տնտեսական ճգնաժամի այս պայմաններում չենք կարող միայն մեր միջոցներով գոյատեւել: Դրա համար ինչքան հնարավոր է գովազդով ենք եկամուտ ապահովում, մնացածը համագործակցելով տարբեր ՀԸ-ների հետ: Կան կազմակերպություններ, որոնք դրամաշնորհներ են հատկացնում: Եթե հայտնվում է որեւէ ներդրող, բայց պայման է դնում, որ ուղղորդի մեր հաղորդումները, մենք հրաժարվում ենք: Մեզ նման ֆինանսներ պետք չեն: Մենք ազատ պիտի լինենք: Մեկ հոգու համար, թե հարյուրի, նույն հաղորդումն ենք հեռարձակում: Մենք միշտ ունեցել ենք մեկ սկզբունք. չենք վաճառվում եւ չենք վաճառում մեր սկզբունքները, եւ ֆինանսը դրա հետ ամենեւին կապ չունի:

- Թվային հեռարձակման տարածմանը զուգահեռ խոշոր ՀԸ-ներն ընդլայնեցին իրենց հեռարձակման ծածկույթը ողջ հանրապետությունով` թուլացնելով տեղական հեռարձակողի դիրքն ու ազդեցությունը: Մյուս կողմից համացանցից օգտվողների թիվը կտրուկ աճում է, եւ այն նույնպես ողջ Հայաստանում դառնում է տեղեկատվություն ստանալու այլընտրանքային միջոց: Ո՞րն է թվային դարաշրջանում տեղական հեռարձակողի դերն ու նշանակությունը:

 - Մեր հիմնական խնդիրը տեղի բնակչի հետ աշխատելն է: Տեղական հեռուստադիտողին տալ այն ինֆորմացիան, որը նա չի ստանում այլ հեռուստաընկերություններից` ո՛չ երեւանյանից, ո՛չ համացանցից, ո՛չ որեւէ այլ տեղից: Մարդն առաջին հերթին իր շուրջն է նայում եւ առաջին հերթին իր ինֆորմացիան է կարեւորում, հետո նոր դրսինը: Այդ իմաստով երբեք էլ տեղական ՀԸ-ները չեն կորցնի իրենց այժմեականությունը եւ իրենց դերը: Բնակչությունը նույնպես առաջինն իր տեղական լրատվամիջոցին է հետեւում, վստահում եւ փնտրում: Այդ տեսակետից մենք ունենք անսպառ հնարավորություն մեր հեռուստադիտողների հետ մտերմիկ, անկեղծ, շիտակ աշխատանքի համար:

- «Հրազդան» հեռուստաալիքի ապագան հինգ տարի անց:

 - Ես, անշուշտ, կարծում եմ, որ ինչպիսին մեր երկրի ապագան լինի, նույնը եւ մեր ապագան կլինի: Մենք աշխատում ենք հեռուստադիտողի համար, հետեւաբար մեզ պահողը հեռուստադիտողն է իր գովազդով, իր պահանջներով, ցանկություններով, ինչու չէ նաեւ ֆինանսական աջակցությամբ: Իհարկե, տեսնում եմ ավելի լավ հեռուստաընկերություն: Մենք ավելի լավն ենք եղել եւ եթե կենսունակ չլինեինք, չէինք կարող 25 տարի գոյություն ունենալ: Քիչ թոհուբոհով չենք անցել: Կանցնեն նաեւ այս ծանր, դժվարին օրերը, եւ կունենանք ավելի լավ ապագա, քան հիմա է, նոր գաղափարներ, նոր հաղորդումներ, կյանքը կգնա վերընթաց:

Հարցազրույցը` Գրետա Սարգսյանի

 


Կարդացեք նաև` Գրիգոր Ամալյան. «Սարք ունենալ-չունենալը դիտեք որպես սեփական հայեցողություն, ոչ թե իրավունքի սահմանափակում»


 

 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել