ԼՀԱ Լուրեր
Դեկտեմբեր 23, 2013
Կայացավ «Լավագույնը ցանցում» ուղեցույցի շնորհանդեսը
Կայացավ «Լավագույնը ցանցում» ուղեցույցի  շնորհանդեսը

Դեկտեմբերի 23-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Լավագույնը ցանցում» առցանց լրագրողի ուղեցույցի շնորհանդեսը` հրատարակված «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Ուղեցույցը լրագրողներին եւ քաղաքացիական թղթակիցներին տրամադրում է լրագրողական, իրավական եւ տեխնիկական գիտելիքներ համացանցի հնարավորություններից գրագետ օգտվելու եւ տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ձեւով կազմակերպելու համար:

Այն բաղկացած է վեց մասից եւ ներկայացնում է փոխակերպվող լրագրության ազդեցությունը տեղեկատվության մատուցման վրա, քննարկում է թվային դարաշրջանում լրագրողի դերը եւ հուշում է առցանց տիրույթում նյութերի մատուցման նոր ձեւաչափեր:

«Ուղեցույցը նաեւ մանրամասն անդրադառնում է համացանցում ազատ արտահայտվելու սահմաններին ու հեղինակային իրավունքի պաշտպանությանը: Սա այն թեմաներն են, որոնք ակտիվ քննարկվում էին ողջ տարվա ընթացքում»,- ասում է գրքի խմբագիր եւ համահեղինակ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:

«Ակնկալում ենք, որ ուղեցույցը կիրառական նշանակություն կունենա ինչպես գործող լրագրողների, այնպես էլ ուսանողների համար, քանի որ սա աշխատանքային գործիք է, որն անհրաժեշտ է օգտագործել ամենօրյա գործունեության ընթացքում»:

Ուղեցույցի համահեղինակներ են նաեւ «Հետք» ինտերնետային թերթի փոխխմբագիր Լիանա Սայադյանը, իրավաբաններ Արա Ղազարյանը եւ Գեւորգ Հայրապետյանը, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ուղեցույցի ձևավորումը Հրաչ Շահվերդյանի:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը շնորհանդեսին իր բացման խոսքում նշեց. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սուրեն Դեհերյանին եւ «Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպությանն այս գիրքը մշակելու համար: Հաշվի առնելով, որ առցանց տիրույթը շարունակական զարգացում է ապրում` այնպիսի գործիքներ, ինչպիսին այս գիրքն է, անհրաժեշտ են, որպեսզի լրագրողները կարողանան իրազեկ լինել այդ զարգացումներին»:

Այս միջոցառմամբ ԼՀԱ-ն ամփոփեց իր «Առցանց ԶԼՄ-ների ինքնակարգավորում» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպել էր «Առցանց ԶԼՄ-ների խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում» երկօրյա սեմինար, ինչպես նաեւ «Հեղինակային իրավունքի հիմնախնդիրներն առցանց ԶԼՄ-ներում. օրենք եւ ինքնակարգավորում» խորագրով երեւանյան համաժողովը: Ծրագրի շրջանակներում ստեղծված փորձագիտական խումբը նաեւ ուսումնասիրել եւ առաջարկներով հանդես է եկել այս տարի Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը սեպտեմբերի 30-ին ընդունվեց միաձայն:

«Լավագույնը ցանցում» ուղեցույցն ունի նաեւ էլեկտրոնային տարբերակ, որը տեղադրված է այստեղ:

Լուսանկրաների հեղինակ Սոնա Սիմոնյան:

Միջոցառման լուսանկարները տեղադրված են ԼՀԱ-ի ֆեսյբուքյան էջում` https://www.facebook.com/jnewsarmenia:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք info@jnews.am էլ.հասցեով:

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.